Jump to content

Դոնի Ռոստովի տիեզերագնացության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնի Ռոստովի տիեզերագնացության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրվել է2009
Քարտեզ
Քարտեզ

Դոնի Ռոստովի տիեզերագնացության թանգարան (ռուս.՝ Ростовский музей космонавтики), «Վերտիկալ» գիտակրթական համալիրի ստորաբաժանումներից մեկը։ Գտնվում է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։

Հասցեն՝ Դոնի Ռոստով, Ստաչկայի պողոտա, 231/2։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հանդիսավորությամբ բացվել է Դոնի Ռոստով քաղաքում 2009 թվականի սեպտեմբերին։ Բացումը նվիրված է եղել տիեզերական սարքաշինության «Քվանտ» գիտաարտադրական ձեռնարկության հիմնադրման 30-ամյակին։ Թանգարանը ստեղծվել է գլխավոր տնօրեն և գլխավոր կոնստրուկտոր, գիտությունների դոկտոր, ակադեմիկոս և Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի փոխնախագահ, ՌԴ վաստակավոր կոնստրուկտոր Վյաչեսլավ Մոտինի նախաձեռնությամբ։ Տիեզերագնացության թանգարանի առաջին էքսկուրսիան անցկացրել է Դոնի բնակիչ, տիեզերագնաց-օդաչու, Ռուսաստանի հերոս Յուրի Ուսաչովը։

Թանգարանի ցուցադրությունում առկա են բազմաթիվ ցուցանմուշներ՝ տիեզերական տեխնիկայի նմուշներ, տիեզերագնացների անձնական իրեր, կոստյումներ, սկաֆանդրներ, արխիվային փաստաթղթեր, տիեզերանավերի կողմնորոշման սարքեր, կապի արբանյակների մանրակերտներ, հրթիռների և մոդուլների նավիգացիոն սարքեր, թեմատիկ լուսանկարներ, գրքեր և տպագրական այլ արտադրանք, դրամներ, նամականիշեր, մրցանակներ, արխիվային փաստաթղթեր և տիեզերանավերի հնարավոր բոլոր տեսակների մանրակերտներ։ Թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ օդաչուների սննդամթերքի նմուշներին, դրանք պահպանելու համար նախատեսված թիթեղյա պարկուճներին և պլաստիկ փաթեթներին (ներկայումս հեղուկ մթերքի համար օգտագործում են պլաստիկ տոպրակներ)։

Ընդհանուր առմամբ թանգարանում պահվում է ավելի քան 400 առարկա։

Հատուկ ուշադրության են արժանի «Սոյուզ» տիեզերանավի տարրերը, ինչպես նաև գործիքակազմը, որն օգտագործում են տիեզերագնացները Երկրի ուղեծրում աշխատելիս, և արտակարգ իրավիճակների համար նախատեսված նրանց հանդերձանքը, օրինակ՝ «Ֆորել» սկաֆանդրը։ Այն օգտագործվում է ջրի մեջ չպլանավորված վայրէջք կատարելիս։ Մարդը կարող է նրա մեջ մնալ մինչև 5 օր առանց ցրտահարվելու վտանգի։

Ցուցադրության կենտրոնական դիրքը զբաղեցնում է Միջազգային տիեզերակայանի 15-րդ արշավախմբի այցելության «Սոյուզ ՏՄԱ-10» տիեզերական իջեցվող սարքը։ Այն թանգարանին հանձնվել է «Ռոսկոսմոս» պետական ձեռնարկության կողմից։ Սարքը հետագայում վերականգնվել է և թանգարանի աշխատակիցների կողմից վերափոխվել մարզասարքի, որը թույլ է տալիս մոդելավորել տիեզերանավերի տարբեր մանևրներ։ Սա միակ գործող մոդելն է ՌԴ Հարավային դաշնային տարածաշրջանում։

Բացի թանգարանի ցուցանմուշները դիտելուց, այցելուները կարող են փորձարկել հենասարքը, որում տիեզերագնացները գտնվում են մեկնարկի և վայրէջքի ժամանակ, կատարել երևակայական թռիչք տիեզերք և դիտել վավերագրական ֆիլմ ուղեծրում մարդկանց կյանքի և աշխատանքի մասին։

Թանգարանը զբաղվում է լայն գիտահետազոտական և մշակութային-լուսավորչական գործունեությամբ։ Այնտեղ հաճախ կազմակերպվում են կրթական-ժամանցային միջոցառումներ տիեզերքի հետ կապված թեմաներով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնի Ռոստովի տիեզերագնացության թանգարան» հոդվածին։