Դիֆրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլլոնը՝ դիֆրոսին նստած (մ. թ. ա. մոտավորապես 460 թվական)
Հռոդոսի մերձակայքից պեղված դամբանասյան քանդակ (մահացած աղջկա ոգին նստած է դիֆրոսի վրա, նրա առջև կանգնած է սիրած երիտասարդը, որը հենց դամբանի պատվիրատուն է )

Դիֆրոս (հունարեն՝ Δίφρος), հին հույների և հռոմեացիների կողմից գործածված թեթև աթոռակ՝ առանց թիկնակի, չորս ձևավոր ոտքերով։ Հռոմեացիներն այն անվանել են sella: Հեշտությամբ այն կարելի էր տեղից տեղ տանել և առօրյայում լայնորեն գործածվող առարկա էր։ Պարթենոն տաճարի ֆրիզի քանդակներում աստվածները նստած են հենց դիֆրոսների վրա։ Այդպիսի աթոռակներ էին օգտագործում նաև կանայք իրենց տներում։

Աթոռակների ոտքերը տեղադրվում էին ուղղահայաց կամ խաչաձև։ Վերջինիս դեպքում աթոռակը կարող էր լինել ծալովի։ Ծալովի աթոռակը կոչվում էր δίφρος ὀκλαδίας՝ դիֆրոս օկլադիս։ Նստատեղը պատրաստվում էր խաչաձևվող գոտիներից։

Ծալովի աթոռակի կառուցվածքը հույները փոխ էին առել հին եգիպտացիներից։ Տարբերությունն այն էր, որ վերջիններս ծալովի աթոռակի ոտքերը սովորաբար փայտե ուղղահայաց ձողերից էին պատրաստում, իսկ հին հույները դրանց գազանների թաթերի ձև էին տալիս[1]։

Դիֆրոս էին կոչվում նաև մարտակառքերի թամբաձև զույգ կանգնակները, որոնցից մեկի վրա կանգնում էր մարտակառքը վարողը՝ ἡνίοχος-ը (հենիոկոսը), իսկ մյուսին՝ ռազմիկը παραιβάτης-ը (պարաիբատեսը)։

Դիֆրոս կոչվող այս առարկաները ընդամենը մի փոքրիկ մասն էին կազմում հնագույն այն կահ-կարասու, որ վկայված է այդ ժամանակաշրջանի տեքստերում ու պատկերներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Christopher Payne Sotheby's Concise Encyclopedia of Furniture. — Conran Octopus, 1989. — P. 15-16. — 208 p. — ISBN 1-85029-049-9 (անգլ.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Handbook of Greek Art [1] by Gisela M. A. Richter
  • Hesperia [2] by American School of Classical Studies at Athens
  • Diphros (furniture)[3] Encyclopædia Britannica
  • Furniture of Ancient Greece [4] by A. Whitham
  • Daidalos and the Origins of Greek Art [5] by Sarah P. Morris
  • Diphros in Google Images
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիֆրոս» հոդվածին։