Դագմար Օվերբյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դագմար Օվերբյու
Ծննդյան ամսաթիվապրիլի 23, 1887(1887-04-23)
ԾննդավայրAssendrup, Horsens Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
Մահվան ամսաթիվմայիսի 6, 1929(1929-05-06) (42 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
Պատիժցմահ բանտարկություն
Սպանություն

Դագմար Յոհանա Ամալյա Օվերբյու (ապրիլի 23, 1887(1887-04-23), Assendrup, Horsens Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա - մայիսի 6, 1929(1929-05-06), Կոպենհագեն, Դանիա), դանիացի սերիական մարդասպան։ Յոթ տարվա ընթացքում սպանել է 9-25 երեխայի։ Համարվում է Դանիայի խոշորագույն սերիական մարդասպանը։ Տունը, որտեղ նա ապրել և սպանություններ է գործել, մինչև այժմ գոյություն ունի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դագմա Օվերբյուն ծնվել է ագարակատերերի ընտանիքում։ Առաջին անգամ հանցագործություն է գործել 12 տարեկան հասակում, ինչի արդյունքում նրան տեղափոխել են ուղղիչ հաստատություն, բայց երեք տարի հետո վերադարձրել են ծնողներին, որոնք այդ ժամանակ ապրում էին Օրհուսում։ Դագմար Օվերբյուն ընդունվել է աշխատանքի որպես գրասենյակային ծառայող, բայց շուտով՝ 1909 թվականին, մեղադրվել է գողության մեջ և առաջին անգամ ընկել է բանտ Ֆյուն կղզում։ Ավելի ուշ ընդունվել է աշխատանքի ռեստորանում, որտեղ հղիացել և ծննդաբերել է իր առաջին երեխային։ Այդ երեխան խորհրդավոր պայմաններում մահացել է։ Հաջորդ երկու տարիների ընթացքում ունեցել է երկու երեխա երկու տարբեր տղամարդկանցից՝ գործակալից, որի հետ ամուսնացած է եղել մի քանի ամիս, և ագարակում աշխատող բանվորից։ Նա հետագայում պնդել է, որ այս երեխաներից երկրորդին սպանել է (այսինքն՝ իբր ինքն իր առաջին սպանությունը կատարել է 1913 թվականին)։ 1915 թվականին ունեցել է ևս մեկ երեխա և տեղափոխվել Կոպենհագեն, որտեղ հիմնել է հրուշակարան։ Այնտեղ նա հանդիպել է մի հնոցապանին, որից նույնպես երեխա է ունեցել, որն անհայտ պատճառներով մահացել է։ Արդյունքում կենդանի են մնացել միայն երկու երեխա՝ 1912 և 1914 թվականներին ծնված Էրենա Մարիան և Պաուլը[2]։

Սպանություններ և կալանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սպանությունը տեղի է ունեցել 1916 թվականին Յագերսբորգադի իր տանը։ Օվերբյուն գովազդային կազմակերպության շնորհիվ ծանոթացել է մի կնոջ հետ, որի երկրորդ երեխան ծնվել է ապօրինի։ Դագմարն առաջարկել է ժամանակավորապես խնամել նրան՝ դրա դիմաց ստանալով 12 կրոն։ Նույն օրը նա խեղդամահ է արել երեխային և գցել Ասիստենս գերեզմանոցի զուգարանը։ Դատի ժամանակ նա ասել է, որ չգիտի՝ ինչի համար է սպանել նրան։ Հետագա տարիների ընթացքում նա սպանել է առնվազն յոթ, ավելի հավանական է՝ ավելի շատ երեխաների։ Դագմարը դատարանում խոստովանել է, որ սպանել է 16 երեխա, բայց դատարանը գտել է միայն 9 սպանության ապացույց, ընդ որում՝ զոհերից մեկը եղել է Դագմարի երեխան։

Դագմա Օվերբյուն հայտարարությունների միջոցով երեխաներին ստացել է այն հուսահատ ծնողներից, որոնք ցանկացել են խուսափել խայտառակությունից, իսկ ծնողները կատարել են վճարումներ ժամանակավոր խնամակալաության, ապա երեխաներին հարուստ ընտանիք տեղափոխելու համար։ Սովորաբար Դագմարը նույն օրն սպանել է այդ երեխաներին։ Նա հիմնականում խեղդամահ կամ ջրահեղձ է արել նրանց, ապա կա՛մ վառում, կա՛մ թաղել, իսկ երբեմն էլ թաքցրել է ձեղնահարկում։ Բերված երեխաներից մեկը ողջ է մնացել, քանի որ Դագմարին 1918-1919 թվականներին գողության համար ազատազրկել են։

Դագմար Օվերբյուի հանցավոր գործունեությունը բացահայտվել է 1920 թվականին, երբ իր երեխային բերած մի երիտասարդ մայր մտափոխվել է և մի քանի օր հետո վերադարձել, որպեսզի հետ վերցնի նրան։ Դագմարը երեխային վերադարձնելու նրա խնդրանքին ի պատասխան տվել է ինչ-որ անհասկանալի պարզաբանումներ, թե ինչու չի կարող վերադարձնել երեխային։ Այս ամենը մոր մոտ կասկածներ է առաջացրել, և մայրը դիմել է ոստիկանություն։ Երեխայի դին գտնվել են թոնրում՝ վառված վիճակում։ Դատական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Դագմարն օգտագործել է լիգրոին և սպանության ժամանակ նույնպես գտնվել է դրա ազդեցության տակ[3]։ Նա ոստիկանությունում նկարագրվել է որպես ստախոս, բայց ոչ խելագար, և ոստիկանությանը չի հաջողվել գտնել սպանության իրական մոտիվներ։ Դագմարին քննել են երկու օր։ Դատախազը պահանջել է դատապարտել Դագմարին դիտավորյալ սպանության համար, իսկ Դագմարի դատապաշտպանը հայտնել է, որ Դագմարը միայն «գործիք է, որը փոփոխվող հասարակության մեջ զբաղեցնում է անտարբեր մայրերի տեղը»։ Նա ժխտում է, որ Դագմարը դիտավորյալ է սպանել երեխաներին և նույնիսկ հայտնել է, որ հնարավոր է՝ Դագմարի հանցագործությունների պատճառը եղած լինեն մանուկ հասակում տեղի ունեցած նվաստացումները և դավաճանությունները։ Սակայն նրա խոսքը ոչ մի ազդեցություն չի ունեցել դատարանի վրա և Դագմարն 9 երեխաների սպանության մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Այս դեպքերից հետո՝ 1923 թվականին, Դանիայում ընդունվել է օրենք ապօրինի երեխաների վերաբերյալ, որը Դանիայում գործել է մինչև 1965 թվականը[4]։

Դագմա Օվերբյուն կյանքի վերջին երկու տարիներն անցկացրել է հոգեբուժարանում, որտեղ էլ մահացել է 1929 թվականին[5]։ Նրա մահվանից մեկ տարի անց Դանիայում չեղարկվել է մահապատիժը։

Քաղաքակրթության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականին Դագմար Օվերբյուի կյանքի մասին գրվել է վեպ Englemagersken վերնագրով[6][7]։
  • 2009 թվականին Leæther Strip խումբը ձայնագրել է Դագմարին նվիրվա երգերի ալբոմ[8]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Karen Søndergaard Koldste Englemagersken : Dagmar Overby. — Forlaget Kallisto, 2007. — ISBN 87-990521-2-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vores bygning»։ EF Enghavevej 13-29։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-08-10 
  2. "Dagmar Overby (1887 – 1929)"
  3. Ondskabens fristelse
  4. Barnemordersken Dagmar Overbye | Nyhederne.tv2.dk
  5. «DRABSSAGER - 1920 - 1929 - Drabssager i Danmark»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-18-ին։ Վերցված է 2014-05-18 
  6. Forlaget Kallisto, Englemagersken
  7. «Englemagersken»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-03-ին։ Վերցված է 2014-05-18 
  8. «New LEAETHER STRIP album "Aengelmaker" in pre-order now !»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2014-05-18