Գևորգ Վարդան
| Գևորգ Վարդան | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
|---|---|
| Ծննդյան օր | 1969 |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Քաղաքացիություն | |
Գևորգ Վարդան (պարս.՝ گئورک وارطان, 1969, Թեհրան, Իրան), իրանահայ քաղաքական գործիչ։ Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավոր ԻԻ խորհրդարանի 7-րդ և 8-րդ նստաշրջաններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Վարդանը ծնվել է 1969 թվականին Թեհրանում։ Նախնական կրթությունը ստացել է Քուշեշ-Վաչե Հովսեփյան, Ալիշան և Քուշեշ-Մարիամ դպրոցներում։ 1991 թվականին ճարտարագետի որակավորում է ստացել Գիտության և արդյունաբերության համալսարանից, նյութաբանական ճարտարագիտության մագիստրոսի աստիճան ստացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից։ Ուսանողական տարիներին աշխատակցել է գիտակահետազոտական կենտրոնների հետ, հեղինակել է բազմաթիվ հոդվածներ։
Աշխատել է ավտոշինության բնագավառում, եղել է Իրանի «Անսխալ արտադրության» իրագործման առանցքային ձեռնարկությունների մատակարարման շղթայի տնօրեն, վերահսկել է 60 իրանական և արտասահմանյան արտադրական միավորումների աշխատանքների գործընթացը։ 1981 թվականից անդամակցել է հայկական մշակութային «Արարատ» կազմակերպության մարմնակրթական և երեցների միություններին, եղել է հայկական հարցերի ուսումնասիրության «ՀՈւՍԿ» վարչության անդամ[1]։
1999 թվականին, որպես իրանահայ համայնքի պատվիրականության անդամ, մեկնել է Հայաստան և Արցախ, մասնակցել է Արցախյան ազատամարտի տասնամյակի հանդիսություններին։ Իրանահայ պատվիրակության կազմում Երևանում մասնակցել է Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներին։ 2000 թվականին ընտրվել է Թեհրանի Հայոց թեմի 12-րդ շրջանի պատգամավորական ժողովի անդամ, որի կազմում 2003 թվականից ծառայել է ժողովի 2-րդ ատենապետի պաշտոնում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012