Գյուղատնտեսության ինդուստրացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսության ինդուստրացում, գյուղատնտեսության նյութատեխնիկական հենքի վերակառուցում, ագրարային աշխատանքն աստիճանաբար արդյունավետության տարատեսակի վերափոխումն ապահովող մեքենաների համակարգերի և գյուղատնտեսության արտադրության մեջ արդյունավետ տեխնոլոգիաների աստիճանաբար ներդրման միջոցով։ Տեխնիկական առաջընթացի հիմնական ուղղություններից է։ Ինդուստրացման նպատակը գյուղատնտեսության արտադրանքի ծավալների ավելացումն ու տնտեսության արդյունավետության բարձրացումն է՝ արտադրության համալիր մեքենայացման ու ավտոմատացման և դրա հետ կապված բնակենսաբանական և սոցիալ-տնտեսական գործընթացների (կենդանիների և բույսերի ընտրասերում, հողբարելավում, արտադրության համակենտրոնացում և մասնագիտացում և այլն) հետևանքով աշխատանքի արտադրողականության աճի հաշվին։ Ինդուստրացման արդյունքում աստիճանաբար նվազում է գյուղատնտեսության կախվածությունը բնակլիմայական պայմաններից, չափավորվում բուսաբուծության ու անասնաբուծության արտադրության սեզոնայնությունը և միօրինակությունից շեղումները։ Ինդուստրացում տեխնիկական առաջընթացի և սահմանափակ բնական պաշարների պայմաններում առավել բարձր արդյունքի ապահովման հիմնական միջոցն է։

Գյուղատնտեսության ինդուստրացում ՀՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացիների տնտեսությունների փոքր չափերի և խիստ մասնատված հողակտորների պայմաններում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառությունը լուրջ դժվարությունների է հանդիպում։ Ավելին, մի կողմից գյուղատնտեսության տեխնիկայի անբավարարությունը, ծայրաստիճան բարձր մաշվածությունը, մյուս կողմից փոքր տնտեսություններում դրանց ոչ արդյունավետ շահագործումը, խոչընդոտում են ճյուղի ինտենսիվության մակարդակի բարձրացմանը։ Այդ խնդրի լուծման նպատակով «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010–20 թվականների կայուն զարգացման ռազմավարության» մեջ մշակված են ՀՀ գյուղատնտեսության Ինդուստրացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնադրույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։