Գյուղատնտեսական կենդանիների ներքնակազմվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
La_Vacca_-_Regioni_Esterne_del_Corpo,_Scheletro,_Sistema_Vasale,_Muscoli,_Organi_Interni_-_DPLA_-_92d19cca0d378d99de89db03b1e2ba0d_(page_2)

Գյուղատնտեսական կենդանիների ներքնակազմվածք, գյուղատնտեսական կենդանիների[1] ներքին օրգանների և հյուսվածքների ներքին կառուցվածքը (անատոմիական և հյուսվածաբանական), օրգանիզմների կենսաքիմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները՝ կապված դրանց մթերատվության և տոհմային որակների հետ։

Կենսաբանական ուսմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական կենդանիների ներքնակազմվածքի մասին ուսմունքը գյուղատնտեսական կենդանիների մարմնակազմվածքի մասին ուսմունքի բաղկացուցիչ մասն է։ Այն ծագել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին ռուս գիտնականներ Պ. Ն. Կուլեշովի, Ե. Ֆ. Լիսկունի, եվրոպացի գիտնականներ Կ. Մալսբուրգի, Ու. Դյուրստի, Կ. Կրոնախերի և ուրիշ աշխատանքներով։ Պարզվել է, որ տարբեր տիպերի մարմնակազմվածք ունեցող և մթերատվության տարբեր ուղղության կենդանիներն զգալիորեն տարբերվում են իրենց ներքնակազմվածքի շատ ցուցանիշներով։ Մսատու կենդանիների համեմատ կաթնատու անասունների մոտ ավելի լավ են զարգացած կաթնագեղձերը, մարսողության, շնչառության օրգանները, արյան շրջանառությունը, վահանագեղձը, հիպոֆիզը, առավել զարգացած են մաշկի արտաքին շերտերը, ավելի քիչ՝ են թամաշկային բջջաշերտը (շարակցական հյուսվածք), մաշկում ավելիշատ են քրտնա- ու ճարպագեղձերը, ավելի խիտ է մազածածկույթը, արյան միավոր ծավալում ավելի քիչեն էրիթրոցիտներն ու հեմոգլոբինը, սակայն կենդանի զանգվածի 1 կգ-ն ավելի շատ արյուն և արյան կարևորագույն տարրեր է պարունակում, ավելի ցածր է արյան ճնշումը, հաճախակի են շնչառությունն ու անոթազարկը, ավելի ակտիվ է նյութափոխանակությունը։ Նման կարգի տարբերություններ կան նաև արագաքայլք և վարգաձիերի ներքնակազմվածքի ցուցանիշների միջև։ Ներքնակազմվածքի ցուցանիշների և մթերատվության ուղղության ու մարմնակազմվածքի տիպերի միջև կապերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ընդլայնել մթերատվության կենսաբանական հիմքերի մասին գիտելիքները, կանխատեսել կենդանու մթերատվությունը դեռ վաղ տարիքից, ավելի ճշգրիտ գնահատել դրանց՝ ըստ մարմնակազմվածքի և տոհմային որակների, այդ ցուցանիշների ժառանգականության։

Սահմանված են համահարաբերակցական գործակիցներ՝ օրինակ՝ արյան և պլազմայի հարաբերական բաղադրության (կենդանի զանգվածի միավորի հաշվով) և կաթնատվության միջև, վահանագեղձի թիրօքսին հորմոնում յոդի պարունակության, ինչպես նաև բարձրագույն նյարդային գործունեության տեսակի և կաթնատվության, արյան մեջ լիպիդային բաղադրիչների պարունակության և կաթի յուղայնության, էրիթրոցիտների ցուցանիշների և ձիերի արագավազության, արյան շիճուկի սպիտակուցային կազմի և խոզերի վաղահասության, հավերի արյան շիճուկում հիմնային ֆոսֆատազի և ֆոսֆոլիպիդների պարունակության ու ձվատվության, հավի ճտերի և խոճկորների վահանագեղձի ակտիվության ու աճման էներգիայի, ոչխարների մաշկի կառուցվածքի և բրդի երկարության ու բարակության միջև և այլն։

Ուսումնասիրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին նախկին ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Շվեդիայում, նախկին Չեխոսլովակիայում և այլ երկրներում գյուղատնտեսական կենդանիների հետազոտությունների տարածված օբյեկտ էին արյան խմբերն ու ժառանգականությամբ պայմանավորված արյան, կաթի և ձվի սպիտակուցների տիպերը։ Ուսումնասիրվել են դրանց ժառանգման բնույթն ու կենդանիների մթերատվության և վերարտադրողական գործառույթների միջև կապը։ Պարզվել է, որ կենդանիների կյանքի ընթացքում արյան խումբն ու անհատական սպիտակուցների տիպը չեն փոխվում։ Արյան խմբերի և սպիտակուցների տիպերի մասին տեղեկությունների կուտակումը հնարավորություն է տալիս վերահսկել կենդանիների ծագումը, տարբերել միաձվածին և երկձվածին երկվորյակներին, ուսումնասիրել ցեղերի կառուցվածքը, դրանց ծագումն ու փոխադարձ կապը (որը հատկապես կարևոր է հին ծագում ունեցող ցեղերի համար), ներցեղային խմբերի առանձնահատկությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Домашние животные // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։