Գենետիկայի զարգացման պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգոր Մենդել

Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասւրում է ժառանգականության և փոփոխականության օրենքները։ Մարդիկ դեռ հնուց գիտակցել են, որ օրգանիզմների հատկություններն ու հատկանիշները փոխանցվում են սերդեսերունդ, սակայն դարեր շարունակ չեն կարողացել պարզաբանել դրանց ժառանգման օրինաչափությունները։ Գենետիկայի հիմնադիրը չեխ գիտնական Գրեգոր Մենդելն է, ով 1860-ական թվականներին առաջինը մշակեց գենետիկական հետազոտությունների մեթոդները՝ սկզբնավորելով ապագա գիտության զարգացման առաջին փուլը։ Նա ցույց տվեց, որ օրգանիզմների հատկանիշները որոշվում են ժառանգական դիսկրետ (առանձին) գործոններով, հայտնաբերեց հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները՝ հիմնվելով ստացված տվյալների մաթեմատիկական ճշգրիտ վերալուծության վրա, և այն էլ մի ժամանակաշրջանում, երբ դեռ չկար որևէ պատկերացում գենի, ԴՆԹ-ի կամ քրոմոսոմի մասին, բջիջների բաժանման գործընթացների մասին։ Նրա «Փորձեր բուսական հիբրիդների վրա» արժեքավոր աշխատությանը, ցավոք, տպագրվեց քիչ հայտնի պարբերականում, համապատասխան արձագանքի չարժանացավ և գրեթե մոռացության մատնվեց ամբողջ 35 տարի։ Հատկանիշների ժառանգման մենդելյան օրինաչափությունները փաստորեն «վերահայտնագործվեցին» միայն 20-րդ դարի սկզբին Գ. դե Ֆրիզի (Հոլանդիա), Կ. Կորենսի (Գերմանիա) Է. Չերմակի (Ավստրիա) կողմից։ Նրանք միմյանցից անկախ վերահաստատեցին Գ. Մենդելի հայտնագործած օրինաչափություններն, ընդունեցին նրա հայտնագործության գերակայությունն՝ անվանելով օրենքները Գ. Մենդելի անվամբ։ Նրանց և այլ գիտնականների ջանքերով ձևակերպվեց ժառանգականության քրոմոսոմային տեսությունը՝ սկիզբ դնելով ժառանգման օրինաչափություններն ուսումնասիրող գիտության զարգացման երկրորդ փուլը։ Համաձայն այդ տեսության ժառանգական նյութերը՝ գեները, տեղադրված են քրոմոսոմներում՝ գծային շարքով։ Փաստորեն նոր էջ բացվեց հատկանիշների ժառանգման օրինաչափություններն ուսումնասիրող գիտության զարգացման համար, իսկ գիտությունն անվանվեց գենետիկա։ Այսպիսով, թեև գենետիկան սկիզբ է առել 19-րդ դարում, սակայն գենետիկա գիտության «ծննդյան» պաշտոնական տարեթիվը համարվում է 1900 թվականը։ Սակայն գեների մոլեկուլային կառուցվածքը դեռ երկար ժամանակ մնում էր անհայտ։