Գեղձային էպիթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղձային էպիթել (epithelium glandulare) կազմված է գեղձային բջիջներից՝ գլանդուլոցիտներից։ Դրանք իրականացում են յուրատահուկ նյութերի սինթեզ և արտաթորում մաշկի, լորձաթաղանթների վրա, օրգանների խոռոչների մեջ (արտաքին հյութազատում), կամ արյան և ավշի մեջ (ներքին հյութազատում)։ Հյութազատման ճանապարհով օրգանիզմում իրականացվում են մի շարք ֆունկցիաներ` կաթի, թքի, ստամոքսային և աղիքային հյութի, լեղու առաջացումը ներզատիչ (հումորալ) կարգավորում և այլն։ Արտազատիչ գեղձային բջիջների մեծամասնությունը աչքի է ընկնում ցիտոպլազմայում հյութազատիչ ներառակների առկայությամբ, լավ զարգացած էնդոպլազմատիկ ցանցով, օրգանոիդների հյութազատիչ հատիկների բևեռված դասավորությամբ։

Հյութազատումը բարդ պրոցես է, որը ներառում է 4 փուլ. գլանդուլուցիտների կողմից ելային նյութերի կլանում, նրանց մեջ արտադրուկի սինթեզ և կուտակում, գլանդուլոցիտների միջից նրա դուրս բերում` էքստրուզիա, և գլանդուլոցիտների կառուցվածքի վերականգնում։ Այս փուլերը գլանդուլոցիտներում կարող է տեղի ունենալ ցիկլիկ։ Որոշ դեպքերում սրանք կատարվում են միաժամանակ, ինչը բնորոշ է դիֆուզ հյութազատությանը։

  • Հյութազատման 1-ին փուլը արյունից և ավշից գեղձային բջիջների մեջ հիմային թաղանթի կողմից թափանցում են տարբեր ամինաթթուներ, մոնոսախարիդներ, ճարպաթթուներ և այլն։
  • 2-րդ փուլում այս նյութերից սինթեզվում են արտադրուները։ Սպիտակուցային բնույթի նյութերը՝ հատիկավոր էնդոպլազմատիկ ցանցի մասնակցությամբ, իսկ ոչ սպիտակուցային նյութերը՝ հարթ էնդոպլազմատիկ ցանցի մասնակցությամբ։ Սինթեզված նյութերը տեղափոխվում են դեպի Գոլջիի համալիրը, ուր աստիճանաբար կուտակվում են, ենթարկվում քիմիական վերակառուցման և ձևավորվում են որպես հատիկներ։
  • 3-րդ փուլում առաջացած հատիկները դուրս են գալիս բջջից։ Արտազատուկի դուրս բերումը տարբեր բջիջներում տարբեր է, որի հետևանքով տարբերում են հյութազատման 3 տեսակ. մերոկրինային, ապոկրինային, հոլոկրինային։ Մերոկրինային հյութազատման դեպքում գեղձային բջիջները ամբողջությամբ պահպանում են իրենց կառուցվածքը (օր. թքագեղձերի բջիջները)։ Ապոկրինային տեսակի դեպքում տեղի է ունենում գեղձային բջիջների մասնակի քայքայում (օր. կաթնագեղձերի բջիջները), այսինքն արտազատուկի հետ միասին անջատվում են նաև բջիջների ցիտոպլազմայի գագաթային մասերը։ Հոլոկրինային հյութազատման ժամանակ կուտակվող արտազատուկը զբաղեցնում է ամբողջ բջիջը, որի ցիտոպլազման և կորիզը քայքայվում են և մտնում են արտազատուկի պարունակության մեջ։ Քայքայման գործընթացը տեղի է ունենում միայն մակերեսային բջիջներում։ Արտազատուկի անջատման ժամանակ գեղձային բջիջներն ամբողջությամբ քայքայվում են (օր. ճարպագեղձերի բջիջները)։
  • 4-րդ փուլի ժամանակ գեղձային բջիջները վերականգնում են իրենց ելային վիճակը։ Բջիջների վերականգնումը տեղի է ունենում քայքայմանը զուգընթաց։

Գլանդուլոցիտները գտնվում են հիմային թաղանթի վրա։ Նրանց ձևը շատ բազմազան է և փոխվում է կախված հյութազատման փուլից։ Կորիզները խոշոր են, կտրտված մակերեսով։

Սպիտակուցային բնույթի արտազատուկ արտադրող գլանդուլոցիտների ցիտոպլազմայում (օր. մարսողական ֆերմենտներ) լավ է զարգացած հատիկավոր էնդոպլազմատիկ ցանցը։ Ոչ սպիտակուցային բնույթի նյութերը (լիպիդներ, ստերոիդներ), արտադրող բջիջներում լավ արտահայտված է հարթ էնդոպլազմատիկ ցանցը։ Գոլջիի համալիրը լայնածավալ է, ձևը և ծավալը փոխվում են կախված հյութազատման փուլից։

Միտոքոնդրիումները բազմաթիվ են, կուտակվում են այնտեղ, որտեղ տեղի է ունենում արտադրուկի առաջացումը։ Ցիտոպլազմայում սովորաբար առկա են սեկրետոր հատիկներ, որոնց չափերը և կառուցվածքը կախված են արտազատուկի քիմիական բաղադրությունից։ Որոշ գլանդուլոցիտների ցիտոպլազմայում (օր. ստամոքսում աղաթթվի արտադրությանը մասնակցող) հայտնաբերված են ներբջջային հյութազատիչ խողովակներ՝ բջջաթաղանթի խոր ներփքումներ, որոնց պատերը ծածկված են միկրոթավիկներով։ Բջջաթաղանթի կառուցվածքը բջիջների գագաթային, հիմնային և կողային մակերևույթների վրա ունի տարբեր է։ Կողային մակերեսին այն առաջացնում է դեսմոսոմներ և հոծ, միանցումային կոնտակտներ։