Գարեգին Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին Մարգարյան
Ծնվել էհունիսի 5, 1954(1954-06-05)[1] (69 տարեկան)
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգիտնական և գյուտարար
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Կոչումպրոֆեսոր

Պրոֆեսոր Գարեգին (Գարիկ) Մարգարյան (անգլ.՝ Garegin (Garik) Markarian, հունիսի 5, 1954(1954-06-05)[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բրիտանահայ գիտնական, գյուտարար։ Ռադիոկապի ոլորտում գիտությունների դոկտոր։ Rinicom Ltd-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2011)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Մարգարյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 5-ին Վրաստանի Բաթում քաղաքում։ Նրա տատն ու պապը Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր էին, ծանոթացել էին մանկատանը և անչափահաս տարիքում ամուսնացել[3]։

Գարեգինը գերազանցությամբ ավարտել է Բաթումի մաթեմատիկական թեքումով թիվ 5-րդ միջնակարգ դպրոցը։ 1971 թվականին ընդունվել է Օդեսայի համալսարանի ռադիոկապի և հեռուստատեսության ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1976 թվականին։ Սեփական նախաձեռնությամբ նույն թվականին եկել է Հայաստան և աշխատանքի անցել հեռուստատեսային կայանում, որտեղ աշխատել է մեկ տարի՝ հսկելով Հայաստանի բոլոր հեռուստատեսային աշտարակների աշխատանքները։ 1977 թվականին որոշել է կրթությունը շարունակել ասպիրանտուրայում և 1979 թվականինկրկին մեկնել է Օդեսա։ Տարիներ անց պաշտպանել է կապի թվայնացման համակարգերի վերաբերյալ գիտական ատենախոսությունը[3]։

Այդ տարիներին Գարեգինը ամուսնանում է Կիևում սովորող ուսանողուհի Կարինե Ադբաշյանի հետ։ Այս ընթացքում Գարեգինի կյանքում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք կանխորոշեցին նրա ողջ գիտական հետագա ուղին։ Ամուսինները Երևան կատարած այցելության ժամանակ հանդիպել և ծանոթացել են ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հետ, որը Գարեգինին առաջարկել է տեղափոխվել Հայաստան։ Թեպետ Գարեգինին առաջարկել էին աշխատել Օդեսայի համալսարանում, համաձայնել է թողնել հեռանկարային աշխատանքը և ժամանել է Հայաստան՝ աշխատանքի անցնելով ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։ Կարճ ժամանակահատվածում նա հավաքել է լավագույն ուսանողներից և կայացած գիտնականներից մասնագետների խումբ։ Որոշ ժամանակ անց Գարեգին Մարգարյանին հայտնել են, որ Մեծ Բրիտանիայից ժամանել են մասնագետներ, որոնք ուզում են փորձի փոխանակում կատարել Գարեգինի սիրելի ոլորտում։ Սկսվել է համագործակցությունը, և 1980-ական թվականների վերջերին Գարեգին Մարգարյանն աշխատանքային հրավեր է ստացել բրիտանացի գործընկերներից։ Նա մեկնել է Անգլիա և համագործակցությունը շարունակել այնտեղ։ Որոշ ժամանակ անց նա կնոջ ու երկու դուստրերի հետ մեկ տարով մեկնել է Մեծ Բրիտանիա։ Մեկ տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց, իսկ Գարեգին Մարգարյանը նոր աշխատանքի առաջարկ ստացավ Լանքաստերի համալսարանից։ Մարգարյանները որոշեցին ևս մի քանի տարի մնալ Մեծ Բրիտանիայում։ Գարեգինի ջանքերով այդ համալսարանում հիմնադրվեց կապի համակարգերի բաժինը, որի ղեկավարը մինչև 2013 թվականը Գարեգին Մարգարյանն էր[3]։

Գարիկ Մարգարյանը Մեծ Բրիտանիայի Լանքաստերի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է և Rinicom Ltd-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը։ Նախքան Լանքաստերի համալսարանին միանալը, նա ավելի քան տասը տարի անցկացրել է անլար լայնաշերտ կապի ոլորտում՝ աշխատելով Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի տեխնոլոգիական ընկերությունների ղեկավար պաշտոններում։ Նա IEEE802.16 ստանդարտի հիմնադիր անդամներից է, որտեղ նա ղեկավարել է մի շարք աշխատանքային խմբեր և ակտիվ ներդրում է ունեցել EUROCAE WG-82 (AeroMAX), EUROCAE WG-72 և WG-115 ստանդարտներին։ Ընթացիկ հետազոտական հետաքրքրությունները ներառում են ավիացիոն անվտանգությունը, անվտանգ հաղորդակցության համակարգերը և արհեստական բանականությունը անվտանգության ծրագրերի համար[4]։

Գարիկ Մարգարյանն ավելի քան 700 հրապարակումների համահեղինակ է, այդ թվում՝ 42 արտոնագրի և 5 դասագրքի (ներառյալ՝ «Ավիացիոն անվտանգության ճարտարագիտություն. ամբողջական մոտեցում» և «Հակաօդային անօդաչու թռչող սարքի ձեռնարկ», երկուսն էլ՝ ARTECH House-ի հետ)։ Նա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ է և երկար ժամանակ աշխատել է որպես IET Professional Panel of Communications ընկերության նախագահ։ Նրա ղեկավարությամբ Rinicom-ը մեծացել է և դարձել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը, որն իր արտադրանքը մատակարարում է արտակարգ արձագանքման ծառայություններին և անվտանգության գործակալություններին ամբողջ աշխարհում։ Ի գնահատում այս ձեռքբերումների՝ Rinicom-ը 2013 և 2018 թվականներին արժանացել է Queens Awards մրցանակի՝ բիզնեսում գերազանցության համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]