Գայանե Փայտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Փայտյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 30, 1974(1974-06-30)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մահացել էհոկտեմբերի 27, 2022(2022-10-27)[1] (48 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավարուհի և դասախոս

Գայանե Ալբերտի Փայտյան (հունիսի 30, 1974(1974-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հոկտեմբերի 27, 2022(2022-10-27)[1], Երևան, Հայաստան[2]), լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Ալբերտի Փայտյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 30-ին, Երևանում։ Մայրը մասնագիտությամբ մանկավարժ է, հայրը՝ ինժեներ-ավտոմեխանիկ։ Ընտանիքում եղել է սպասված երեխա, իսկ 14 տարի շարունակ՝ նաև ընտանիքի միակ երեխան։ Դպրոցական տարիներին Գայանեն ցանկացել է բժշկուհի դառնալ։ Տասներորդ դասարանում, երբ արդեն պետք է սկսեր կրկնուսույցների մոտ քիմիա, կենսաբանություն առարկաները պարապել, հանկարծակի որոշել է դառնալ լրագրող։

1991 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին և սկսել է թղթակցել «Ավանգարդ» թերթին։ 1993 թվականին սրտի կաթվածից մահացել է հայրը, ով Գայանեի կյանքում առանձնահատուկ դեր է ունեցել, եղել նրա գաղափարակիցը, թիկունքն ուհենարանը։ 19-ամյա Գայանեն ուսմանը զուգահեռ տարբեր աշխատանքներ է կատարել վատառողջ մոր և 5-ամյա քրոջ ապրուստը հոգալու համար։ Նույնիսկ տպարանում գիշերային ժամերին սևագործ բանվոր է աշխատել՝ տառերի շարվածքն արել, երբ արդեն հեռուստատեսության աշխատակից է եղել, շատերի համար արդեն ճանաչելի դեմք, բայց բանվորի աշխատանքից չի խորշել ու չի ամաչել. ընտանիքի բեռը երիտասարդ աղջկա ուսերին է եղել։

1991 թվականին, երբ դեռ առաջին կուրսի ուսանող է եղել, աշխատանքի է ընդունվել Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում։ 1991-92 թվականներին եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Մայրաքաղաք» հաղորդման մեկնաբանը, 1992-94 թվականներին` «Ա1» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ», «Հաու դու յու դու», «Մամուլի ակումբ» հաղորդումների թղթակիցը, հեղինակը և հաղորդավարը։ 1994 թվականին մասնակցել է Ֆրանսիայի Պոռ դը Բուք քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային կինոփառատոնին և Երևանի կենդանաբանական այգու մասին պատմող տեսաֆիլմով ընդգրկվում մասնակիցների լավագույն հնգյակում։ 

1996 թվականին Գայանեն ավարտել է համալսարանը, գերազանց պաշտպանել ավարտական աշխատանքը։ Ազգային հեռուստաընկերության նոր ղեկավարությունը որոշել է փոխել եթերային քաղաքականությունը. Գայանեն, չհամաձայնելով պարտադրվող փոփոխություններին, որոշել է հեռանալ։ Տեղափոխվել է նոր հիմնադրված «Նորք» հեռուստաընկերություն (հայկական երկրորդ պետական հեռուստաընկերություն), 1998-99 թվականներին եղել «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը։ 

2006 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվամիջոցների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել և որակավորվել է ԱՄՆ-ում, իսկ 2009 թվականին դարձյալ ԶԼՄ ներկայացուցիչների համար հատուկ ծրագրով վերապատրաստվել է Եգիպտոսում, մասնակցել է միջազգային բարձրակարգ դասընթացների եվրոպական մի շարք երկրներում։

Բազմաթիվ դոկումենտալ ֆիմերի հեղինակ է` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները», «Բահրեյնի թագավորության հրաշքը», «Քուվեյթ», «Ալբանիա. պատերազմ և խաղաղություն», «Հռոմ՝ հավերժական քաղաք», «Փարիզ. սեր ու գույն» և այլն։

Որպես լրատվական մեկնաբան, 1995-99 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015 թվականներին՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008 թվականներին եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004 թվականից եղել է միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ։ 2006 թվականին Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017 թվականից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։ Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանում ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։

2008 թվականին հիմնադրել և ղեկավարել է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։

Գայանե Փայտյանը մահացել է 2022 թվականի հոկետմբերի 27-ին կորոնավիրուսի պատճառով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական ակտիվ գործունեության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Գայանեն ամուսնացել է մասնագիտությամբ ինժեներ Էդուարդ Միհրանյանի հետ։ 2017 թվականին՝ երկար տարիների սպասումից հետո, նրանց ընտանիքում ծնվել են երկվորյակ աղջիկներ՝ Էվա և Էլլա։

Գայանեի կրտսեր քույրը՝ Մարիաննա Փայտյանը, նույնպես լրագրող է և դոկումենտալ հեռուստաֆիլմերի սցենարիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Փայտյանի մասին avproduction.am կայքում