Ճանճը, որի երկարությունը՝ 4-5 մմ է, փայլուն սև է՝ կանաչավուն երանգով։ Ձմեռում են հարսնյակները կեղծ կոկոններում (հողում), երբեմն՝ թրթուրները՝ բանջարեղենի պահեստներում։ Առանց ոտքերի թրթուրների երկարությունը հասնում է 10 միլիմետրի[1]։ Առաջին սերնդի ճանճերի թռիչքը՝ մայիսին, խնձորենու և արոսենու ծաղկման սկզբին, երկրորդինը՝ օգոստոսին։ Ձվադրում է (մինչև 120 ձու) բույսերի տակ։ Թրթուրները թափանցում են արմատապտղի մեջ և կրծելով անցքեր են բացում։ Մատղաշ բույսերը հաճախ չորանում են, արմատապտուղները տձևանում են և փտում։
Ճանճերն իրենց ձվերը դնում են զարգացող գազարի շուրջ․ թրթուրները դուրս գալուն պես փորում են արմատը։ Քանի որ էգ գազարի ճանճերը շատ ցածր են թռչում, կանխարգելման լավագույն մեթոդը բերքի շուրջ առնվազն 2 ոտնաչափ (60 սմ) բարձրությամբ պատնեշ կառուցելն է։ Բերքը ծածկելու համար որպես այլընտրանք կարող է օգտագործվել այգեգործական բուրդը։ Քանի որ գազարի ճանճին գրավում է հենց գազարի հոտը, հարձակումները զսպելու համար հարկավոր է դրա կողքին տնկել հոտավետ ուղեկցող մշակաբույսեր, ինչպիսիք են՝ սոխը և սխտորը[3]։ Պայքարի միջոցառումներից են նաև աշնանավարը, գազարի վաղցանքը, ժամանակին նոսրացումը և ցանքերի տարածությունների մեկուսացումը, միջատասպաններով սրսկումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։