Գագարինների-Տյուտչևների դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագարինների-Տյուտչևների դաստակերտ
Տեսակկալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Գագարինների-Տյուտչևների դաստակերտ (ռուս.՝ Усадьба Гагариных — Тютчевых), դաստակերտ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Գտնվում է Հայկական նրբանցք, տուն 11, շինություն 2 հասցեով։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակերտի գլխավոր տունը կառուցվել է սպիտակաքար ապարանքի հիման վրա, որի շինարարությունը վերագրվում է 17-րդ դարի առաջին կեսին, իսկ որոշ հետազոտողներ նույնիսկ ավելի վաղ գնահատական են տալիս՝ 16-րդ դարի վերջ - 17-րդ դարի սկիզբ։ Կամարակապ տան նկուղը, ենթադրաբար, եղել է ապարանքի առաջին հարկը, դրա երկրորդ հարկը փայտյա էր, որն ավելի ուշ փոխարինվել է քարով։ 17-րդ դարի երկրորդ կեսին տան տերը համարվում էր բոյար Իվան Միխայլովիչ Միլոսլավսկին[3]։

18-րդ դարում դաստակերտը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։ Տարբեր ժամանակներում նրա տերերը եղել են իշխան Վոլկոնսկիները, կոմս Դմիտրիև-Մամոնովները, ազնվական Գլեբովները։ 1790 թվականին դաստակերտը ձեռք է բերել իշխան Իվան Սերգեևիչ Գագարինը, որը նավատորի կապիտանի կոչումով թողնելով զինվորական ծառայությունը՝ բնակություն է հաստատել է Մոսկվայում։ Տան վերակառուցումը Գագարինը պատվիրել է ճարտարապետ Մատվեյ Ֆեոդորովիչ Կազակովին, որն այն իրագործել է դասական ոճով։ Տունը ընդարձակվել է կցակառույցներով, ավելացվել է երրորդ հարկ։ Միևնույն ժամանակ, տան հիմքը դարձած ապարանքը գրեթե չի վերափոխվել։ Կազակովն անփոփոխ է թողել տան հորինվածքը ճակատին երկու կողային ելուններով, նրանց միջև նա կառուցել է պատշգամբ։ Արդյունքում շենքը ձեռք է բերել պարզ, բայց, միևնույն ժամանակ, նրբագեղ տեսք։ Նույն ոճով իրականացվել է տան ներսույթը[3]։

1810 թվականին Գագարինի ժառանգներից դաստակերտը գնել են Տյուտչևները։ Նրանց որդին՝ հետագայում հայտնի բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևը, այստեղ ապրել է ծնողների հետ մինչև 1822 թվականը։ 1812 թվականի Մոսկվայի հրդեհը չի ազդել դաստակերտի վրա։ Տանը հաճախ հյուրընկալվում էին ապագա դեկաբրիստներ Դմիտրի Զավալիշինը և Իվան Յակուշկինը, որոնք Տյուտչևների ազգականներն էին։ 1831 թվականին Տյուտչևները անշարժ գույքը վաճառել են Մոսկվայի աղքատների հոգաբարձությանը, որն այնտեղ բացել է անկելանոց։ 1917 թվականի հեղափոխությունից հետո անկելանոցը լուծարվել է, խորհրդային տարիներին տանը տեղակայված են եղել տարբեր հաստատություններ։ Այդ տարիներին տունը չի վերակառուցվել և մնացել է գրեթե այն տեսքով, ինչ նրան հաղորդել է Կազակովը[3]։

Ներկայում դաստակերտում տեղակայված է Ռուսաստանի մանկական հիմնադրամը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. «Городская усадьба, конец XVIII в.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Подъяпольская, Мария. «Усадьба Гагариных-Тютчевых» (ռուսերեն). Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.