Գագատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագատ, խեժածուխ

Գագատ, խեժածուխ, որն օգտագործվում է զարդեր պատրաստելու համար։ Այն կարելի է դանակով ու խարտոցով հեշտությամբ տաշել և կտրել։ Այս քարի հայկական անվանումը (գիշեր) օգտագործում են շատ ժողովուրդներ։ Գագատի ու ագաթի միջև ոչ մի ընդհանրություն չկա, բացի անվանումների տարօրինակ նմանությունից։ Գագատը քարածխի տարատեսակ է, որը միլիոնավոր տարիների ընթացքում չի հասցրել դառնալ բարձրորակ քարածխային անտրացիտ։ Հմուտ վարպետների ուշադրությունը գրավող գագատից պատրաստել են ոչ թանկարժեք զարդեր, որ կրել են սգո օրերին։ Ինչպես քարածուխը, գագատն էլ կրակից հեշտությամբ այրվում է։ Այն օրգանական ծագում ունի։ Երբեմն նրան անվանում են սև սաթ։ Գագատի հրաշալի տեսակներ հանվել են Ղարսի շրջանի Օլթի քաղաքից ոչ հեռու։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագատը թանկարժեք քարերի շարքին չի դասվում, բայց հազարավոր տարիներ գագատի անկրկնելի գույնը գրավել է մարդկանց ուշադրությունը։ Քարհատներին դուր է եկել նրա ամրությունն ու դյուրամշակելիությունը։ Հասարակ դանակի օգնությամբ գագատից պատրաստում էին զարմանահրաշ արձանիկներ, վարդարաններ, ապարանջաններ, զարդեր։ Մինչև պլաստմասաների երևան գալը այդ էժանագին, բայց գեղեցիկ իրերը մեծ պահանջարկ ունեին։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջներում գագատն օգտագործվել է որպես դեղամիջոց։ Միջնադարյան բժիշկները բորբոքված աչքերը մաքրում էին գագատով։ Ընկնավորներին այրվող գագատով ծխահարում էին։ Կարծում էին, որ գագատն ամրացնում է տեսողությունը, քշում թունավոր օձերին։ Ժամանակակից հետազոտությունները հաստատեցին գագատի բուժիչ հատկությունները։ Այն իր քիմիական բաղադրությամբ նման է նավթի բուժիչ ցեխերին, որոնք բուժում են զանազան հիվանդություններ։ Հնարավոր է, որ ապագայում գագատից պատրաստեն շատ արժեքավոր դեղամիջոցներ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալեքսանդր Մելքումյան, Հայաստանի քարերի աշխարհում, Սովետական գրող, 1986
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագատ» հոդվածին։