Արտաքին տեսքով նման է զինածաղկին։ Հայրենիքը համարվում է Ավստրալիան։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Բարձրությունը հասնում է մինչև 30 սմ-ի։ Մշակության մեջ հանդիպում են սպիտակ, մանուշակագույն և մանուշակավարդագույն ծաղիկներով տեսակները։ Սերմերը ցանում են ապրիլի սկզբին կիսատաք ջերմոցներում։ Բրախիկոմեն վերատնկումը լավ է տանում միայն այն դեպքում, եթե աճեցվում է փոքր թաղարներով և հողագնդով մայիսի կեսերին դաշտ է տարվում։ Արարատյան դաշտի պայմաններում կարելի է ցանքը կատարել անմիջապես բաց գրունտում ապրիլի վերջերին։ Ծիլերը երևում են 2-3 շաբաթ հետո։ Ցանքից 70-80 օր հետո սկսում է առատորեն ծաղկել։ Տնկում են բույսը բույսից 15-30 սմ հեռավորության վրա։ Լավ է աճում ու ծաղկում տաք, արևոտ վայրերում, թեթև ավազակավային և կավավազային հողերում։ Վատ է տանում գոմաղբով պարարտացումը։
Օգտագործվում է եզրաշերտերում, ծաղկադեկորատիվ ժապավեններում, միքսբորդերներում և ընդհանրապես բոլոր տիպի պարտերային ձևավորումներում։ Բրախիկոմե ցեղն ընդգրկում է 50 տեսակ, որոնք տարածված են Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Թասմանիայում։