Բուսական աշխարհի օբյեկտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուսական աշխարհի օբյեկտներ, վայրի բուսատեսակները, դրանց համակեցությունները (կիսաանապատային, տափաստանային, անտառային, մարգագետնային, ջրաճահճային և այլն), աճելավայրերը, բուսական ծագում ունեցող բնության հուշարձանները, ինչպես նաև բուսաբանական այգիները, դենդրոպարկերը, անտառային տնկարկները։ Բուսական աշխարհի օբյեկտները կարող են օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ գյուղատնտեսական (ընտրասերում, կենդանիների արածեցում, խոտհունձ, մեղվաբուծություն), արդյունագործական (բնափայտային, սննդային, դեղատու, տեխնիկական բույսերի և դրանց առանձին մասերի ու արգասիքների հավաքում և մթերում), սոցիալական, բնապահպանական և գեղագիտական (ռեկրեացիա, առողջապահություն, կանաչապատում, վերակուլտիվացում, դաշտապաշտպանություն, հողապաշտպանություն), գիտահետազոտական և կրթական նպատակներով։

ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով՝ ՀՀ Կառավարության որոշմամբ։

Բուսական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է դրանց հրկիզումը, հանքային պարարտանյութերի և պեստիցիդների չկանոնակարգված օգտագործումը, բուսատեսակների ապօրինի ներմուծումը ՀՀ, կլիմայավարժեցումն ու ընտրասերման նպատակով օգտագործումը, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի ձևափոխված օրգանիզմների ինքնակամ օգտագործումը։ Բուսական աշխարհի օբյեկտների և դրանց աճելավայրերի անվտանգությունը, ինչպես նաև բուսածածկույթի ջրապահպանական, հողապաշտպանական, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունն ապահովելու նպատակով նախատեսվող տնտեսական, շինարարական, սոցիալական և այլ գործունեությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բուսական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտները պահպանության նպատակով ընդգրկվում են Կարմիր գրքում, կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ, մշակվում և ներդրվում են հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող բուսատեսակների և դրանց համակեցությունների վերականգնման կենսաբանական տեխնոլոգիաներ։ Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատման և դրանց աճելավայրերի վատթարացման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։