Բովուրխանի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բովուրխանի վանք
Բովուրխանի վանք 03.jpg
Վանքի եկեղեցու տեսքը
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրցախ, Ննգի գյուղից 3 կմ հարավ-արևմուտք
ԹեմԱրցախի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետվերակառուցող Ստեփան Նալբանդյան
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ17-րդ դար
Կառուցման ավարտ18-րդ դար
Առաջին հիշատակում17-րդ դար
Գմբեթ1
Շինանյութդեղնասպիտակավուն քար

Բովուրխան, հայ առաքելական միջնադարյան վանական համալիր, պատմական Արցախի, ուշ միջնադարում Վարանդա անվամբ հայտնի գավառի արևմտյան կողմում, հինավուրց Ննգի և Քռասնի գյուղերի միջև, ներկայումս գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի գյուղից 3 կմ հարավ-արևմուտք։ Ընդգրկված է Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հայտնի է նաև Բաղիրխանի և Բուլուխանի վանք անվամբ։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի Բովուրխան անվանումը թույլ է տալիս ենթադրել, որ այն առաջացեք է Վարանդա գավառի իշխան Մելիք Բադիրի անունից։ Վերջինս իշխել է 17-րդ դարի առաջին կեսին, մինչև 1646 թվականը։ Վանքը հաստատված է մելիքության իշխանանիստ Ավետարանոց գյուղից հյուսիս, շուրջ 10 կմ հեռու։

Հիշատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն գտնում է համանուն լեռան հյուսիսային լանջին, շրջապատված փարթամ անտառներով։ Ներկայումս անտառով է ծածկվել նաև բուն հուշարձարձանախումբը, որ բաղկացած է միանավ թաղածածկ եկեղեցուց, կից բնակելի ու տնտեսական մի քանի սենյակներից ու պարսպապատից, վերջինս հարավ-արևմտյան անկյունում ավարտվում է, կիսաշրջան աշտարակով, իսկ արևելյան կողմից ունեցել Է դարպաս (այժմ կիսավեր)։ Բովուրխանի վանքի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել գլխավորապես անցյալ դարի հայ երախտաշատ գիտնական-ազգագրագետներ Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցի[1] և Երվանդ Լալայանցի աշխատություններում[2]։ Այդ աղբյուրները հիմնավոր տվյալներ են պարունակում հուշարձանի տեղագրության, վիճակի, տեղում գտնված կարևոր արձանագրությունների վերարերյալ։ Հնավայրի տարածքից Մ. Բարխուտարյանցը արտագրել է երկու արձանագրության պատառիկներ, որոնք ներկայումս չեն պահպանվել։ Մի կոտրված և փոքր խաչքարի վրա եղել է.

Aquote1.png «ԽԱՉՍ ՏԱՆՆ ԱՐԽԻ։» Aquote2.png


Այլ փոքր խաչքարի վրա.

Aquote1.png «ԽԱՉՍ Կ.ԵՍ Բ. Հ.» Aquote2.png


Թեև Մ. Բարխուտարյանցը արձանագրությունների ժամանակի մասին տեղեկություններ չի հաղորդում, բայց ընդհանուր ոճից ու իմաստից ելնելով կարելի է եզրակացնել, որ դրանք վերաբերում են 17-18-րդ դարերին։ Այլ վիմագրեր չեն հայտնաբերվել։ Հուշարձանախումբը, որ գտնվում է հնագույն ճանապարհից մոտ երեք կիլոմետր հեռու, այժմ խիստ ավերված է,

Aquote1.png «անվնաս մնում է միայն վանահոր սենյակն, ամբողջապես խոնարհված են միաբանից սենյակների գլուխներն։» Aquote2.png


Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բովուրխանի վանքի պահպանված պատ

Վանահոր սենյակը կից Է պարսպապատին արևմուտքից, իսկ միաբանների չորս խուցերն ու գոմի շենքը, որոնք կից են պարսպապատին հարավից, վաղուց արդեն զրկվել են ծածկից։ Միաբանների խուցերն իրար հետ չեն հաղորդակցվում, յուրաքանչյուրի մուտքն աոանձին է, ինչը բնորոշ է «անապատ» հուշարձաններին։ Խուցերն ունեն խիստ միանման ձևեր ու չափեր, երկուսն ունեն նաև մեկական ոչ մեծ, դեպի ներս լայնացող լուսամուտներ՝ բացված գլխավոր պարսպապատից։ Համալիրում, առանց բացառության, բոլոր շենքերը կառուցված են անտաշ ու կոպտատաշ տեղական դեղնասպիտակավուն քարերից։ Սրբատաշ են միայն վանահոր թաղածածկ սենյակի լուսամուտի ու դռան անկյունաքարերը։ Համալիրի հարավ-արևմտյան անկյունում է գտնվում արևելք-արևմուտք ուղղությամբ, ձգված, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ, այժմ ավերակ մի շինություն, որն ունի մեկ դուռ և մեկ լուսամուտ՝ բացված հարավային պարսպապատից և բազմաթիվ խորշեր հյուսիսային ու արևմտյան պատերի մեջ։ Արևմտյան պատի կենտրոնում երկխորշերի միջև է բուխարին, որը միակն է համալիրում պահպանվածների մեջ։ Հաշվի առնելով այս սենյակի (չափերը՝ 325 x 1060) առանձնահատկությոuնները այն ծառայել է որպես գոմ։ Շենքի հարավարևմտյան անկյունից բացվում է մի նեղ դուռ, որը տանում է բուրգի ներսում գտնվող բոլրաձև սենյակը, որն ունի 240 սմ տրամագիծ։ Այն համալիրի լավ պահպանված կառույցներից է։

Աշտարակից բոլոր կողմերի վրա բացվում են թվով հինգ, դեպի ներս լայնացող, փոքր լուսամուտներ։ Այդտեղից բացվում է ոչ մեծ ձորակի ամբողջ տեսարանը։ Բուրգի, գուցե նաև գոմանոցի և մյուս շենքերի վրա, եղել Է երկրորդ հարկաբաժինը, որի միակ ապացույցն են գոմի և վանահոր սենյակի միջև գտնվող փոքրիկ թավածածկ միջանցքից բարձրացող քարե լայն ասաիճանները, որոնք մեծ մասամբ պահպանվել են և տանում են մինչև արևմտյան գլխավոր պարսպապատը։ Սակայն երկրորդ հարկում երբեմնի շենքերից ոչինչ չի պահպանվել։ Համալիրը հյուսիսային կողմից շրջապատված է մեծաչափ քարաժայռերով և կանոնավոր պարսպապատ չկա։ Միայն ժայռից ժայռ ծուռումուռ պատեր են ձգվում, որոնք այստեղ շարված են առանց կրաշաղախի։ Կենտրոնական մասում, եկեղեցուց քիչ արևմուտք նկատվում են ինչ-որ սենյակների հիմնապատեր, որոնք այժմ լցված են հողով ու ծածկված ծառերով ու թփերով։

Վանքի թփածածկ ավերակներ

Հուշարձանախմբի շենքերից աոավել բարվոք վիճակում է եկեղեցին, որն ուշ միջնադարին բնորոշ միանավ բազիլիկի հորինվածք ունի։ Կիսաշրջան թաղը հենված է մեկ զույգ որմնասյուների վրա։ Արևելքում ավագ խորանն է, որից բացվում է մեկ լուսամուտ։ Երկու լուսամուտ էլ բացվում են հարավային ճակատից։ Հյուսիսից եկեղեցուն կից է ուղղանկյուն հատակագծով ավանդատունը, որի դուռը բացվում է եկեղեցու մեջ։ Ավանդատան հյուսիսային կողմը արտաքինից ամբողջապես թաղված է հողի մեջ, այդ կերպ վաղուց փակվել է նաև ավանդատնից բացվող լուսամուտը։

Պարսպապատ համալիրի միակ ու գլխավոր դարպասը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր հարավ։ Գոմի շենքից նույնպես բացվում էր մի դուռ, որն իր չափերով ու նշանակությամբ զիջում է արևելյան դարպասին։ Երկրորդական նշանակություն ունեցող այս մուտքը, որը գտնվում է աշտարակին խիստ մոտ, վերջինիս հսկողության տակ, հավանաբար ծառայել է վանքապատկան անասունների համար։ Բոլոր շենքերն էլ ունեն 17-րդ դարին բնորոշ ճարտարապետական ոճական հորինվածք։ Պարսպապատի հաստությունը մեկ մետր է, աշտարակի մասում՝ 90 սմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Բարխուտարյանց, Արցախ, Բաքու, 1893 թվական, էջ 109
  2. Երվանդ Լալայանց, Վարանդա, Թիֆլիս, 1898 թվական, էջ 50-51
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 256 CC-BY-SA-icon-80x15.png