Բերե Բոսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերե Բոսկ

Բերե Բոսկ, Բերե, Բերե Ապրեմոն, Բերե Ալեքսանդր, Ալեքսանդր, տանձենու ֆրանսիական սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասեման ճանապարհով։ Մշակվում է հանրապետության գյուղատնտեսական բոլոր գոտիներում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ չէ, թե այս սորտը որտեղ է ծագել՝ Բելգիայում, թե՞ Ֆրանսիայում։ Բերե Բոսկը առաջին անգամ նկատվել է 1800-ականների սկզբին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը միջին բարձրության է՝ լայն բրգաձև սաղարթով։ Պտղաբերությունը՝ տնկման 5-7-րդ տարում։ Պտուղը՝ խոշոր, շատ խոշոր կամ միջին մեծության (180-300 գ), երկար-տանձաձև, թեթևակի անհավասարակողմ, վերին մասում՝ բութ, թույլ արտահայտված լայն կողերով, գագաթը՝ լայն, տափակ, հիմքը՝ նեղ ու ձգված։ Մաշկը բարակ, նուրբ բերքահավաքի ժամանակ՝ բաց կանաչ, հասունացման ժամանակ՝ ոսկեգույն, ամբողջովին պատած ժանգաբծերով և մանր ժանգակետերով։ Պտղամիսը՝ սպիտակադեղնավուն, շատ նուրբ, հալվող, շատ հյութալի, քաղցր, դուրեկան թթվութամբ, նշի հաճելի բույրով։ Բացի այդ, տանձը չի պարունակում նատրիում, ճարպ և խոլեսթերին[2]։ Բերքահավաքը՝ հոկտեմբերի կեսին։ Պահպանվում է մինչև նոյեմբերի վերջը։ Բերքատվությունը՝ 150-180 ց/հա։ Սերկևիլենու հետ չի սերտաճում։ Քոսով չի վարակվում։ Ինքնամուլ է։ Լավագույն փոշոտիչներն են՝ տանձենու Վիլյամս, Կլապի սիրելի, Բերե Արդանպոն, Կյուրե, Դեկանկա ձմեռային, Պասս Կրասսա, Սեն Ժերմեն սորտերը։ Պտուղներն օգտագործվում են թարմ վիճակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bosc - USA Pears». usapears.org (ամերիկյան անգլերեն). March 2015. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  2. «NSLP USDA Foods Product Information Sheets | Food and Nutrition Service». www.fns.usda.gov (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։