Բենի Մյուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենի Մյուլեր
հոլ.՝ Bennie Muller
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1938(1938-08-14)[1]
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Մահվան ամսաթիվ հունվարի 17, 2024(2024-01-17)[2] (85 տարեկան)
Հասակ 168 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Բեռնարդյուս (Բենի) Մյուլեր (հոլ.՝ Bernardus "Bennie" Muller, օգոստոսի 14, 1938(1938-08-14)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 17, 2024(2024-01-17)[2]), հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնարդյուսը ծնվել և մեծացել է Ամստերդամի հրեական թաղամասում։ Հայրը եղել է գործարանի բանվոր։ Մայրը՝ Քաթյեն, ծնվել է հրեաների ընտանիքում։ Ծնողները ամուսնացել են 1931 թվականի մայիսին, այդ ժամանակ 17-ամյա Քաթյեն եղել է հղի, օգոստոսին ծնվել է նրանց որդին՝ Յոհան Ջեյքոբը, իսկ երկու տարի անց դուստրը՝ Հելենա Էլիզաբեթը։ Ավելի ուշ՝ Բեռնարդյուսի ծնվելուց հետո, ընտանիքում ծնվել են ևս երկու երեխա՝ դուստրը՝ Քրիստինա Լուիզը և որդին՝ Վիլեմը։

1938 թվականից նրանց ընտանիքն ապրել է Ռապենբուրգերստրատ փողոցի 69-ում, իսկ 1943-1950 թվականներին՝ նույն փողոցի 83-ում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքն ապրել է հրեական թաղամասի կենտրոնում։ Քանի որ Բեռնարդյուսի մայրը եղել է հրեա, հրեաների արտաքսման ժամանակ նրան ուղարկել են Վեստերբորկի համակենտրոնացման ճամբար, սակայն մի քանի ամիս անց ամուսնու շնորհիվ ազատ է արձակվել։ Բեռնարդյուսի մորական տատն ու պապը սպանվել են Սոբիբորում 1943 թվականի մայիսին։

Ես տեսա, թե ինչպես են բոլորին տարել, սարսափելի էր։ Մի օր դռան մոտ հայտնվեցին երկու հոգի և մի հոլանդացի։ Նրանք միայն մորս համար էին եկել, քանի որ հայրս հրեա չէր։ Եղբայրներս ու քույրերս բղավեցին ու լաց եղան, խուճապը մեծ էր, բայց նրան ուղղակի տարան։ Այդ սարսափի մեջ նրանք մոռացան մեր տարեց հարևաններին՝ տասնմեկ հոգանոց հրեական մեծ ընտանիքին։ Նրանք նույնպես փրկվել են պատերազմից։ Բարեբախտաբար, հայրս կարողացավ երեքուկես ամիս հետո մորս ազատել Վեստերբորկից՝ ապացուցելով, որ մայրս հրեա չէ։ Որպես փոքրիկ տղա, սա անհավատալի ազդեցություն թողել ինձ վրա։ Այդ ժամանակ ես վեց տարեկան էի»
- Բենի Մյուլեր[3]։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենի Մյուլերը ինը տարեկանում սկսել է խաղալ Դյուիվենդրեխտ գյուղի ֆուտբոլային թիմում։ Իր դեբյուտային խաղում նա գոլի հեղինակ է դարձել, սակայն նրա թիմը պարտվել է 4:1 հաշվով։ Այդ թիմում նա խաղացել է երեք տարի։ Նրան նկատել են «Այաքսի» մարզիչները և նրան հրավիրել ստուգողական խաղի։ Ստուգողական խաղից հետո նա ընդգրկվել է «Այաքսում»։

18 տարեկանում նա իր նորամուտը նշել է «Այաքսի» հիմնական կազմում և շուտով դարձել ակումբի առաջատար խաղացողներից մեկը։ Նա թիմում խաղացել է տասներեք մրցաշրջան՝ 426 հանդիպում և խփել 36 գոլ, եղել է Հոլանդիայի հնգակի չեմպիոն և երկրի եռակի գավաթակիր, 1969 թվականի Եվրոպայի գավաթի եզրափակիչի մասնակից։ «Այաքսի» պատմության մեջ ելույթների քանակով նա լավագույն խաղացողների տասնյակում է։ Հետագայում խաղացել է «Հոլանդ սպորտ» և «Բլաու-վիտ» ակումբներում։

1960-1968 թվականներին հանդես է եկել Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ 1964 թվականի մայիսի 24-ին Ալբանիայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 43 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ, 6 հանդիպման ընթացքում եղել է թիմի ավագ։

Նա ամուսնացել է քսաներեք տարեկանում՝ 19 ամյա Պետրոնելլա (Պետրա) դու Պոնտի հետ[4][5]։ 1965 թվականին ծնվել է նրանց դուստրը, իսկ 1969 թվականի օգոստոսին՝ որդին՝ Դանի Մյուլերը, որը նույնպես ֆուտբոլիստ է[6]։

Բենի Մյուլլերը մահացել է 2024 թվականի հունվարի 17-ին, 85 տարեկան հասակում[7]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոլանդիայի չեմպիոն (5)՝ 1959/60, 1965/66, 1966/67, 1967/68, 1969/70 թթ․
  • Հոլանդիայի գավաթակիր (3)՝ 1960/61, 1966/67, 1969/70 թթ․
  • Եվրոպայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1969 թ․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Voormalig Ajax- en Oranje-voetballer Bennie Muller (85) overleden
  3. Bennie Muller
  4. «In de oudheid was het Ajax» (հոլանդերեն). De Telegraaf. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Bennie en Petronella» (հոլանդերեն). De Volkskrant. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. BVV'31 – Lucky Ajax 2–7 (1–5); De Goeie Ouwe Tijd, 26 September 2009 (in Dutch)
  7. «Ajacied Bennie Muller (1938-2024) voelde zich een slachtoffer van de verzakelijking van het voetbal». Volkskrant (հոլանդերեն). 2024 թ․ հունվարի 18. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենի Մյուլեր» հոդվածին։