Բառախաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառախաղ, բառախաղով զբաղվելու համար պետք է ընտրել այնպիսի բառեր, որոնց վերադասավորումով կարելի է նոր բառեր կազմել. օրինակ՝ սրահ-հարս, սնար-սանր, դրամ-մարդ, ագռավ-գավառ, վտակ-կտավ, ծառա-առած, շուն-նուշ, կամ որևէ բառի բոլոր տառերը մեկ անգամ գործածելով՝ կազմել նոր բառեր, օրինակ՝ ատամնաբուժական-ատամ, մատ, բուժակ, բաժակ, ժամ, մական և այլն։

«Բառախաղ» բառը գեղարվեստական գրականության մեջ օգտագործվում է որպես բառերի կապակցության ձև, արտահայտչամիջոց, նաև հանգի տեսակ, օրինակ՝

- Մոզին ուզում ե՞ս։

- Ե՛ս ...

- Քանի՞ մանեթ կըտաս։

- Տա՛ս...

- Հիմի կըտա՞ս, թե չէ։

- Չէ՛ ...

- Դե էգուց կըգամ, որտեղից որ է՝ ճարի։

- Արի՛...

Հովհ. Թումանյան

Բառախաղ կարող է ստեղծվել նաև իմաստով տարբեր, բայց նմանահունչ կամ նույնանուն բառերով, օրինակ՝ «Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա» (ժողովրդական առած)։ Մեկ այլ դեպքում կազմվում են ոչ թե մեկ, այլ երկու կամ նույնիսկ ավելի բառերից, դառնում բարդ կամ բաղադրյալ հանգ, որով էլ ստեղծվում է իմաստային խաղ.

- Կյանքից հարբած անցավոր,

Ահա դարձյալ անցավ օր,

Դու վազում ես դեպի մահ.

Մահը բռնում հանցավոր։

Հովհ. Թումանյան

Բառախաղերը գեղարվեստական խոսքը դարձնում են ավելի գրավիչ, աշխույժ ու սրամիտ։ Բառախաղային հանգեր են ստեղծել բանաստեղծներ Պետրոս Դուրյանը, Ազատ Վշտունին, Պարույր Սևակը, Համո Սահյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 298