Բայրիքի (անգլ.՝ Bairiki), քաղաք և համայնք Կիրիբատիի Հանրապետությունում՝ Հարավային Տարավա անվանումը կրող մայրաքաղաքային ագլոմերացիայի կազմում։ Կիրիբատիի կառավարական շենքերից շատերը գտնվում են Բայրիքիում, որի պատճառով էլ վերջինս թյուրիմացաբար երբեմն անվանվում է այդ երկրի մայրաքաղաքը (այդ կարգավիճակն ունեցել է Կիրիբատիի անկախության հռչակման տարում՝ 1979 թվականին և հաջորդած մի քանի տարիներին, երբ մերձակա գյուղերի միավորման արդյունքում կազմավորվել է որպես քաղաքային բնակավայր ու համայնք)։
Բայրիքին ընդհանուր առմամբ զբաղեցնում է մոտավորապես 51 հեկտար տարածք։ Ունի արևադարձային շոգ կլիմա։ 1978 թվականին քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1 956.[1]: Տարիների ընթացքում այդ ցուցանիշն աճել է և 2005 թվականին հասել է 2 766-ի, իսկ 2010 թվականիմարդահամարի տվյալներով քաղաքում արդեն ապրում էր 3 524 մարդ[2]։
Բայրիքիում մատուցվում են փոստային և հեռախոսային ծառայություններ, կա ոչ մեծ նավահանգիստ (պետության գլխավոր նավահանգիստը գտնվում է հարևան Բետիո կղզում), գործում է Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանի մասնաճյուղը՝ շուրջ 3 հազար ուսանողներով[3][4]։ Քաղաքը ամբարտակների վրա գցված ճանապարհներով կապված է մերձակա Բետիո և Նանիկայ կղզիների հետ։
Բայրիքիի հասարակական կենտրոնը ֆուտբոլի մարզադաշտն է, որի տրիբունան Կիրիբատիի ամենաբարձր շինությունն է համարվում։ Քաղաքն ունի ընդամենը մեկ փողոց՝ Մեյն սթրիթը։