Արև և լուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արև և լուսին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1887
ՎիքիդարանԱրև և լուսին

Արև և լուսին, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բալլադը գրելիս Թումանյանն օգտվել է ավանդության Լոռվա տարբերակից, որը նա վերցրել է բանավոր աղբյուրներից։ Այդ մասին Մոսկվայում 1890 թվականին տպագրված բանաստեղծությունների ժողովածուում կա հեղինակային ծանոթագրություն. «Այս ավանդությունը Լոռի են պատմում»[1]։

Բալլադը գրվել է 1887 թվականին։ Թումանյանն այս բալլադի մասին գրել է 1916 թվականի օգոստոսի 24-ին Ցոլակ Խանզադյանին ուղղած նամակում։

Բալլադի ինքնագիրը չի պահպանվել։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են սևագիր հատվածներ։

Թումանյանն այս բալլադին անդրադարձել է նաև «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ американскаяа» հոդվածում։

Առաջին տպագրության մասին պարզ է դառնում 1890 թվականի հուլիսի 29-ին Անուշավան Աբովյանին ուղղած նամակում, երբ Թումանյանը գրում է, թե «Արև և լուսինը» Ղ. Աղայանի խորհրդով կհանձնի «Աղբյուր» ամսագրին, իսկ օգոստոսի 27-ով թվագրված նամակում տեղակացնում է, որ բալլադն արդեն տպագրվել է նշված ամսագրում։

Առաջին անգամ բալլադը տպագրվել է Թիֆլիսի «Աղբյուր» ամսագրի 1890 թվականի համար 8-9-ի 20-րդ էջում, իսկ հետո` 1890 թվականին Թիֆլիսում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի 62-66 էջերում, այնուհետև` Երկերի ժողովածուի առաջին հատորի 272-274 էջերում։

Այդ ավանդության առաջին հրատարակությունից մի քանի շաբաթ անց Մոսկվայում տպագրված բանաստեղծությունների ժողովածուում բալլադը ենթարկվել է մի շարք փոփոխությունների` հատկապես լեզվական առումով։ Այդ փոփոխությունները թույլ են տալիս ենթադրել, որ իր «Բանաստեղծությունների» 1-ին հատորի ձեռագիրը տպագրության համար Մոսկվա ուղարկելուց առաջ Թումանյանն արդեն ստեղծած է եղել բալլադի մի նոր տարբերակ, որն էլ տպագրվել է գրքում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադը պատմում է մի կնոջ մասին, որն ապրում էր ապարանքում և ուներ 2 երեխա. մեծը` աղջիկը` Արեգակն էր, իսկ փոքրը` տղան` Լուսնյակը։ Մի օր մայրը խմոր հունցելիս նրանց երկուսին էլ կանչում է իր մոտ և ասում, որ նրանցից մեկը պետք է լուսավորի ցերեկը, իսկ մյուսը` գիշերը։ Լուսնյակն ուզում էր լուսավորել ցերեկը, բայց Արեգակը վախենում էր դուրս գալ գիշերը։ Մայրը Լուսնյակին փորձում է բացատրել, որ նա պետք է զիջի քրոջը, բայց Լուսնյակը չի համաձայնում։ Մայրը նրան խմորոտ ձեռքով ապտակում է, Լուսնյակը նեղանում է, հեռանում, և այդ օրվանից Լուսնյակի քիթ ու մռութը խմորոտ է։ Արեգակին մայրը տալիս է սուր-սուր ասեղներ, որ մարդիկ չկարողանան նրան նայել։ Այդպես քույր ու եղբայր իրար հերթափոխելով սկսում են իրենց գործը, բայց կարոտը նրանց խանգարում էր, և աստված նրանց տալիս է մեկ ժամ, որպեսզի իրար տեսնեն. այդ մեկ ժամը նրանք իրար գրկած են լինում, և մարդիկ մեկ ժամ լույսի երես չեն տեսնում։ Մարդիկ չեն կարողանում նայել Արեգակին, քանի որ այն աչք է ծակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 551–552.