Արևմտասիբիրական նավթագազաբեր մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտա-Սիբիրական նավթագազաբեր մարզ (ռուս.՝ Западно-Сибирская нефтегазоносная провинция), տեղակայված է Արևմտասիբիրական հարթավայրի սահմաններում՝ Տյումենի, Օմսկի, Կուրգանի, Տոմսկի և մասամբ Սվերդլովսկի, Չելյաբինսկի, Նովոսիբիրսկի մարզերում, Կրասնոյարսկի և Ալթայի երկրամասերում։

Մակերեսը մոտ 3,5 մլն կմ² է։ Արևմտասիբիրական սալի նավթագազաբերության հնարավորությունը առաջինը նշել է Ի․ Գուբկինը 1932-1934 թվականներին։ Երկրաբանա-որոնողական և խոր հորատման աշխատանքներն սկսվել են 1947 թվականից։ Գազի առաջին հանքավայրը հայտնաբերվել է 1953 թվականին՝ Օբ գետի ստորին հոսանքի շրջանում (Բերյոզովսկի շրջան), իսկ վեց տարի անց Շաիմի շրջանում հայտնաբերվել է նավթի առաջին հանքավայրը։ 1960-1965 թվականներին հաստատվեց Տյումենի և Տոմսկի մարզերում գտնվող մի շարք տեկտոնական գմբեթների արդյունաբերական նավթաբերությունը։ 1972 թվականի սկզբին արդեն հայտնի էր նավթի, գազի և գազանավթային շուրջ 180 հանքավայր, որոնցից մի քանիսը իրենց պաշարներով բացառիկ են (Սամոտլոր, Սուրգուտ, Ուստ-Բալիկ և այլն)։

Արևմտա-Սիբիրական նավթագազաբեր մարզի տարածքը կազմված է յուրայի, կավճի, պալեոգենի և մասամբ նեոգենի հասակի նստվածքներից, առավել հին (պալեոզոյ, տրիաս) նստվածքները զարգացած են միայն իջվածքներում։ Նստվածքային հատվածքում դիտվում են մի շարք խոշոր գմբեթներ, իջվածքներ և ճկվածքներ։ Բարձրացումների և իջվածքների վրա զարգացած են տեղական բարձրացումներ, որոնցից ավելի քան 100-ը նավթաբեր կամ գազաբեր են։ Մարզի նավթագազաբերությունը կապված է յուրայի և կավճի հասակի նստվածքների հետ, որոնց կտրվածքում առանձնացվում է ավազաքարերի ավելի քան 40 արդյունավետ շերտ՝ յուրաքանչյուրը 10-15 մ հզորությամբ։ Նավթի և գազանավթային կուտակների մեծ մասը (ավելի քան 80%) գտնվում է 2000- 3000 մ, իսկ գազի կուտակները՝ մինչև 2000 մ խորության վրա։ Հայտնի հանքավայրերն ունեն մեծ դեբիտ, նավթինը՝ մինչև 200 տ/օր, գազինը՝ մինչև 5 մլն․ մ³/օր։

Արևմտա-Սիբիրական նավթագազաբեր մարզի նավթը բարձրորակ հումք է նավթաքիմիական արդյունաբերության համար։ Նավթի խտությունն է 880 կգ/մ³, ծծումբի պարունակությունը՝ 1,1%, պարաֆինինը՝ 0,5%-ից էլ պակաս և բենզինային թորամասերինը՝ 45-60%։ Նավթի հանույթը 1970 թվականին եղել է 31 մլն․ տ, գազինը՝ 9,5 մլրդ․ մ³։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 40