Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի շրջափակում, ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, Շուշի - Քարին տակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում։ Արցախը շրջափակելու գործողությունները իրականացնող ադրբեջանցիները ներկայանում են որպես բնապահպաններ։

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը խափանել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը[1]։

Նախապատմություն

Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին[2]։ 4 ժամ ճանապարհը փակ պահելուց հետո այն բացվեց, սակայն Բաքուն հայտնեց, որ մասնագետներ է ուղարկում ռուս խաղաղապահների տեղակայման վայր[3]։

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը և բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը համատեղ հայտարություն տարածեցին, ըստ որի Ադրբեջանը բնապահպանական դիտարկումներ է սկսում Արցախի Հանրապետության տարածքում[4]։ Նույն օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են մտնել Կաշենի հանքավայր, սակայն հանքավայրի անվտանգության աշխատակիցները դա թույլ չեն տվել[5]։

Իրադարձություններ

Դեկտեմբերի 12-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ժամը 10։30-ի հատվածում իրենց բնապահպանների համարող մի խումբ ադրբեջանցիներ Շուշի քաղաքի հատվածում փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը[6]։ Որոշ ժամանակ անց վերջիններս ճանապարհի մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ ակցիան անցկացնում են բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները՝ դժգոհելով, որ նախորդ օրը իրենց հնարավորություն չի տրվել դիտարկում անցկացնել Արցախի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։ Նրանք հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ[7]։

Դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնացել է, որ եթե իրենց թույլ չտրվի մուտք գործել Արցախի հանքավայրեր, ապա Ադրբեջանը կարող է հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը[8]։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր է տեղափոխել ճանապարհի փակ հատվածը[9]։

Հումանիտար ճգնաժամ

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է մնալ անհնար[10]։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ դեկտեմբերի 12-ի գիշերը Արցախ-Հայաստան ճանապարհը փակելու պատճառով 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա  ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխաներ[11]

«Նրանք զրկվել են իրենց ընտանիքների հետ միանալու իրավունքից, այսինքն՝ կտրված են իրենց ընտանիքներից»։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Անհնարին է դարձել դեպի այդ համայնքներ սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը:

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։ Արցախի պետական նախարարը հայտնել է, որ դեկտեմբերի 14-ից վառելիքի խնայողության նպատակով չեն աշխատի Արցախի այն կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով։

Արձագանք

  • Հայաստան - Հայաստան ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի[12]:
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի, և Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը[13]։

Ծանոթագրություններ

  1. ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ (2022). «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ «ԶՐՈՒՅՑՆԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ» ԹԵՄԱՏԻԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ». Scientific Artsakh: 196–204. doi:10.52063/25792652-2022.1.12-196. ISSN 2738-2672.
  2. «Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022-12-13-ին.
  3. «Բաքուն պնդում է, թե մասնագետներ էր ուղարկել ռուս խաղաղապահների տեղակայման վայր». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022-12-13-ին.
  4. «Բաքուն հայտարարում է, թե Արցախում «բնապահպանական դիտարկումներ է սկսում»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022-12-13-ին.
  5. «Ադրբեջանցիները փորձել են մտնել Մարտակերտի Կաշենի հանքավայր, անվտանգությունը չի թույլատրել. Տիգրան Պետրոսյան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022-12-13-ին.
  6. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022-12-13-ին.
  7. «Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, վրաններ տեղադրել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022-12-13-ին.
  8. «Բաքվից արդեն սպառնում են հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը, եթե Արցախի իշխանությունները թույլ չտան նրանց մտնել հանք. Տաթևիկ Հայրապետյան».
  9. «Լաչինի միջանցքի տարածք են ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներ և ոստիկանական ուժեր՝ «ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների անվտանգությունը»». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022-12-13-ին.
  10. «Արցախի ԱՆ-ն ահազանգում է՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022-12-13-ին.
  11. «Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022-12-13-ին.
  12. «ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ». www.mfa.am. Վերցված է 2022-12-13-ին.
  13. «ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2022-12-13-ին.