Արցախի Հանրապետության երկրաբանական կառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՀ երկրաբանական կառուցվածք, ԼՂՀ տարածքը գտնվում է Վիրահայոց-Ղարաբաղի տեկտոնական զոնայի հարավային-արևելյան մասում։ Մռավի ու Ղարաբաղի լեռնաշղթաները համապատասխանում են համանուն կամարածալքերին և կազմված են յուրայի, կավճի, պալեոգենի, նեոգենի հրաբխային ու հրաբխանստվածքային ապարներից՝ տեղ-տեղ ճեղքված ներժայթուքներով։ Ռելիեֆի ձևաբանական կառուցվածքի կարևոր գործոններ են ժամանակակից տեկտոնական շարժումները։ Կենտրոնական ու արևելյան մասերում գտնվող Ստեփանակերտի, Խաչենի, Հաթերքի և այլ միջլեռնային տեկտոնաէրոզային գոգավորություններ հարաբերական, իջեցման տեղամասեր են և ունեն գոգածալքային կառուցվածքներ։ Գոգավորությունների հատակային մասերը ծածկված են չորրորդականի գետաբերուկ ու հեղեղաբերուկ նստվածքներով։ Գտնվելով Եվրասիական և Աֆրիկաարաբական ցամաքային սալերի միջև՝ ԼՂՀ տարածքը կրում է դրանց տեղաշարժերի ազդեցությունը։ Տարածքի հյուսիսային մասը 7-բալանոց ակտիվ երկրաշարժամետ գոտում է, հարավային մասը՝ 8։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։