Արտադրության մասնագիտացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտադրության մասնագիտացում, աշխատանքի հասարակական բաժանման ձև. արտահայտվում է արտադրության գործող ճյուղերի տրոհմամբ, նորերի ձհավորմամբ, նաև ճյուղի ներսում աշխատանքի բաժանմամբ։ Մասնագիտացման արտադրության խորացման կարևորագույն գործոններն են գիտատեխնիկական առաջընթացն ու արտադրության մասշտաբների ընդլայնումը։ Այն զարգանում է հատուկ տեխնոլոգիայի ձևավորման, աշխատանքի առարկաների աճող բազմազանության, արուրքների տեսականու ավելացման ու դրանց ստանդարտացման, դետալների միատեսակացման հետ սերտ փոխազդեցության մեջ։ Մասնագիտացնել ձեռնարկությունը նշանակում է կենտրոնացնել նրանց գործունեությունը արտադրանքի համասեռության վրա, այսինքն արտադրանքի որոշակի տեսակի թողարկման վրա, որոնց քանակի ավելացումը իրականացվելու է շինվածքների ու դետալների լայն ստանդարտեցման, տեխնոլոգիական պրոցեսների տիպականացմամբ, որոնք նպաստելու են աշխատանքի արտադրողականության աճի բարձրացմանը, նախագծային ու վերանորոգման աշխատանքներին կատարվող ծախսերի կրճատմանը։ Արդյունաբերության մեջ արտադրության մասնագիտացումը իրականացվում է մեկ կամ մի քանի միատիպ արտադրատեսակ, պատրաստի արտադրանքի առանձին մաս թողարկող ինչպես նաև արտադրության առանձին պրոցեսներ և օպերացիաներ կատարող առանձին ճյուղերի, միավորումների (կոմբինատների), ձեռնարկությունների ձևավորմամբ։ Գյուղատնտեսության մեջ արտադրության մասնագիտացումը ընթանում է, ըստ տնտեսական նշանակության՝ հիմնական, լրացուցիչ ու օժանդակ ճյուղերի և արտադրությունների, ըսա արտադրական ուղղության՝ հացահատիկային, կաթնային, մսակաթնային և այլ ուղղությունների տնտեսությունների կազմավորմամբ։ Տրանսպորտ ու մեքենաները մասնագիտացվում են ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային ու գետային տրանսպորտով փոխադրումները։ Շինարարության մեջ արտադրության մասնագիտացումը արտահայտվում է նրանում, որ իր ֆունկցիաներն ավելի ու ավելի սահմանափակում է շենքերի ու կառույցների մոնտաժման աշխատանքներով, իսկ շինարարական դետալների ու կոնստրուկցիաների արտադրությունը կազմակերպվում է գործարաններում։ Արտադրության մասնագիտացման շնորհիվ ամբողջանում է աշխատանքի գործիքների և նյութական ռեսուրսների օգտագործումը, բարձրանում աշխատողների որակավորումն ու աշխատանքի արտադրողականությունը, իջնում արտադրանքի ինքնարժեքը, աճում արտադրության շահութաբերությունը։

Արդյունաբերության մեջ արտադրական մասնագիտացումը իրականացվում է հետևյալ հիմնական ձևերով՝

  1. Առարկայական մասնագիտացում՝ դա նշանակում է արտադրանքի որոշակի տեսակների արտադրության կենտրոնացում մեկ ձեռնարկությունում, նրա առանձին արտադրամասերում։
  2. Դետալային մասնագիտացում՝ դա որոշակի դետալների ու հանգույցների արտադրության կենտրոնացումն է մեկ ձեռնարկությունում։
  3. Տեխնոլոգիական մասնագիտացում՝ դա արտադրության առանձին փուլերի կամ օպերացիաների փոխարինումն է ինքնուրույն արտադրության։

Մասնագիտացման մակարդակը բնորոշում է հետևյալ ցուցանիշները.

  1. Մասնագիտացված ձեռնարկությունների թողարկած արտադրանքի տեսակարար կշիռը տվյալ տեսակի արտադրանքի ամբողջ ծավալում։
  2. Արտադրանքի համասեռության աստիճանի ցուցանիշը, դա որոշվում է ձեռնարկության մասնագիտացման պրոֆիլին համապատասխանող արտադրանքի քանակը բաժանելով նրանց կողմից թողարկվող ամբողջ արտադրանքի ծավալի վրա։
  3. Մի ձեռնարկության կողմից պատրաստվող արտադրանքի խմբերի, տեսակների կամ տիպերի քանակը։ Այս ցուցանիշը թողարկվող արտադրանքի մեջ տեսական քանակի որոշման ցուցանիշն է, որը համարվում է ձեռնարկությունների մասնագիտացման կարևոր ցուցանիշը։
  4. Արտադրանքի առանձին դետալների և հանգույցների պատրաստման առանձին օպերացիաների գծով մասնագիտացված ձեռնարկությունների կողմից թողարկվող արտադրանքի տեսակարար կշիռը, ճյուղի, շրջանի կամ երկրի մասշտաբով թողարկվող արտադրությունում։

Մասնագիտացման տնտեսական արդյունավետությունը պայմանավորված է՝

  1. Բարձր արտադրողական սարքավորումների ներդրումով,
  2. Առաջավոր տեխնոլոգիական պրոցեսների և կազմակերպական մեթոդների առաջավոր եղանակների ներդրման միջոցով,
  3. Սարքավորումների օգտագործման մակարդակի բարձրացումը՝ պարապուրդների կրճատման, սարքավորումների ժամանակի պակասեցման միջոցով,
  4. Շրջանառու ֆոնդերի օգտագործման բարելավումով, որը կարտահայտվի թափոնների կրճատման և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 271