Արշակ Պողոսյան (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Պողոսյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1949(1949-09-10) (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս և մաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՀԱՊՀ
Կոչումպրոֆեսոր

Արշակ Ստեփանի Պողոսյան (սեպտեմբերի 10, 1949(1949-09-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանի նանո և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի ԴՆԹ սենսորների և նանոկառուցվածքների լաբորատորիայի վարիչ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Պողոսյանը ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 10-ին, Երևան քաղաքում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը և 1966 թվականին ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ, ստացել ռադիոէլեկտրոնային սարքերի կոնստրուկտավորման մասնագետի որակավորում և 1972 թվականին որպես ճարտարագետ աշխատանքի անցել ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։

1974 թվականին Արշակ Պողոսյանը ընդունվել է Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ իր թեկնածուական աշխատանքը պաշտպանել է պրոֆեսոր Իրինա Վենդիկի ղեկավարությամբ՝ «Էլեկտրոնային գազի «տաքացման» երևույթների հետազոտությունները բիսմուտի նուրբ թաղանթում» թեմայով[1]։

1980 թվականին աշխատանքի է անցել Երևանի սրտաբանական կենտրոնում, որտեղ մշակել է իոնների և կենսաբանական մոլեկուլների նկատմամբ զգայուն տվիչներ։ 1983-1984 թվականներին Արշակ Պողոսյանի ղեկավարությամբ առաջին անգամ Հայաստանում պատրաստվել են իոնների նկատմամբ զգայուն կիսահաղորդչային դաշտային տրանզիստորներ, որոնք հետագայում օգտագործվել են ջրածնի, նատրիումի և կալիումի իոնների խտությունն արյան մեջ չափելու համար։ Նրա մշակած սենսորներով հետաքրքրվել է Մոսկվայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը՝ տիեզերքում տիեզերագնացների մոտ «ին վիվո» չափումների նպատակով։ Հետագայում Արշակ Պողոսյանը մշակել է նաև կիսահաղորդչային միկրոսենսոր՝ գլյուկոզայի խտությունը մեզի մեջ չափելու համար։ Այդ աշխատանքի համար նրան աջակցել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Սիմոնյանը։

1989 թվականին որպես ավագ դասախոս աշխատանքի է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, գիտատեխնիկական աշխատանքների իրականացման և դրանց արդյունքների ներդրման նպատակով նույն թվականին ստեղծել է «Սենսոր» կոոպերատիվ ձեռնարկությունը։ 1991 թվականին Արշակ Պողոսյանը ստացել է դոցենտի կոչում։

1994 թվականին գործուղվել է Գերմանիայի Կարլսրուհեի և Տյուբինգենի համալսարաններ։ 1995 թվականին «Միկրոէլեկտրոնային սենսորների մշակում և հետազոտում» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։

Մշտական բնակության նպատակով 1996 թվականին Արշակ Պողոսյանն ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա։ 1998 թվականին աշխատանքի է անցել Դյուսսելդորֆի համալսարանում, իսկ 1999 թվականից մինչև 2004 թվականը՝ Յուլիխ քաղաքի գիտահետազոտական կենտրոնում, որտեղ զբաղվել է կենսաբանական միկրոսենսորների մշակմամբ։ 2004 թվականին Արշակ Պողոսյանը աշխատանքի է անցել Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանում։

Մոտ 250 տպագրված գիտական հոդվածի, 1 գրքի, 7 արտոնագիր հեղինակ է։ Պրոֆեսոր Շոնինգի հետ պատրաստած «Label-free biosensing» վերնագրով գիրքը 2017 թվականին հրատարակվել է «Springer» հրատարակչությունում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]