Արշալույս Փանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշալույս Փանյան
Ծնվել էմայիսի 26, 1892(1892-05-26)
Մահացել էհունիսի 4, 1920(1920-06-04) (28 տարեկան)
Մասնագիտությունհեղափոխական

Արշալույս Խաչատուրի Փանյան ( մայիսի 26, 1892, Շամախի - հունիսի 4, 1920, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)), պրոֆեսիոնալ հեղափոխական, Հայաստանում խորհրդային իշխանության համար պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։ Սովորել է Լազարյան ճեմարանում (Մոսկվա), 1910 թվականից՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1914 թվականին հեղափոխական գործունեության համար հեռացվել է համալսարանից։ 1915 թվականին, էքստեռն քննություններ հանձնելուց հետո, որպես բժիշկ զորակոչվել է արևմտյան ռազմաճակատ։ 1917- թվականին Կարպատներում ծանր վիրավորվել է։ 1918 թվականին աշխատել է Մոսկվայում, ապա մեկնել է Պոլտորացկ (այժմ՝ Աշխաբադ), որտեղ կազմակերպել է կոմբջիջ, կապեր հաստատել տեղի ընդհատակյա բոլշևիկյան կոմիտեի հետ։ Հեղափոխական գործունեության համար Փանյանը Պոլտորացկում բանտարկվել է, սակայն փախել է բանտից, եկել Թիֆլիս, որտեղից ՌԿ(բ) կ Կովկասյան երկրային կոմիտեի հանձնարարությամբ մեկնել է Ալեքսանդրապոլ։ Այստեղ Փանյանը մասնակցել է Ալեքսանդրապոլի գավառի մի շարք գյուղերում կոմբջիջների ստեղծմանը։ Մայիսյան ապստամբության (1920) օրերին եղել է Քյավթառլուի շրջանային ռազմհեղկոմի անդամ։ Ապստամբության ճնշումից հետո Փանյանը ձերբակալվել և դաշնակցական դատարանի որոշմամբ գնդակահարվել է։ Փանյանի անունով է Փանիկ գյուղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։