Արգիրոզ
Արգիրոզ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | արծաթ |
Հիվանդության ախտանշաններ | abnormal skin coloration?[1] |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 985.8 |
ՀՄԴ-10 | T56.8 |
Argyria (illness) Վիքիպահեստում |
Արգիրոզ կամ արգիրիա (հին հունարեն՝ ἄργυρος — արծաթ + -ia), այն առաջանում է մարդու մարմնում արծաթի, դրա միացությունների և արծաթի փոշու մեծ չափաբաժնի ընդունումից։ Աննշան կերպով կարող է օգնել լազերային թերապիան կամ դերմաբրազիան։
Արգիրոզը հաճախ առաջանում է երկար ժամանակ արծաթի ընդունումից, օրինակ՝ կոսմետիկ միջոցներ[2]։ Արգիրոզի դեպքեր նաև արձանագրվում են արծաթի վերամշակման արտադրության աշխատողների մոտ։
Փոքր չափաբաժիններով այն վնասակար չէ։ Սակայն կոսմետիկ դեֆեկտները, որոնք կարող են մաշկի գույնը փոխել կապտա-արծաթագույն, հնարավոր է առաջացնեն հոգեբանական անհարմարավետություն։ Չնայած հետազոտությունները ցույց են տալիս, որ պրեպարատները որոնց մեջ կան արծաթի իոններ, ունեն ավելի մեծ հակաբակտերիալ ազդեցություն[3]։
2007 թվականի դեկտեմբերի 20-ին հրատարակվեց կալիֆոռնիացի Պոլ Կարասոնի պատմությունը՝ երկար ժամանակ կոլոիդական արծաթ ընդունելուց հետո, նրա մաշկը ամբողջովին պատվել էր կապտա-արծաթագույնով[4]։ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Պոլը 62 տարեկան հասակում մահացավ սրտի կաթվածից[5]։
Հիվանդության ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշկի, լորձաթաղանթի, ներքին օրգանների և աչքերի գունափոխությունը կապտամոխրավունի պայմանավորված է դրանցում արծաթի պարունակությամբ, ինչը հանգեցնում է «Կապույտ մաշկի համախտանիշ» կամ արգիրիա հիվանդությանը։ Այն հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն առավել շատ տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ բուժվել են արծաթ պարունակող դեղորայքով և չարաշահել են դրա չափաբաժինը, ինչպես նաև այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվել են արծաթի որոնումով և վերամշակումով։ Մաշկի գունավորման աստիճանը կախված է կլանված արծաթի իոնների քանակից։ Այլ կերպ ասած, որքան երկար է արծաթի ընդունման տևողությունը, այնքան ավելի վառ են դրսևորվում ախտանիշները։ Մասնավորապես, հյուսվածքները ձեռք են բերում մոխրակապտավուն երանգ, ծանր դեպքերում արծաթը կարող է կուտակվել տեսողական նյարդում՝ հանգեցնելով տեսողության վատթացման։ Ուսումնասիրություններից պարզվել է նաև, որ եթե բացակայում են հիվանդությանն ուղեկցող բացասական երևույթներ, ապա բացի մաշկի կապույտ գունավորումից հիվանդին ոչինչ չի անհանգստացնում, սակայն մաշկի այդ երանգը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Հարկ է նշել, որ արձանագրվել են այս հիվանդության մի քանի դեպքեր։ Օրինակ՝ Կազանի շրջանում ապրում է մարդ, ում անվանում են ‹‹արծաթագույն››: Հարբուխից հետո նրա արտաքինը փոխվել է անճանաչելիորեն, քանի որ նա օգտագործել էր արծաթ պարունակող կաթիլներ։ Տղամարդու մաշկն ունի կապտամոխրագույն գունավորում, փոխվել են նաև մազերը։ Այժմ տղամարդու առողջությունը կատարյալ է։ 30 տարվա ընթացքում նա միայն 3 անգամ է հիվանդացել հարբուխով։ 56 տարեկան տղամարդը զբաղվել է կոլոիդային արծաթի տարածմամբ, և ինքը զուգահեռ ընդունել է այն։ Որոշ ժամանակ անց նրա եղունգները դարձել են կապտամոխրավուն։ Արյան քննությունից պարզվել է, որ դրա մեջ արծաթի կոնցենտրացիան բարձր է եղել։ 56-ամյա կնոջ մոտ 14 տարեկանից սկսել է փոխվել մաշկի գույնը։ Հետագայում պարզվել է, որ նա 11 տարեկանից ընդունել է քթի կաթիլներ, իսկ այն պարունակել է կոլոիդային արծաթ։ 3 տարվա ընթացքում նրա մաշկի գույնն ամբողջությամբ փոխվել է։ 15 տարի առաջ 57 տարեկան տղամարդը սկսել է օգտագործել կոլոիդային արծաթ, որպեսզի ազատվի մաշկաբորբից։ Նա մերսել է այդ լուծույթով մաշկը և միևնույն ժամանակ խմել է այն։ Տղամարդը մինչ օրս խմում է այն՝ անտեսելով մաշկի գունափոխումը։ 57 տարեկան տղամարդը, ով 32 տարի աշխատել է տարբեր մետաղների կորզման բնագավառում, մոտ 10 տարի առաջ փոխվել է նրա մաշկի գույնը։ Սկզբում գունափոխվել են մարմնի վերին, հետո նաև ստորին հատվածները։ Գունավորման աստիճանը տարեց տարի ավելացել է։ Հետազոտման արդյունքում պարզվել է, որ փոխվել է ոչ միայն մաշկի գույնը, այլ նաև մազերը, լեզուն, եղունգները, տեսանելի լորձաթաղանթը, ինչպես նաև ներքին օրգանները և գունափոխումը ոչ մի եղանակով չի հաջողվել կասեցնել և վերականգնել։ Պարզվել է նաև, որ մաշկի կապտամոխրավուն գունավորումը կարող է փոխանցվել սերնդե- սերունդ։ Օրինակ` անցյալ դարի 60-ական թվականներին Կենտուկի նահանգում ապրում էին կապույտ մաշկ ունեցող մի ամբողջ ընտանիք, որոնց մարդիկ անվանում էին «կապույտ ֆյուգերտներ»։
Արծաթի ազդեցության հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգիրիայի ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծաթը բժշկական նպատակներով օգտագործվել է անհիշելի ժամանակներից։ Դեռևս Ավիցենան արծաթի խարտուքը կիրառել է որպես արյունը մաքրող և շնչառությունը կարգավորող միջոց։ Նա նկարագրել է կապույտ աչքեր ունեցող իր հիվանդին, որի աչքերի գունափոխումը արծաթի չափից ավել ընդունման հետևանք է եղել։ Այն համարվել է հիվանդության առաջին պաշտոնապես արձանագրված դեպքը։ Արգիրիա տերմինն առաջին անգամ գործածության մեջ է մտել 1840 թվականին։ Այդ ժամանակաշրջանում արծաթն օգտագործվել է էպիլեպսիայի (ընկնավորություն) բուժման համար։ ԱՄՆ-ում այդ տարիներին լայնորեն կիրառվել է արծաթյա նրբաթիթեղը և շղարշը, որոնք պարունակել են այդ մետաղը և օգտագործվել են որպես հականեխիչ վիրակապեր։ Արծաթի նիտրատը (լյապիս (դժոխաքար)) Ռուսաստանումում լայնորեն կիրառվել է որպես տտիպ համով հականեխիչ միջոց՝ քսուքի տեսքով, լուծույթի տեսքով, մաշկի և լորձաթաղանթի համար։ Կոլոիդ արծաթն գտագործվել է հակաբակտերիական ժամանակաշրջանում քթի կաթիլների տեսքով՝ մրսածության ժամանակ։ Այն կիրառվել է նաև սիֆիլիսի բուժման համար։ Արծաթը լայնորեն օգտագործվել է սպիտակուցների հետ կոմպլեքս ձևով։ Այդ միացություններից էին պրոտարգոլը և կոլարգոլը։ 1967 թվականին արծաթի սուլֆազինն կիրառվել է այրվածքների դեպքում։ Ներկայումս, նույնպես նկատվում է արծաթի լայնածավալ կիրառություն՝ բուժական նպատակներով։
Հյուսվածքաբանական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել շատ արծաթը պարունակվում է մաշկում և շարակցական հյուսվածքում։ Արծաթի ատոմները տեղայնացվում են քրտնագեղձերի շուրջը, կոլագենային թելերում, անոթների պատերում և այլն։ Արձանագրվել են դեպքեր մակրոֆագերում արծաթի պարունակության մասին։ Այն ազդում է նաև մաշկի շերտերում գտնվող մելանոցիտների վրա։ Վերջիններս արևի ճառագայթների ներգործության հետևանքով կարող են ակտիվ գործել՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։
Արծաթի թունավոր ազդեցությունն օրգանիզմի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծաթի թունավոր ազդեցությունը կախված է ընդունված չափաբաժնից, օրգանիզմ ներթափանցելու ձևից, ազդեցության երկարատևությունից, ինչպես նաև անհատի գենետիկական առանձնահատկութուններից։ Ցույց է տրվել, որ օրական մարդու օրգանիզմ ներթափանցում է մոտ 27-89 միկրոգրամ արծաթ։ Դրա թույլատրելի չափաբաժինը, որը չի առաջացնում բջիջների նեկրոզ 5 միկրոգրամն է 1 կիլոգրամի հաշվարկով։ Համաձայն սահմանված չափորոշիչների արծաթի նիտրատի առավելագույն միանվագ չափաբաժինը ներքին ընդունման համար կազմում է 0,03 գ (30 մգ), առավելագույն օրական չափաբաժինը՝ 0,1 գ (100 մգ)։ Հարկ է նշել, որ 10 գրամ արծաթի նիտրատը մահացու է։ Դրա ավելցուկը կարող է հանգեցնել թոքերի այտուցի, գիտակցության կորստի, սակավարյունության։ Ագրանուլոցիտոզը կարող է զարգանալ արծաթի ընդունման ժամանակ՝ ոսկրածուծի թերֆունկցիայի հետևանքով։ Այն բնորոշվում է հետևյալ ախտանիշներով՝ սրտխառնոց, փսխում, փորկապություն, ցնցումներ, շոկային իրավիճակի զարգացում։ Կարող է նաև դրսևորվել երիկամային անբավարարություն, բորբոքային երևույթներ աղեստամոքսային համակարգում, քրոնիկ բրոնխիտ, հազ, մրսածություն, ինչպես նաև մահ՝ շնչառական կենտրոնի կաթվածիհետևանքով։ Արծաթի երկարատև ընդունումը հանգեցնում է «Կապույտ մաշկի համախտանիշ» կամ «Արգիրիա» հիվանդությանը։
Առաջացման պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգիրիայի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ և՛ մասնագիտական, և՛ բժշկական ազդեցությունը։ Մասնագիտական ազդեցությունը դրսևորվում է այն անձանց մոտ, ովքեր երկար տարիներ աշխատում են արծաթի հանքերում, իսկ բժշկական ազդեցություն՝ այն հիվանդների մոտ, ովքեր երկար ժամանակ բուժվել են արծաթ պարունակող դեղապատրաստուկներով։ Արծաթ պարունակող դեղամիջոցները կիրառվում են այնպիսի հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են՝ արգանդի վզիկի լորձենախախտը, խոցը, կոկորդաբորբը, սուր շաղկապենաբորբը և այլն։ Հիվանդության առաջացման պատճառ կարող է հանդիսանալ արծաթի շերտերով միզածորանների լվացումը, ինչպես նաև արհեստական ատամնաշարերի պատրաստման համար օգտագործվող արծաթ պարունակող հումքը։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգիրիան դրսևորվում է երկու ձևով՝ համընդհանուր և տեղային։
Համընդհանուր ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պարագայում գունափոխություն նկատվում է ոչ միայն մաշկում, այլ նաև ներքին օրգաններում։
Տեղային ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնորոշվում է շուրջակնակապճային փոփոխությամբ, հիվանդի մոտ նկատվում է աչքի գույնի փոփոխություն, սակայն չի նկատվում լույսն անցկացնող համակարգերի վնասում։ Մաշկի և աչքերի գույնի փոփոխությունը տեղի է ունենում շատ դանդաղ։ Գունափոխությունը լավ արտահայտվում է արծաթի հետ աշխատելուց կամ օգտագործումից 10-12 տարի անց։
Ախտորոշման մեթեդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգիրիայի ախտորոշումը հիմնված է կլինիկական նշանների հետազոտման և ունեցած տվյալների ուսումնասիրման վրա։ Ի սկզբանե, անհրաժեշտ է պարզել, թե որոնք են արծաթի ընդունման աղբյուրները, որոնցով այն անցնում է օրգանիզմ։ Հյուսվածաբանական հետազոտությունների միջոցով հյուսվածքում կարելի է հայտաբերել արծաթի մասնիկներ, որոնք նման են կլոր հատիկների՝ հավասար մեծությամբ։ Այդ հատիկները հիմնականում տեղայնացված են միջբջջային նյութում, որի շերտը բաժանվում է էպիթելով, ինչպես նաև քրտնագեղձերի շուրջ։ Աչքի եղջերաթաղանթի արգիրիայի ախտորոշման համար, իրականացվում է աչքի կենսամանրադիտակային հետազոտություն։ Հիվանդության առկայության դեպքում եղջերաթաղանթի հետին մասում նկատվում է բարդ պատկեր, որը բաղկացած է ոլորված, միահյուսվող գծերից, որոնք ունեն մոխրակապույտ երանգ։ Միևնույն ժամանակ եղջերաթաղանթի արտաքին շերտերը մնում են թափանցիկ։ Երկարատև ընթացք ունեցող արգիրիայի ժամանակ արծաթի իոնները կարող են կուտակվել ապակենման մարմնում։ Ախտորոշում իրականացնելիս կարևոր է տարանջատել արգիրիան այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝
- Հեմոքրոմատոզ՝ երկաթ պարունակող միջոցների փոխանակության խախտում։
- Մեթհեմոգլոբինեմիա՝ թունավորման արդյունքում մեթհեմոգլոբինի պարունակության բարձրացում արյան մեջ։
- Պորֆիրիա՝ պիգմենտների փոխանակության խանգարում։
- Ադդիսոնի հիվանդություն՝ մակերիկամների կեղևի երկկողմանի ախտահարում։
- Մակերիկամի կեղևային շերտի ֆունկցիայի խանգարում։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգիրիան կարելի է կանխարգելել արծաթի ազդեցության նվազեցման միջոցով։ Բուժման ժամանակ չի կարելի ավելացնել արծաթ պարունակող միացությունների չափաբաժինը։ Այդ մետաղի հետ աշխատելիս պետք է պահպանել տեխնիկական անվտանգության կանոնները։ Թեթև և միջին աստիճանի արգիրիայի դեպքում կանխարգելումը դրական ազդեցություն է ունենում, սակայն վերականգնել փոփոխված մաշկի և աչքերի գույնն անհնար է։ Ծանր աստիճանի արգերիայի դեպքում հնարավոր է նաև տեսողության վատթարցում։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս արգիրիայի բուժման արդյունավետ եղանակ գոյություն չունի։ Արծաթի իոնների դուրս բերումը հյուսվածքներից բավականին բարդ է։ Այդ իսկ պատճառով մաշկի և աչքերի գունափոխումն այս հիվանդության ժամանակ համարվում է անդարձելի երևույթ։ Հիվանդներն այդպիսի արտաքին թերությամբ ստիպված են ապրել ամբողջ կյանքի ընթացքում։ Մասնակի արգիրիան կարելի է բուժել Դերմբրալիի եղանակի կրիառմամբ, որի ժամանակ հեռացնում են մաշկի վերին շերտը։ Գործընթացի իրականացման համար օգտագործում են հատուկ գործիքներ, որոնց միջոցով հեռացվում է վերնամաշկը բավականին խորությամբ, մինչև անգամ արյունատար անոթների մակարդակին։ Պրոցեսն ընթանում է անզգայացմամբ, որին հետևում է բավականին երկար վերականգնման փուլը։ Սակայն այս եղանակը ոչ միշտ է տալիս ցանկալի արդյունք, քանի որ արծաթի իոնները կարող են գտնվել ոչ միայն վերնամաշկում, այլ նաև ներքին օրգաններում։ Բացի դրանից այդպիսի վիրահատության դեպքում մեծ է սպիների ձևավորման վտանգը։ Այս հիվանդության պարագայում՝ որպես դեղապատրաստուկ, օգտագործվում է հիդրոխինոը (5% լուծույթ կամ քսուք), ինչն իջեցնում է արծաթի իոնների քանակությունը մաշկի վերին շերտերում, ինչպես նաև քրտնագեղձերի շուրջը։
Ներկայումս, ցույց է տրվել, որ «QS Nd:YAG» լազերի միջոցով հնարավոր է ամբողջությամբ բուժել արգիրիա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Griffith R.D., Simmons B.J., Bray F.N., Falto-Aizpurua L.A., Yazdani Abyaneh M.A., Nouri K. / 1064 nm Q-switched Nd:YAG laser for the treatment of Argyria: a systematic review, J. Eur. Acad. Dermatol.Venereol., Vol. 29, № 11, 2015, P. 2100-2103.
- Molina-Hernandez A.I., Diaz-Gonzalez J.M., Saeb-Lima M., Dominguez-Cherit J . / Argyria after Silver Nitrate Intake: Case Report and Brief Review of Literature, Indian J. Dermatol., Vol. 60, № 5, 2015, P. 520.
- Sarnat-Kucharczyk M., Pojda-Wilczek D., Mrukwa-Kominek E. / Diagnostic methods in ocular argyrosis: case report, Doc Ophthalmol., Vol. 133, № 2, 2016, P. 129-138.
- Rodriguez V., Romaguera R.L., Heidecker B. / Silver-Containing Wound Cream Leading to Argyria—Always Ask About Alternative Health Products, The American Journal of Medicine, Vol 130, № 4, 2017, P. e145-e146.
- Sarnat-Kucharczyk M., Pojda-Wilczek D., Mrukwa-Kominek E. / Diagnostic methods in ocular argyrosis:case report. Doc. Ophthalmol., Vol. 133, № 2, 2016, P. 129-138.
- Stafeeva K., Erlanger M., Velez-Montoya R., Olson J.L. / Ocular argyrosis secondary to long-term ingestion of silver nitrate salts, Clin. Ophthalmol. Vol. 2012:6, 2012, P. 2033- 2036.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cdc.gov/niosh/npg/npgd0557.html
- ↑ «Аргироз - обзор литературы и описание случая». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Silver makes antibiotics thousands of times more effective | Nature
- ↑ Meet the man with blue skin — Paul Karason | The Daily Telegraph (անգլ.)
- ↑ Знаменитый «Папа Смурф» умер в США от сердечного приступа (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://rosemaryjacobs.com/ (անգլ.)
- http://www.24farm.ru/toksikologiya/argiriya/#8057 Արխիվացված 2017-06-27 Wayback Machine
- http://medencped.ru/argiriya Արխիվացված 2017-10-03 Wayback Machine
- http://logderma.ru/prochee/argiriya.html Արխիվացված 2017-10-12 Wayback Machine
- http://globalscience.ru/article/read/25976/
- http://silvery.com.ua
- http://dermatologpro.ru/chto-takoe-(չաշխատող հղում) argiriya.html#h2_1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգիրոզ» հոդվածին։ |
|