Արամ Խոսրով
Արամ Խոսրով | |
---|---|
Ծնվել է | 1897 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1974 |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Արամ Խոսրով (1897, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1974), հայ դերասան, ռեժիսոր։ Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Խոսրովը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Բեմ է բարձրացել 1919 թվականին Թիֆլիսում, երբ մասնակցել է հայերեն մի քանի ներկայացումների։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո խաղացել է Թիֆլիսի հայկական թատերախմբում[1]։
Ունեցել է նաև ռեժիսորական գործունեություն։ Նա ստեղծել է փոքր թատերախմբեր և նրանց հետ շրջագայել Հարավային Կովկասի հայաշատ բնակավայրերում։ Արամ Խոսրովն է առաջին անգամ նման խումբ ստեղծել Վրաստանի Թելավ քաղաքում և հանդես եկել ներկայացումներով։ Մասնավորապես, բեմադրվել են «Պատվի համար», «Քին», «Մակբեթ», «Չար ոգի», «Անմեղ մեղավորներ» և այլ պիեսներ[1]։
1930-ական թվականների սկզբներից Արամ Խոսրովը սկսել է գործել Հայաստանում։ Նա աշխատել է հանրապետության շրջանային թատրոններում, եղել է նրանցից մի քանիսի հիմնադիրը։ Լենինականում (այժմ՝ Գյումրի) 1933 թվականին կազմակերպել է Պատանի հանդիսատեսի թատրոնը, այնտեղ բեմադրել «Գիքորը», «Քեռի Թովմասի տնակը» և այլ պիեսներ[1]։
1958 թվականին ստեղծել է կույրերի թատերական ինքնագործ առաջին խմբակը, որը գործել է վեց տարի։ Խմբի հետ բեմադրել է «Չար ոգի», «Նամուս» պիեսները[1]։
Տարիների ընթացքում խաղացել է մի քանի տասնյակ դերեր, որոնցից ամենահիշարժաններն են Գիժ Դանիելը («Չար ոգի»), Պոլիվեյը («Բեկում»), Դերասանը («Հատակում») և այլն[1]։
Երևանի հեռուստատեսության ստուդիայի հիմնադրման առաջին օրվանից աշխատել է այնտեղ՝ գլխավորելով բեմադրական արտադրամասը[1]։