Ատոմ Անձևացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատոմ Անձևացի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և մատենագիր

Ատոմ Անձևացի (ծ. և մ. թթ. անհայտ), 9-10-րդ դարերի քաղաքական գործիչ, մատենագիր։ Արծրունիների Գուրգեն իշխանի կրտսեր որդին։ Եպիսկոպոս է ձեռնադրվել կյանքի վերջին տարիներին՝ 938 թվականից հետո։ Մտահոգված կենտրոնաձիգ պետության անվտանգությամբ՝ գործունորեն մասնակցել է երկրի ռազմաքաղաքական կյանքին։ Մանազկերտի Կայսիկ ամիրայի ապստամբությունը ճնշելիս իր զորքով օգնության է հասել Հայոց Սմբատ արքային (902)։ Սատարել է Վասպուրականի Գագիկ Արծրունի արքային (914)` վանելով արաբ բռնակալ, Ատրպատականի Յուսուֆ ամիրայի հարձակումը։ Աչքի է ընկել նաև մշակութային գործունեությամբ։

Ատոմ Անձևացու և նրա հոր պատվերով են ընդօրինակվել Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» աշխատությունն ու Եղիշեի Պատմությունը։ Նրա հանձնարարությամբ են գրվել Արամի, Արտավազդ Մազազունու և Թովմա քահանայի աստվածաբանական թղթերն ու լուծմունքները։ Ատոմ Անձևացու գրչին է պատկանում Հովհաննես Մկրտչին ձոնված մի ներբող, որը շարադրվել է, հավանաբար, 940-ական թթ.։ Ներբողում արևելաքրիստոնեական մեկնաբանական հարուստ փորձի հիման վրա տրվում է Հովհաննես Մկրտչի անձի և գործունեության տեսական-աստվածաμան. համակողմանի վերլուծությունը։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: