Ավանդական տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավանդական տնտեսություն , տնտեսական համակարգ, որտեղ ավանդույթներն ու սովորույթները բացահայտում են սահմանափակ ռեսուրսների օգտագործումը։ Այն համարվում է ամենահինը։ Ավանդական տնտեսությունում հողը և կապիտալը գտնվում են ընդհանուր սեփականության ներքո, իսկ հասարակության տնտեսական հիմնական խնդիրները լուծվում են մարդկանց միջև տոհմական կամ կիսաֆեոդալական կապերի միջոցով։

Ավանդական տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված ավանդույթների, սովորույթների, հոգեբանության, կրոնական ընկալումների և մշակութային մակարդակի վրա։ Դրանց հիմքի վրա են ձևավորվում համապատասխան ինստիտուտները։ Տարբեր են այս կամ այն երկրի որդեգրած տնտեսական համակարգի բնույթը։ Աֆրիկա մայրցամաքում ապրող ցեղախմբերի համատեղ կյանքը կարգավորվում է քարացած ավանդույթների, տոտեմիստական մտածելակերպի և հոգեբանության, անձնապաշտության միջոցով, որոնք ձևավորում են նրանց զարգացման մակարդակին համապատասխան ինստիտուտներ։ Դրանց գործունեությունն ազդում է արդյունքի արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման գործընթացի կազմակերպման բնույթի վրա։ Դարերով ձևավորված ավանդույթները իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության կարգավորման արդյունավետության, այսինքն՝ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մակարդակի վրա։

Ավանդական տնտեսության առանձնահատկություններն են․

  • Պարզ տեխնոլոգիաներ
  • Գերակշռում են ձեռքի աշխատանքները
  • Տնտեսական հարաբերությունների մասնակիցները համախմբված են ամուր սոցիալական կապով
  • Հիմնական տնտեսական խնդիրները լուծվում են ավանդույթներին և սովորույթներին համապատասխան

Ավանդույթները, սովորույթները, կրոնական համոզմունքները, մշակութային արժեհամակարգը ժամանակի ընթացքում ենթարկվում են համապատասխան փոփոխությունների, բայց չեն վերանում։ Այն երկրները, որոնք կարողացել են հաղթահարել ավանդական տնտեսության սահմանափակումները (օրինակ՝ Եվրոպա մայրցամաքի երկրները, ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան և այլն), ապահովում են բարձր տնտեսական աճ։ Ավանդական տնտեսությունը հատկապես բնորոշ է բնատնտեսությանը։ Բնատնտեսության հիմնական բնութագիրն այն է, որ արտադրողները (ընտանիքի կամ համայնքի ներկայացուցիչները) իրենց կարիքների բավարարման համար անհրաժեշտ բոլոր բարիքներն իրենք են արտադրում, և գրեթե գոյություն չունի դրանց փոխանակություն։ Արտադրողն ու սպառողը տարանջատված չեն և մարմնավորված են միևնույն տնտեսական սուբյեկտի մեջ։ Բնատնտեսությունը բնորոշ է եղել հասարակության զարգացման նախնական փուլին և տնտեսապես հետամնաց ու թույլ զարգացած երկրներին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
  • Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752էջ։