Անատոլի Ավագյան
Անատոլի Ավագյան Վլադիմիրի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Շահումյանի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Աբխազիայի ճարտարապետություն և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Երկեր | «Իմաստության ոսկե հանրագիտարան» |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատանք | Ոստիկանության և արդարադատության գործիչ, Գեներալ լեյտենանտ |
Անատոլի Ավագյան Վլադիմիրի (Ապրիլի 15, 1947,Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Շահումյան ավան), ոստիկանության և արդարադատության գործիչ, գեներալ լեյտենանտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Շահումյան ավանում, բժշկի ընտանիքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1971 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
- 1973 թվականին աշխատել է ՀԽՍՀ կառավարության գործերի կառավարչությունում, ապա ՀՀ դատախազության և ՆԳ համակարգերում ղեկավար պաշտոններում։
- 1982 թվականին Մոսկվայում՝ ԽՍՀՄ ՆԳՆ Ակադեմիայում, պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Ոստիկանության գնդապետ Անատոլի Ավագյանը 1999 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչման։ Նա, որպես հիմնադիր, մեծ ներդրում ունի ԴԱՀԿ ծառայության կազմակերպման և կայացման գործում։
Ընդգրկված է “1000 հայազգի գեներալներ” կենսագրական հանրագիտարանում։
Պարգևատրվել է մի շարք մեդալներով և շնորհակալգրերով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի 2 զավակ, 3 թոռ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 թվականին նշանակվել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող՝համատեղելով արդարադատության փոխնախարարի պաշտոնը մինչև 2007 թվական։
- 1973 թվականին աշխատել է ՀԽՍՀ կառավարության գործերի կառավարչությունում ապա ՀՀ դատախազության և ՆԳ համակարգերի ղեկավար պաշտոններում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1984 թվականին հրատարակել “Քաղաքացիների անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործություններ” և ռուսերեն՝ “Քաղաքացիների անձնական գույքի գողության քրեա-իրավական և սոցիոլոգիական բնութագիրը” մենագրությունները։
- 2005 թվականին Հայրենական իրավագիտական գրականության մեջ առաջին անգամ հրատարակել է “Կատարողական իրավունքի ձևավորման և զարգացման տեսական-կիրառական հիմնախնդիրները ՀՀ-ում” ծավալուն աշխատությունը, որը ներկայացվել է որպես դոկտորական ատենախոսություն։
Իմաստության ոսկե հանրագիտարան[խմբագրել | խմբագրել կոդը]
«Իմաստության ոսկե հանրագիտարան»[1] գրքում ներառված են տարբեր ժամանակների ու ժողովուրդների մեծագույն ներկայացուցիչների՝հին Արևելքի և անտիկ աշխարհի մտածողներից մինչև ժամանակակից գիտության,արվեստի,քաղաքական ու ռազմական ականավոր գործիչների աֆորիզմներն ու ասույթները[2]։ Ժողովածուն կառուցված է ժամանակագրական կարգով ու կազմված հինգ մասից[3]։ Առաջինը նախաքրիստոնեական ժառանգությունն է, երկրորդը՝ մեր թվարկությունից մինչև 18-րդ դար,երրորդը՝ 19-20-րդ դարեր, չորրորդը նվիրված է ականավոր կանանց իմաստախոսություններին ու սրամտություններին։ Հինգերորդ բաժինը ներկայացնում է արևելյան և արևմտյան ժողովուրդների ասույթներ[4]։
Անատոլի Ավագյանի աֆորիզմներից, որոնք տեղ են գտել գրքում՝
- Կան մարդիկ, որոնց գոյությունը վիրավորանք է բնությանը։
- Մեզ բոլորիս Աստված պահպանում է, միայն թե պահպանման ժամկետը յուրաքանչյուրիս համար տարբեր է։
- Ամենատարածված սուտը “շատ հաճելի է” արտահայտությունն , որ ասում են բոլորը՝ որպես ծանոթության նշան, նույնիսկ ամենատհաճ մարդկանց։
- Փառք տանք Աստծուն, որ ծերությունը մարդու կյանքում գոնե մի անգամ է լինում։
- Տղամարդու լռելը մերժելու նշան է, կնոջ լռելը՝ համաձայնության։
“Իմաստության ոսկե հանրագիտարան”-ը՝ գրախոսել են՝
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ՝ Սամվել Մուրադյանը։
Փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ՝ Արամ Սարգսյանը։
Ակադեմիկոս՝ Յուրի Սարգսյանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Իմաստության ոսկե հանրագիտարան», «Հայագիտակ» հրատարակություն, Երևան, 2017, 505 էջ