Առևտրական Մոսկվինի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Առևտրական Ֆեոդոր Մոսկվինի տուն, առևտրային տարածքներ ունեցող բնակելի շենք Վիբորգում, որը գտնվում է քաղաքի գլխավոր` Կարմիր հրապարակում։ Հյուսիսային մոդեռն ոճով Վիբորգի կենտրոնում տեղակայված հինգ հարկանի շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտային տան կառուցման համար հարուստ վիբորգցի վաճառական Ֆեոդոր Մոսկվինը գնել էր հողամաս Կարմիր ջրհորի հրապարակում, որի քաոսային փայտե շինությունները, քաղաքային հատակագծի համաձայն, «Եղջյուրավոր բերդ»-ի հնացած ամրությունները քանդելուց հետո իրենց տեղը զիջել էին քարե բազմահարկ շենքերին։ 1907 թվականին մշակված շենքի նախագծի հեղինակը վիբորգցի ճարտարապետ Պաավո Ուոտիլան էր։ Անկյունային հարմարավետ տարածք զբաղեցնող Մոսկվինի տունը փորձագետների կարծիքով ճարտարապետական տեսանկյունից ամենահետաքրքիրն է համարվում հրապարակի շենքերի կառուցապատման առումով և կարևոր դեր էր խաղում շենքերի համալիրում։ Առաջին հարկը, որը նախատեսված է առևտրային նպատակներով (խանութների և բանկի մասնաճյուղերի տեղակայման նպատակով), կառուցված էր գրանիտով; վերին հարկերը հատկացված էին բնակարաններին։ Ֆիննական ազգային ռոմանտիզմի ոճով զարդարված ճակատային մասը կառուցված էր նախագծման և կոմպոզիցիոն տարբեր հնարքների կիրառմամբ, ներառյալ պատուհանների տարբեր ձևերը, զարդաքանդակները և բազմանկյուն կարկառամասերը։ Արտաքին գեղազարդման ամենահայտնի տարրերից էին երկու փոքրիկ աշտարակները, որոնք զարդարում էին գլխանիստ ճակատը։ Քառակուսի աշտարակների տեսքը հետազոտողները համարում էին հյուսիսային Եվրոպայի քաղաքների հնագույն ճարտարապետության ազդեցությունը (Լյուբեկի եկեղեցիներ, Ռոսկիլլի տաճար)։ Առևտրականի տունը, ինչպես շատ ազգային-ռոմանտիկ շինություններ, նման էր հին դղյակի՝ մարտական ատամնավոր աշտարակներով։ Նախագծով նախատեսվում էր շենքի երկրորդ փուլի կառուցումը Խաղաղության փողոցի կողմից, որը զարդարվելու էր նույնանման աշտարակներով, բայց այդ նախագիծը չիրականացավ։

Հարևան շենքերի հետ համեմատած, Մոսկվինի տունը համեմատաբար քիչ է տուժել խորհրդա-ֆիննական պատերազմներից (1939-1944)։ Կղմինդրե տանիքը և ճակատային գեղազարդման շատ տարրեր պահպանվել են, բայց վերակառուցման ընթացքում ներքին հարդարանքը վնասներ է կրել։ Ռակկոլանիոկսկու խեցեգործական գործարանում պատրաստված Պաավո Ուոտիլայի էսքիզներով հախճասալիկապատ վառարանները հետազոտողները համարում են 20-րդ դարի առաջին երրորդի դեկորատիվ կիրառական արվեստի և գեղարվեստական արդյունաբերության արժեքավոր հուշարձաններ[1]։ Այդպես էլ չկառուցված երկրորդ շենքի տեղում, հետպատերազմյան ժամանակահատվածում տիպային նախագծով կառուցվել է աղյուսե շենք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Прогулки по балтийским крышам. Выборг. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2016. — 120 с. — ISBN 978-5-91882-033-9.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]