Սիմեոն Ապարանցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սիմեոն Ապարանցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1540 |
Ծննդավայր | Ապարանք, Խիզանի գավառակ, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մոտ 1614 |
Մահվան վայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և լրագրող |
Սիմեոն Ապարանցի (մոտ 1540, Ապարանք, Խիզանի գավառակ, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - մոտ 1614, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն), 16-17–րդ դարերի բանաստեղծ և մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր մականունն ստացել է ծննդավայրի՝ Մոկաց նահանգի Սպարկերտ գավառի Ապարանք գյուղի անունից։ Բաղեշի խնդրակատար վանքում, ապա Ոստանի դպրոցում կրթվելուց հետո Մեծոփում, Կարինում, Վանում դասավանդել է փիլիսոփայություն, աստվածաբանություն, քերականություն, բանաստեղծական արվեստ, պատմություն, գրչություն և այլն։ Հռչակվել է րաբունապետ, եղել իր ժամանակի ամենանշանավոր մանկավարժներից։ Ապարանցին շուրջ երեսուն տարի (1585 - 1614 թթ.) մանկավարժական գործունեություն է ծավալել ժամանակի նշանավոր դպրոցներում՝ Մեծոփում, Կարինում և Վանում՝ տալով հայ դպրոցին, մատենագրությանը և գրչության գործին նվիրված աշակերտներ։ Ապարանցու գրական ժառանգության մեշ կարևոր տեղ է գրավում «Շարագրութիւն հոմերական վիպասանութեամբ...» քերթվածը։ Նրա այս երկի ինքնագիրը չի պահպանվել։ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է երեք ընդօրինակություն, որոնցից հնագույնը՝ № 6548 գրչագիրն ընդօրինակված է Ապարանցու աշակերտ Անանիայի ձեռքով, բանաստեղծ ուսուցչի ներկայությամբ և, անտարակույս, նրա որոշ հսկողությամբ, Մեծոփի մատենադարանի համար։ Դրանով այս ձեռագիրն ստանում է գրեթե հեղինակային ինքնագրի արժեք։ «Վիպասանությունն» ուշագրավ է թե՛ գրականագիտական և թե՛ բանասիրական առումով։
Անանիա Նախավկայեցու և Կիրակոս Այրարատեցոu խնդրանքով չափածոյի է վերածել մի պատմագիրք, որն իր միջավայրում հայտնի է եղել «Վիպասանութիւն Ղագարու Փարպեցւոյ» անվամբ, բայց իրականում բովանդակում էր Ղազար Փարպեցու և Սեբեոսի երկերը։ Բանաստեղծն իր առաշ նպատակ է դրել շարադրել Պահլավունի և Մամիկոնյան տոհմերի պատմությունը։ Քանի որ ձեռագրի բովանդակությունը հնարավորություն չէր ընձեռում այդ պատմությունը լիովին ներկայացնել, ուստի նա ստիպված դիմում է նաև ուրիշ աղբյուրների և գրում է (1590 թ.) Վիպասանությունը, որ հետագայում տպագրվել է Վաղարշապատում, մի գրչագիր օրինակի հիման վրա։ Պահլավունի տոհմի պատմությունը շարադրելու համար, Ապարանքին նյութ է քաղել զանազան աղբյուրներից, որոնցից ամենահիմնականը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» է։ Գեղարվեստական տեսանկյունից առավել ուշագրավ են Ս. Ապարանեցու ողբերը, որոնք օժտված են քնարական անմիջականությամբ, հագեցած ժանրին բնորոշ դիմառնության, երկխոսության, հռետորական դիմումի, հանդիպադրության, պատկերավորման ու արտահայտչական այլ միջոցներով։ Այդ գործերը գրված են հայ դասական ողբերի նմանությամբ, հատկապես՝ առկա է Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» երկի ազդեցությունը։ Փայլատակում են լավատեսության և հույսի տողեր, որոնք նորամուծություն են հայ դասական ողբի ժանրում։