Աշոտ Մուշեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Վարազդատի Մուշեղյան
Աշոտ Մուշեղյան.tif.jpg
Ծնվել է հունիսի 11, 1933(1933-06-11)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել է նոյեմբերի 8, 1994(1994-11-08) (61 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություն քիմիկոս

Աշոտ Վարազդատի Մուշեղյան (հունիսի 11, 1933(1933-06-11), Երևան, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 1994(1994-11-08), Երևան, Հայաստան), հայ ֆիզ-քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988): Մշակել է որդան կարմիրից քիմիապես մաքուր ներկանյութի ստացման նոր մեթոդ):

Գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Մուշեղյանը ծնվել է Երևանում, Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում: 1951-1956 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում, ապա ավարտել ԵՊՀ ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն: 1960 թվականին ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի հրավերով այնտեղ հիմնում է սպեկտրալ անալիզի լաբորատորիա: 1960-1976 թթ դասավանդել է Երևանի Քիմիական տեխնիկումում: 1967 թվականից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, աշխատել մայր բուհի տեսական և ֆիզիկական քիմիայի ամբիոններում՝ 1987 թվականին հիմնելով քվանտային քիմիայի ամբիոնը: 1988-1994 թթ. ղեկավարել է ԵՊՀ կատալիզի ամբիոնը: Միաժամանակ շուրջ մեկ տասնամյակ եղել է որդան կարմիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի գիտական ղեկավարը[1]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունների բնագավառներն են՝ չհագեցած միացությունների տարասեռ կատալիտիկ փոխարկումների ֆիզքիմիական օրինաչափությունների ուսումնասիրումը, անթափոն արտադրության մեջ և ավտոմեքենաների թունավոր արտանետումները վնասազերծող չեզոքարարների ստեղծման համար կիրառվող տարասեռ կատալիզատորների մշակումը: Ա. Մուշեղյանն իր դոկտորական թեզով առաջին անգամ առաջ քաշեց ացետիլենային միացությունների կատալիտիկ փոխարկումների ֆիզիկաքիմիական դրույթները: Իր առջև դրված գիտական պրոբլեմը նա լուծել է, օգտագործելով կոմպլեքսային` քվանտաքիմիական, կոնֆորմացիոն անալիզի և տատանողական սպեկտրների տեսական հաշվարկային մեթոդներ: 1988-1990- ական թվականներին Մուշեղյանն առաջ քաշեց էկոլոգիական քիմիայի գաղափարը, որի նպատակն էր օդային ավազանի պահպանումը թունավոր արտանետումներից: Նշված խնդրի շրջանակներում ուսանողական գիտական աշխատանքային խմբի հետ համատեղ նա ստեղծեց կատալիտիկ-ջերմափոխանակիչներ, մասնավորապես պղինձ-նիկելային և ալյումինային կատալիզատորներ, որոնց օգնությամբ 70-90% վնասազերծում էր ածխածնի օքսիդը (CO), ազոտի օքսիդները և ածխաջրածինները: Այս կատալիզատորները իրենց արդյունավետությամբ չեն զիջում ներկայումս կիրառվող թանկարժեք կատալիզատորներին:

Մուշեղյանի ղեկավարած աշխատանքային խմբի ջանքերի շնորհիվ հայկական որդան կարմիրն ստացավ երկրորդ կյանք: Հենվելով միջնադարյան մատենագրության և երբեմնի մոռացված ավանդույթների վրա՝ հաջողվեց ոչ միայն բացահայտել ՀՀ Արմավիրի ու հարակից մարզերի աղուտներում հանդիպող այդ զարմանահրաշ միջատի մարմնից լուսակայուն ներկանյութի ստացման դարավոր գաղտնիքը, այլև մանրազնին ուսումնասիրել նրա քիմիական կառուցվածքն իր բոլոր բաղադրիչներով, ինչպես նաև մշակել արտադրության, մասնավորապես՝ գորգագործության, մանածագործության, նաև սննդի ու օծանելիքի արդյունաբերության և բժշկության մեջ դրա կիրառության արդյունավետ եղանակները: Այդ ամենը փաստագրված է հեղինակային իրավունքներով, արտադրության համար սահմանված ռեգլամենտով և հարյուրավոր գիտական զեկուցումներով[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր, Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 3, Երևան,1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Այդ առեղծվածային որդան կարմիրը» «Ավանգարդ», 14 ապրիլի, 1982
  • «Որդան կարմիր» «Հայրենիքի ձայն», 11 հունիսի, 1986
  • «Կրկին որդան կարմիրի մասին» «Երկիր», 25 հունվարի, 1994
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Աշոտ Մուշեղյան