Աշոտ Մինասյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մինասյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Աշոտ Մինասյան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 2, 1960 (65 տարեկան) |
| Ծննդավայր | Լծեն, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ (1985) և Օրենբուրգի միջազգային իրավաբանական ինստիտուտ (2008) |
| Մասնագիտություն | ռազմական գործիչ և մաքսատան ծառայող |
| Պարգևներ և մրցանակներ | |
Աշոտ Հրանտի Մինասյան (առավել հայտնի է՝ Աշոտ Երկաթ մականվամբ, հոկտեմբերի 2, 1960, Լծեն, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և պետական գործիչ, ազատամարտիկ, Արցախյան շարժման, Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի մասնակից[1], «Սիսական» զորամիավորման հրամանատար, ՀՀ ԶՈւ և մաքսային ծառայության գնդապետ[2]։ Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության պետ (2017-2018)[2], Հայաստանի մաքսային ծառայության 1-ին դասի խորհրդական (1997)։
2025 թվականին դատապարտվել է 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ զենքի ապօրինի պահման մեղադրանքով[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Մինասյանը ծնվել է 1960 թվականի հոկտմեբերի 2-ին, Սիսիանի շրջանի Լծեն գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզում)։ 1967-1977 թվականներին սովորել է Լծենի ութամյա դպրոցում, ապա՝ Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1978-1980 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1981-1985 թվականներին սովորել և ավարտել է Լենինգրադի մշակույթի ինստիտուտը։ 1981-1991 թվականներին աշխատել է «Արփա-Սևան» շինարարական վարչությունում՝ որպես հորատող բանվոր։ 1997-1998 թվականներին եղել է «Երևան» երկաթուղային կայարանի տնօրեն։ 2004-2008 թվականներին սովորել է Օրենբուրգի միջազգային իրավաբանական ինստիտուտում։
Արցախյան շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին եղել է Սիսիանի «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնող խմբի և խորհրդի անդամ, մասնակցել է Սիսիանի շրջանի ազգային շարժման կազմակերպճական աշխատանքներին։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին Սիսիանում կազմավորել է կամավորական ջոկատ, որը 1993 թվականին ներառվել է «Սիսական» զորամիավորման կազմում։ 1992-1993 թվականներին եղել է 226-րդ առանձին մոտահրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ։ 1993-1994 թվականներին ծառայել է որպես № զորամասի հրամանատար, ապա՝ № բրիգադի հրամանատարի տեղակալ։ 1989-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Սիսիանի, Վայքի, Կապանի, Գորիսի (Խոզնավար, Տեղ, Կոռնիձոր) և Արցախի Լաչինի (հյուսիսային և հարավային սահմաններ), Մարտակերտի (Դրմբոն, Կուսապատ, Ներքին Հոռաթաղ, Մոխրաթաղ, Կիչան, Հաթերք, Ջանյաթաղ, Սարսանգի ջրամբարի դիրքեր), Քարվաճառի, Ֆիզուլու, Զանգելանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Ջիջիմլիի, Ղազանչիի, «Ուխտասար» բարձունքի, ռազմական հենակետերի ճնշման գործողություններին։ 1989-1990 թվականներին մարդասիրական օգնություն է առաքել Արցախ, իսկ 1992 թվականին ուղեկցել է Ստեփանակերտ ուղևորվող ավտոշարասյունները։
1997-1998 թվականներին եղել է «Երկրապահ» կամավորականների միության Սիսիանի բաժանմունքի նախագահ։
Մաքսային ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994-1997 թվականներին եղել է Հայաստանի մաքսային վարչության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ։ 1997 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության 1-ին դասի խորհրդականի կոչում։ 2003-2006 թվականներին աշխատել է Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ, 2006-2014 թվականներին՝ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ։ 2014 թվականի հունիսի 30-ին նշանակվել է Հայաստանի ֆինանսների նախարարության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ։ 2017 թվականին նշանակվել է ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության պետ[2]։ Պաշտոնանկ է արվել 2018 թվականի օգոստոսի 14-ին[5]։
Ազատազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Մինասյանի նկատմամբ հարուցվել են մի շարք քրեական վարույթներ[3]։ Ի սկզբանե ներգրավված է եղել՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ մեղադրանքով[3]։ Նշված քրեական գործը հարուցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո, այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում տեղի էին ունենում իշխանությունների գործողությունների դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիաներ[3]։ Այդ իրադարձությունների ֆոնին իրականացվել են մի շարք աղմկահարույց ձերբակալություններ, որոնց շրջանակում էլ Աշոտ Մինասյանը ներգրավվել է քրեական վարույթում[3]։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարեց, որ, ըստ իր տվյալների, առկա է եղել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ դեպք[3]։ 2020 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ-ն ձերբակալեց մի շարք անձնանց, այդ թվում՝ ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ նախագահի տեղակալ Վահրամ Բաղդասարյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, ինչպես նաև ՀՅԴ գործիչ Աշոտ Ավագյանին[3]։ Դատարանների որոշմամբ՝ նշված անձանց ձերբակալությունները ճանաչվել են ոչ իրավաչափ, իսկ նրանց նկատմամբ կալանավորում կիրառելու միջնորդությունները մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով[3]։ Քրեական գործի հարուցումից ավելի քան մեկ տարի անց հաստատվել է, որ ձերբակալվածների նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով[3]։
Հետագայում Աշոտ Մինասյանը դատապարտվել է ազատազրկման՝ զենքի ապօրինի պահման մեղադրանքով[3]։ Այս դրվագով Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով[3]։ Նշված դրվագով քրեական գործը 2022 թվականին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան[3]։ Նույն ժամանակահատվածում դատավոր Բորիս Բախշիյանի կողմից Աշոտ Մինասյանի նկատմամբ փոխվել է խափանման միջոց կալանքը, ինչից հետո դատավորի նկատմամբ իրականացվել են հետապնդումներ[3]։ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, հրապարակել է վճիռ՝ մեղավոր ճանաչելով Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքում[3]։ Դատարանը նրան դատապարտել է ազատազրկման 2 տարի ժամկետով[3]։ Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը հաշվի առնելով՝ վերջնական պատիժը սահմանվել է 1 տարի 10 ամիս ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվել[3]։ Մինասյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով[3]։ Դատավճռի դեմ ներկայացվել են վերաքննիչ բողոքներ[3]։ Մինասյանի պաշտպանը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ, իսկ մեղադրող կողմը պահանջել է բեկանել վճիռը և որպես պատիժ սահմանել իրական ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով[3]։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, հրապարակել է վճռի եզրափակիչ մասը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը մասամբ[3]։ Պատժի կրումից պայմանական ազատումը վերացվել է, և որպես պատիժ նշանակվել է իրական ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս ժամկետով[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք որդի։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության 1-ին դասի խորհրդականի կոչում։
- ՀՀ ԶՈՒ գնդապետ։
- Մաքսային ծառայության գնդապետ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2009)[6]։
- 2012 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով[7]։
- Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
- Արիության մեդալ։
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60 տարին» հոբելյանական մեդալ։
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։
- ՀՀ ՊՆ «Մարշալ Հ.Ք. Բաղրամյանի» անվան մեդալ։
- ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
- ՀՀ ՊՆ «1992-1994 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան։
- ՀՀ ՊՆ «50 տարի 1945-1995» հուշամեդալ։
- ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ։
- ՀՀ պատվավոր մաքսային ծառայող։
- ՌԴ սահմանապահ զորքերի «Համագործակցություն» մեդալ։
- Արցախի մայրության կոմիտեի «Մայրական երախտագիտություն» պարգև։
- ՀՀ ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է. շնորհավորում ենք». syuniacyerkir.am. 2020 թ. հոկտեմբերի 2. Վերցված է 2026 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության պետի գույքն ու եկամուտները». iravaban.net. 2018 թ. ապրիլի 21. Վերցված է 2026 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 ««Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դատապարտվել է ազատազրկման՝ զենք պահելու մեղադրանքով». aravot.am. 2025 թ. սեպտեմբերի 3. Վերցված է 2026 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում. Աշոտ Մինասյան». news.am. 2026 թ. հունվարի 1. Վերցված է 2026 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Ի՞նչ է կատարվում Սիսիանում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչությունում». syuniacyerkir.am. 2019 թ. ապրիլի 22. Վերցված է 2026 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գնդապետներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ ռազմական գործիչներ
- Արիության մեդալակիրներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- 44-օրյա պատերազմի մասնակիցներ հայկական կողմից