Անտառի տնակը
Անտառի տնակը | |
---|---|
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակված է | 1978 |
Թարգմանիչ | Հովհաննես Թումանյան |
Վիքիդարան | Անտառի տնակը |
«Անտառի տնակը», Հովհաննես Թումանյանի թարգանությամբ լույս տեսած հեքիաթ։ Նա թարգմանել է Գրիմ եղբայրների համանուն հեքիաթը[1]։ Հեքիաթն առանձին հրատարակությամբ լույս չի տեսել։ Այն զետեղված է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գրքում։ Տպագրվել է Երևանում՝ 1988 թվականին։ Հեքիաթի մոտիվներով 2018 թվականին նկարահանվել է մուլտֆիլմ ՝ համանուն վերնագրով[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանի «Անտառի տնակ» հեքիաթը պատմում է մի ընտանիքի մասին, ում խրճիթը գտնվում էր անտառի եզրին։ Խրճիթում բնակվում էին փայտահատն ու իր կինը ՝ երեք աղջիկների հետ։ Հայրն աշխատանքի գնալիս կնոջը պատվիրում է, որ մեծ աղջկա հետ հաց ուղարկի, և որպեսզի աղջիկն անտառում չմոլորվի հայրը ճանապարհին կորեկ է շաղ տալիս։
Թռչունները կորեկը կերած են լինում, և աղջիկը ճանապարհը չի գտնում ու մոլորվում է անտառում։ Արդեն մութն ընկնած է լինում, երբ տեսնում է ծառերի արանքից նշմարվող լույսը։ Տեսնելով անտառի խորքի տնակը՝ մոտենում է, դուռը թակում․ դուռը բացում է մի ալևոր ծերունի։ Աղջիկը խնդրում է թույլ տալ գիշերն այնտեղ անցկացնի։ Ծերունին հարցնում է իր հետ ապրող երեք կենդանիներին․
-Սիրուն հավիկ, իմ լավիկ,
Չալ ու նախշուն իմ կովիկ
Եվ դու, աքլոր փահլևան,
Ի՞նչ եք ասում դուք սրան։
Կենդանիները համաձայնվում են։ Աղջիկն ընթրիք է պատրաստում իր և ծերունու համար։ Ուտում է, կշտանում և գնում քնելու՝ չկերակրելով կենդանիներին, որոնք թույլ էին տվել նրան այդտեղ գիշերելու։ Չսպասելով ծերունուն՝ քնում է։ Կես գիշերին ծերունին բացում է աղջկա անկողնու տակ գտնվող դուռն ու աղջկան ցած նետում։
Հաջորդ օրը միջնեկ դստերն են ուղարկում հոր համար հաց տանելու։ Հայրն այս անգամ ճանապարհին ոսպ է շաղ տալիս, բայց դարձյալ թռչունները կերած են լինում և աղջիկը մոլորվում է անտառում։ Նույնը տեղի է ունենում միջնեկ աղջկա հետ։ Փայտահատը հաջորդ օրը կրտսեր աղջկան է ուղարկում։ Մայրն արտասվում է․ չի ուզում փոքր աղջկան էլ կորցնել, բայց հայրն ասում է, որ չի կորչի, խորամանկ է։ Այս անգամ էլ սիսեռ է շաղ տալիս ճանապարհին։
Սիսեռը թռչունները կերած են լինում, աղջիկը մոլորվում է և ընկնում է նույն տնակը։ Հավը, կովն ու աքլորը թույլ են տալիս գիշերել տնակում։ Աղջիկը մոտենում, փաթաթվում է կենդանիներին։ Ծերունու պատվերով ընթրիք է պատրաստում՝ սկզբում կերակրելով կենդանիներին ու ծերունուն, հետո նոր ինքն է ընթրում։ Աղջիկը բացում է անկողինը, սպասում է, որ ծերունին քնի, նոր ինքն է պառկում քնելու։
Գիշերը տունը ցնցվում է, պայծառանում և վերածվում շքեղ պալատի։ Երբ արթնանում է, կողքին տեսնում է մի գեղեցիկ երիտասարդի։ Տղան պատմում է, որ չար վհուկը կախարդել էր իրեն ու դատապարտել, որ ծերունու կերպարանքով ապրի անտառի խորքում իր երեք ծառաների ՝ կովի, աքլորի և հավի հետ այնքան, մինչև հայտնվեր մի բարի աղջիկ, որ կարեկից կլիներ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին։ Իսկ աղջկա քույրերը փակված էին ներքնահարկում, որոնց թագավորն ուղարկելու էր անտառ ածխարարի մոտ ծառայելու, որ սովորեն բարի լինել և մտածել կենդանիների մասին[3]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փայտահատ
- Փայտահատի կին
- Փայտահատի երեք աղջիկներ
- Ծերունի
- Կենդանիներ՝ աքլոր, կով, հավ
Ամփոփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթի հերոսներն անանուն են։ Հերոսները հայտնվում են կարևոր իրադրությունում և պետք է դրսևորեն իրենց։ Բայց միայն կրտսեր աղջիկն է հաջողության հասնում, որովհետև նա հարգալից էր թե՛ մեծերի, թե՛ կենդանիների հետ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գրիմ եղբայրներ. «Անտառի տնակը» – ԳՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ Հեքիաթ/heqiat - Գրիմ եղբայրներ ` Անտառի տնակը (աուդիո հեքիաթ/ audio heqiat), Վերցված է 2024-02-29-ին
- ↑ Թումանյան, Հովհաննես (1988). Անտառի տնակը. Երևան: Հեքիաթներ. էջեր 305–314.
- ↑ Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես Թումանյան (PDF). Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)