Անտառային թաղիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառային թաղիք, մեռյալ ծածկոց անտառի հողի մակերեսին, օրգանական թափուկների (տերևներ, մանր ճյուղեր, ծաղկի, պտղի, արմատի, կեղևի մնացորդներ) քայքայումից և դրանց հետագա կուտակումից առաջացած շերտ։ Անտառային թաղիքի առանձին շերտերում օրգանական թափուկը գտնվում է քայքայման տարբեր փուլերում։ Դրա հզորությունը պայմանավորված է ծառուտի կազմով, ձևով, հասակով, հողի ջրային ռեժիմով, տեղի կլիմայական պայմաններով, կրծող կենդանիների ակտիվությամբ և այլ գործոններով։ Սաղարթավոր հասուն անտառներում անտառային թաղիքը տարեկան մինչև 3 հզ. կգ/հա է, ասեղնատերև անտառներում՝ 3-6 հզ. կգ/հա, իսկ առավել խոնավ անտառներում՝ 25-30%-ով ավելի։

Անտառային թաղիքի հզորությամբ են պայմանավորված անտառի ջրակարգավորիչ և հողապաշտպան հատկությունները, ջրաջերմային ռեժիմը և այլն։ Սպունգանման կառուցվածքի շնորհիվ այն ներծծում է մթնոլորտային տեղումներից առաջացած խոնավությունը, կանխում մակերեսային հոսքի առաջացումը, հողերի էրոզիան, կանոնավորում շրջակա հողերի ջրային ռեժիմը, աղբյուրների և գետերի կայուն ջրհոսքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային թաղիք» հոդվածին։