Աննա Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Դավթյան
Լուսանկարի հեղինակը՝ Դըրք Սկիբա (Dirk Skiba)
Ծնվել էփետրվարի 14, 1983(1983-02-14) (41 տարեկան)
ԾննդավայրԱրթիկ
Մասնագիտությունգրող, լուսանկարիչ, թարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Խաննա» վեպ
ԱշխատավայրԹումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Աննա Դավթյան (փետրվարի 14, 1983(1983-02-14)), ժամանակակից հայ գրող, լուսանկարիչ և թարգմանիչ։ Ապրում և գործունեություն է ծավալում Հայաստանում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արթիկ քաղաքում, 1983-ի փետրվարի 14-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն բաժինը, այնուհետև Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի ֆոտոլրագրության բաժինը։ Բազմաթիվ հրապարակումներ ունի Ինքնագիր[2]», Գրանիշ[3]», Գարուն, Գրեթերթ, Բագին, Նարցիս, Արտերիա, Կայարան, Երևան ամսագրերում ու առցանց կայքերում։ Գրքի երևանյան 3-րդ փառատոնի «Արձակ» անվանակարգի առաջին մրցանակակիրն է (2019)։ 2022-ին Աննան հաղթել է Creative Armenia կազմակերպության Բրյուսելում կայանալիք «Վիլա Էմպեն» գրողական կացատան ծրագիրը և մեկ ամիս անցկացրել է Բրյուսելի հրաշագեղ արտ դեկո կացատանը՝ աշխատելով շուտով լույս տեսնելիք երկրորդ վեպի վրա։ Մուլտիմեդիա ֆիլմերի հեղինակ է, որոնք ընդգրկում են վավերագրություն, լուսանկարչություն, պոեզիա։

Մինչև 2014 թվականը դասավանդել է Այբ դպրոցում՝ որպես լուսանկարչության ուսուցիչ։ Այժմ աշխատում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես ստեղծագրության դասընթացավար։ Ներկայումս աշխատում է Արցախյան պատերազմին նվիրված վեպի վրա, որի առաջին մասն ավարտել է Բրյուսելի «Վիլա Էմպեն» կացատանը (այս վեպը նույնպես ստացել է ԿԳՄՍՆ դրամաշնորհը, 2022), ինչպես նաև «Հայաստանի ծովափին»[4] երկարատև լուսանկարչական շարքի վրա[5]»:

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիրք շնորհակալության» (ակտուալ ա, 2012, Երևան)՝

հեղինակի առաջին երկլեզու (հայերեն, անգլերեն՝ հեղինակի թարգմանությամբ) բանաստեղծությունների ժողովածուն է[6]։ «Գիրք շնորհակալության» ժողովածուից՝

  • Ես անուն չեմ
  • The Most that I Have
  • Պատարագ

«Մի նավաբեռ մեխակներ Հրանտ Դինքի համար»՝

Աննա Դավթյանի պիեսը 2015 թվականին պատվիրվել է գերմանական «Կրեֆելդ ունդ Մյոնշենգլադբախ» թատրոնի կողմից` Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ, թարգմանվել է գերմաներեն և թատրոնի խաղացանկում է մնացել երկու տարի։ Պրեմիերան կայացել է 2016-ի սեպտեմբերին[7]։ 2022 թ-ի Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակում այս պիեսը արժանացել է «Դրամատուրգիա» անվանակարգի մրցանակին։ 2023 թ-ի Ապրիլի 24-ին պիեսը լույս է տեսել առանձին գրքով Իրանում՝ պարսկերեն թարգմանությամբ։ Գրքի տպաքանակն սպառվել է օրերի ընթացքում։

«Խաննա» (Մետրո հրատարակչություն, 2020, Երևան)՝

Դավթյանի վեպը «ԿԳՄՍ ստեղծագործողների և հետազոտողների 2019-ի դրամաշնորհի» հաղթողներից է։ Հրատարակումից հետո, չնայած պատերազմական և հետպատերազմական իրականությանը, մեծ արձագանք է գտել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ «Խաննան» անդրադառնում է միջին տարիքի կնոջ կյանքին, սիրո ցանկությանը, սեռականությանը, ցավին, խնդիրներին, ուժին, կամքին, երազներին ու սահմանախախտությանը[8]։ Գրքում պատկերված է ամբողջ Հայաստանը, բայց մասնավորապես ներկա է Շիրակի մարզը, Արթիկ քաղաքը։ Առկա են դետեկտիվ տարրեր, կա ապրիլյան պատերազմը, հետաքրքիր հերոսներ, պատմական փաստեր՝ սովետական, անկախության ու ավելի ուշ շրջանից, ու տվյալներ ու հուշեր հերոսի կյանքից, որոնք գրված են բնականությամբ ու անկաշկանդորեն։ Անգնահատելի է վեպի լեզուն՝ նոր ձևով ու համարձակությամբ հնչող հայերենը[9]։

«Բուկետ» (Մետրո հրատարակչություն, 2023, Երևան)՝

Դավթյանը երկերի ժողովածուի համար արժանացել է «ԿԳՄՍ ստեղծագործողների և հետազոտողների 2021 թվականի դրամաշնորհին»։ «Բուկետ» երկերի ժողովածուում ընդգրկված են հեղինակի` «Խաննայից» առաջ, ընթացքում և հետո գրված բազմաժանր 33 ստեղծագործություններ, որոնց թվում են Գրքի երևանյան երկու փառատոնների «Արձակ» (2019) և «Դրամատուրգիա» (2022) անվանակարգերում հաղթած պատմվածքներ ու «Մի նավաբեռ մեխակներ Հրանտ Դինքի համար» պիեսը։

«Բուկետը», վարիացիաների տրվելով, իրար է հյուսում սերը, հիացումը, հուսահատությունը, կնոջ աշխարհը, տղամարդու աշխարհը, ցավը, Աղետը, պատերազմը, հույսն ու հարցը` ո՞վ կարող է ետ պատմել։ Ժողովածուն իր ձայնի 33 երանգներով արտահայտում է բազմաց ձայնը` ոչ միայն ներբերելով դրանք, այլև լսած լինելով ու դառնալով այդ ձայները։

Բուկետն ընդգրկում է պատմվածքներ, էսսեներ, պիես, բանաստեղծություններ և հեղերգեր (վարիացիաներ), որը հռչակում է որպես նոր ժանր։

Բազում հրապարակումներ ունի միջազգային ականավոր ամսագրերում՝

  • Los Angeles Review of Books – Էսսե «Միշտ կերգվի» (“It Will Always Be Sung”) – թարգմ. Շուշան Ավագյան – 25/03/2021
  • LCB diplomatique (Գերմանիա)- Էսսե-լուսանկար “Hold the Freedom Door, Hodor!” – 02/08/2021 (հայերեն, անգլերեն (թարգմ՝ Միքայել Կոշկարյան), գերմաներեն)
  • House of Poetry (Գերմանիա) – Rethinking the Myth “Rape of Europa” – «Առաքանի» /էսսե/ սեպտեմբեր, 2021 (հայերեն, գերմաներեն՝ թարգմ. Շտեֆան Հեյման)
  • demo.ge – Բանաստեղծություններ՝ թարգմանված վրացերեն (թարգմանիչ Ասյա Դարբինյան) – 2022

Թարգմանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավթյանի թարգմանական գործունեությունը կենտրոնանում է հիմնականում Բիթնիկների սերնդի վրա. թարգմանել է Ալեն Գինսբերգի հայտնի «Ոռնոց» բանաստեղծությունը, նաև հեղինակի այլ բանաստեղծություններ։ Անգլերենից հայերեն է թարգմանել նոբելյան մրցանակակիր Ալիս Մանրոյի «Կյանքի սիրույն» պատմվածքների ժողովածուն, ինչպես նաև Դորիս Լեսինգ, Քարոլին Ֆորշե, Դավիթ Խերդյան, Քրիստոֆեր Ադամյան, Ուիլյամ Կառլոս Ուիլյամս, Ռիչարդ Բրոտիգան և այլն։

  • Ալեն Գինսբերգ - Ոռնոց
  • Ալեն Գինսբերգ - Բանաստեղծություններ
  • Ալիս Մանրո «Կյանքի սիրույն» պատմվածքների ժողովածու
  • Քարոլին Ֆորշե - Բանաստեղծություններ
  • Դավիթ Խերդյան - Հիշողության մնացորդներ
  • Դավիթ Խերդյան - Խաղաղ գոյություն
  • Քրիստոֆեր Ադամյան - Սուրբ բանաստեղծություններ
  • Ուիլյամ Կառլոս Ուիլյամս - Ասֆոդել՝ այդ կանաչավուն ծաղիկը
  • Ռիչարդ Բրոտիգան - Երբեք չեմ արել սա ավելի քնքշորեն

Լուսանկարչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավթյանի լուսանկարչական «Աղվեսագիրք» շարքը ուսումնասիրում է կանացիության, իրականության և երևակայության սահմանները։ Շարքը ցուցադրվել է «Շառը դրախտում» ցուցահանդեսին (Երևան, 2014)[10]։

Գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարցազրույց Ա. Դավթյանի հետ - Բուն TV – ա~երով զրույց (2022)
  2. Ա. Դավթյանի ստեղծագործությունները Inknagir.org-ում
  3. Ա. Դավթյանի ստեղծագործությունները Granish.org-ում
  4. TATLIN – Արվեստի ռուսական ամսագիր – «Կովկասյան անդրադարձներ» ցուցադրության մասին Եկատերինբուրգում (2018)
  5. Շարքը տե՛ս կայքում
  6. «Գրքի մասին տե՛ս հրատարակչության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  7. Տե՛ս կայքում
  8. Խաննա՝ հատվածներ
  9. Վեպից հատված է տպագրել հայտնի միջազգային ամսագրերից մեկը՝ Asymptote-ը
  10. Տե՛ս lusadaran.org-ում