Անձրևացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտային ոռոգում անձրևացման եղանակով

Անձրևացում, անձրևացման ագրեգատներով ոռոգման մեքենայացված եղանակ՝ երբ ջուրն արտանետվում է օդ, կոտորակվում մանր կաթիլների և անձրևանման թափվում ոռոգվող հողամասի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործնականում լայն կիրառություն են ստացել կարճաշիթ, հեռաշիթ և կախովի ագրեգատները։ Անձրևացումը 10–40%-ով բարձրացնելով վերգետնյա օդի շերտի խոնավությունը՝ նվազեցնում է ջրի գոլորշիացումը հողի մակերևույթից։ Ոռոգող ջուրը հագենում է թթվածնով և այլ գազերով, լվանում տերևների փոշին։ Անձրևացումը կանխում է հողերի աղակալումն ու ճահճակալումը, քիչ է խախտում հողի կառուցվածքը, հեշտացնում է դաշտավարական աշխատանքների մեքենայացումը (ջրատարներ, ակոսներ չեն անցկացվում), կրճատում Է ջրի կորուստը և կարգավորում ոռոգող ջրի քանակը։ Անմեղսունակությունը ոռոգման լավագույն ձև է հատկապես կտրտված ռելիեֆի պայմաններում։ Ոռոգման հետ միաժամանակ կարելի է կատարել բույսերի արտարմատային սնուցում, հիվանդությունների և վնասատուների դեմ սրսկումներ։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձրևացման առավելություններից են՝ ջրման փոքր չափաքանակների պայամաններում հաճախակի ջրելու, բարդ միկրոռելիեֆի պայմաններում կիրառման, ինչպես նաև հովացնող ջրման հնարավորությունը, գրունտային ջրերն ու աղակալած հողերը ավելի բարձր տեղադրված հողերի համար կարևոր հողի թրջման փոքր խոնավությունը, անձրևի ոչ մեծ ուժի և սաստկության դեպքում հողի կառուցվածքի պահպանումը, գոլորշացումը փոքրացնող հողամերձ օդի շերտի խոնավացումը և այլն։ Բույսերի վրա ունենում է բարենպաստ ազդեցություն և նպաստում նրանց կենսընթացների ակտիվացմանը։ Հողերի ջրային ռեժիմի կարգավորման շնորհիվ աճում է մշակաբույսերի բերքատվությունը[1]։

Ջրի հետ կարելի է ներմուծել պարարտանյութեր, պեստիցիդներ, աճի խթանման և այլ նութեր։ Անկայուն խոնավեցման շրջաններում ոռոգման և ջրման փոքր չափաքանակներով արդյունավետ է հացահատիկային, կերային, տեխնիկական, բանջարանոցային, պտղատու և հատապտղատու մշակաբույսերի, մարգագետինների և խոտհարքների ոռոգման ժամանակ։ Անձրևացանի կիրառումը արդյունավետ է նաև չորացվող հողերում, ուժեղ ջրաթափանցությամբ գրունտների վրա ձևավորված փոքր հզորության հողերում, զգալի թեքություններով անբարենպաստ բարդ ռելիեֆի պայմաններում, թարմացնող ջրումներ անելու և վեգետացիայի շրջանում ցրտահարության դեմ պայքարելու, նաև սահմանափակ ջրային պաշարների պայմաններում[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի սովորական անձրևացումից կիրառում են սաղարթագագաթային, ենթասաղարթային և ցայտոցային անձրևացումներ։ Ցայտոցային անձրևացման ժամանակ ապահովվում է հաճախակի ջրում, որը հնարավորություն է տալիս կարգավորել բույսերի վերնամասերի միկրոկլիման։ Կիրարվում է Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Մոլդովայում, Հարավային Ուկրաինայում և այլուր[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայտոցային անձրևացման համակարգը բաղկացած է պոմպակայաններից, ոռոգման ցանցից, կառավարման ազդանշանների գեներատորներից և ուժեղացուցիչներից, ցայտոցային անձրևացիր սարքերից, կապուղիներից, ջրման ինքնաշխատ կառավարման համակարգից և այլն[1]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 428

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]