Jump to content

Անկումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկումը
La Chute
ՀեղինակԱլբեր Կամյու
Տեսակգիրք
Ժանրփիլիսոփայական վեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Նկարագրում էԱմստերդամ և Փարիզ
Էջեր79
ԵրկիրՖրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
ՀրատարակիչԳալլիմար
Հրատարակման տարեթիվ1956
Հրատարակում հայերեն1991
ԹարգմանիչԳր. Քեշիշյան
ԳՄՍՀ0-394-70223-9
OCLC10362653
ՎիքիքաղվածքԱնկումը

Անկումը (ֆր.՝ La Chute)՝ ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի փիլիսոփայական վիպակն է[1], որն առաջին անգամ տպագրվել է 1956 թվականին։ Վիպակը հանդիսանում է Կամյուի վերջին ավարտուն գիրքը։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսական ժառանգության յուրօրինակ համառոտագրությունն է, ուր, ասես ոսպնյակում, ի մի են բերված ստեղծագործական գրեթե բոլոր մոտիվները։ Իր հերոսի ինքնախոստովանությամբ՝ Կամյուն տվել է ժամանակակից մարդու ներաշխարհի ամբողջական և ուրույն մի համայնապատկեր, որը, կարելի է ասել, բնութագրական է դարաշրջանի իմաստով։ Վիպակի հիմնախնդիրը համատարած անկման պատմությունը կերտելն է, որում բացահայտված են ստի, կեղծիքի, փարիսեցիության, աբսուրդի (իր բոլոր դրսևորումներով), մարդկային հարաբերությունների ենթագիտակցական այլասերման, օտարման, խորթացման հոգևոր, հոգեբանական, սոցիալական և բարոյական հիմքերը։

Պատմողի հետ հանդիպումը տեղի է ունենում Ամստերդամի բարում[2]։ Պատմողը նախկին փաստաբան է, որը մեծ պրակտիկա ուներ Փարիզում։ Իր կյանքում տեղի ունեցած բեկումնային դեպքերից հետո տեղափոխվել է Հոլանդիա՝ փրկվելու համար հիշողություններից։ Նա շփվող է և օգտագործում է բարը որպես տաճար։ Նա անկեղծորեն պատմում է իր մասին, և մարդիկ փոխադարձաբար պատմում են նրան իրենց կյանքը, ասես խոստովանահորը։ Փարիզում նա պաշտպանում էր այրիներին և ծնողազուրկներին։ Վաստակում էր վիճելով և հաղթելով մարդկանց, որոնց արհամարհում էր։ Նա պաշտպանում էր միայն արդար գործերը։ Կաշառք չէր վերցնում, մեքենայությունների չէր դիմում, աղքատներին օգնում էր անվճար։ Մի երեկո նա անցնում է Արվեստների կամրջով։ Կանգ է առնում և նայում է գետին։ Նրա մեջ աճում է սեփական ուժի գիտակցությունը։ Հանկարծ ծիծաղ է լսում։ Շրջվում է, սակայն ոչ ոքի չի տեսնում։ Գալով տուն, նա տեսնում է հայելում իր ժպտացող դեմքը։ Սակայն ժպիտը նրան կեղծ է թվում։ Այդ պահից սկսած նրան թվում է, որ լսում է իր մեջ այդ ծիծաղը։ Կլեմանսին սկսում է թվալ, որ իր մեջ ինչ-որ լար է փչացել։ Որ նա ներքուստ պառակտվել է։ Սկսում է իր մեջ կատակերգական դերասանի գծեր նկատել։ Նրան օրեցօր ավելի ու ավելի է սկսում անհանգստացնել իր եսը։ Նրան չեն հուզում կանայք, սակայն նա պատրաստ չէ բաց թողնել նրանց՝ կապ պահպանելով միաժամանակ մի քանիսի հետ և դժբախտ դարձնելով նրանց։ Հետագայում նա հասկանում է, որ այդ շրջանում պահանջում էր մարդկանցից ամեն բան և փոխարենը ոչինչ չէր տալիս։ Հիշելով այդ շրջանը՝ նա ամոթ է զգում։ Նոյեմբերյան մի գիշեր նա իր սիրուհու մոտից տուն վերադառնալիս անցնում է Թագավորական կամրջով։ Հանդիպում է մի կնոջ։ Իջնելով կամրջից լսում է ջրի մեջ ընկնող մարմնի ձայն և բղավոց։ Մի պահ ցանկանում է շրջվել և օգնության կանչել, սակայն փոշմանում է և շարունակում իր ճանապարհը։ Այդ մասին ոչ ոքի չի պատմում։ Նրա հարաբերությունները ընկերների և ծանոթների հետ արտաքուստ մնում են նույնը։ Սակայն ներքուստ ինչ-որ բան փոխվում է։ Մարդիկ նրան սկսում են թվալ օտար։ Սկսում են թվալ դատավորներ։ Նա նկատում է, որ ունի թշնամիներ, քանի որ պարզում է, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր նախանձում են երջանիկ և հաջողակ մարդու իր կերպարին։ Նրան սկսում է թվալ, որ ողջ աշխարհը ծիծաղում է նրա վրա։ Այդ պահից փորձում է պատասխանել այդ ծիծաղին։ Նա դիմում է էպատաժի։ Կանայք ձանձրացնում են նրան, որովհետև նա այլևս չի խաղում նրանց հետ։ Հոգնելով սիրուց՝ նա տրվում է այլասերությանը, որը հրաշալիորեն փոխարինում է սիրուն և վերջ է տալիս ծիծաղին։ Ալկոհոլը և կանայք նրան թեթևացնում են, սակայն վրա է հասնում հոգնածությունը, որը հիմա էլ տանջում է նրան։ Անցնում է մի քանի տարի, նրան թվում է, թե ճգնաժամն անցյալում է, սակայն նա հասկանում է, որ դա այդպես չէ, Սենից եկող բղավոցը, որը նա լսել էր այն գիշեր, մշտապես նրա հիշողության մեջ է։ Մի օր «Մեխիկո Սիթի» բարում նա պատին տեսնում է Վան Էյկի «Անկաշառ դատավորները» նկարը, որը գողացվել էր սբ. Բավոնի տաճարից։ Բարի մշտական այցելուներից մեկը տվել էր այդ նկարը բարի տիրոջը մեկ շիշ օղու փոխարեն։ Երեք երկրների ոստիկանություններ փնտրում էին այդ նկարը։ Կլեմանսը համոզում է բարի տիրոջը թույլ տալ իր մոտ պահել այդ նկարը։ Նա սկսում է իր բոլոր զրուցակիցներին պատմել այդ մասին։ Զրուցակիցներից յուրաքանչյուրը կարող է մատնել իրեն։ Ենթագիտակցորեն նա հենց դա էլ ցանկանում է՝ զգալով իր մեղքը ինքնասպան եղած կնոջ հանդեպ։ Այդ աղջկան փրկելու հնարավորություն նա այլևս երբեք չի ունենա։ Սակայն սրտի ծանրությունը երբեք չի լքի նրան։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինչքան շատ եմ ես ինձ մեղադրում, այնքան շատ իրավունք ունեմ ձեզ քննադատելու։
  • Մարդը երբեք կեղծավոր չի լինում իր հաճույքներում։
  • Չափազանց շատ մարդիկ են որոշել ողորմած լինել` առանց մեծահոգության։
  • Եթե դուք հանցագործին ասեք, որ իր կատարած հանցանքը կապված չէ նրա բնույթի, բնավորության հետ, այլ հետևանք է նրա կյանքի դժբախտ դեպքերի` նա ձեզ անսահման շնորհակալ կլինի։
  • Իսկական սերը բացառիկ երևույթ է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում։ Մնացած ժամանակ սիրուն փոխարինում է սնափառությունը կամ ձանձրույթը։
  • Մարդիկ շտապում են քննադատել քեզ, որպեսզի իրենք զերծ մնան քննադատությունից։
  • Ես ընկերներ չունեմ. միայն համախոհներ։
  • Վատ մարդիկ պարզապես չեն լինում, այլ՝ մարդիկ, որ լույսը կորցրած են լինում։ Այո մենք մեր լուսատու աստղն ենք կորցրել, մեր առավոտները, մեր սուրբ անմեղությունը, որ ինքն իրեն ներում է։
  • Ես սիրում եմ ապրել, ահա իմ իսկական թուլությունը։ Ես կյանքը այնքան եմ սիրում, որ անկարող եմ կյանքից դուրս որևէ բան երևակայել։ Ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից։
  • Մարդիկ անմահություն են խաղում, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ մի քանի շաբաթ հետո կամ թեկուզ հաջորդ առավոտը կարո՞ղ են ոտքի կանգնել։
  • Դու ծանոթանում ես նոր մարդու հետ և սուզվում ես նրա մեջ։ Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են ու Դու լողում ես նրանց մեջ, վայելում ես նոր զգացողությունները, նոր գիտելիքները, նոր փորձը։ Բայց ինքդ քո մեջ, Դու հասկանում ես, որ մի օր էլ այդ խորը մարդու հատակին կհասնես և կլինի՞ արդյոք բավական տվյալ խորությունը, որպեսզի Դու մնաս։ Կան նաև մանր մարդիկ, որոնց մեջ Դու մտնում ես ասես առվակի մեջ և միանգամից զգում ես նրանց հատակը։ Դու դուրս ես գալիս նրանց միջից արագորեն, անցավ, առանց հույզերի և հեշտությամբ շարժվում ես առաջ, կարծես նրանք երբեք էլ չեն եղել …Խորը մարդիկ երկար են հիշվում։
  • Դուք նկատած կլինեք. մարդիկ կան, որոնց կրոնը բոլոր վիրավորանքները ներելն է. նրանք իսկապես ներում են, բայց երբեք չեն մոռանում։ Ես այնքան լավ կտորից չէի ստեղծված, որ վիրավորանքները ներեի, պարզապես մոռանում էի։ Եվ նա, ով կարծում էր, թե իրեն ատում եմ, ապշում էր՝ տեսնելով, որ ես մեծ ժպիտով եմ դիմավորում իրեն։ Ըստ իր բնավորության՝ նա հիանում էր իմ մեծահոգությամբ կամ արհամարհում էր իմ վախկոտությունը, առանց մտածելու, որ իմ տրամաբանությունը ավելի պարզ էր. ես նույնիսկ իր անունը մոռացած էի լինում։ Այն անկարողությունը, որ ինձ անտարբեր էր դարձնում կամ ապաշնորհ, ինձ տալիս էր մեծահոգի մարդու տեսք։
  • Մարդիկ համոզվում են ձեր իրավացիության, ձեր անկեղծության և ձեր վշտերի լրջությանը միայն ձեր մահով։
  • Հանցանքը միշտ էլ պաշտպաններ կգտնի, իսկ անմեղությունը` երբեմն։
  • Ես իմ կյանքում միշտ մի մեծ սեր ունեցա, և այդ սիրո առարկան միշտ ես եղա։
  • Ե՛ս, ե՛ս, ե՛ս, ահա իմ սիրելի կյանքի կրկներգը։
  • Ֆիզիկական խանդը երևակայության և սեփական անձի մասին նրանց ունեցած մեծ կարծիքի արդյունքն է։
  • Որքան ես դատապարտում եմ ինձ, այնքան իրավունք եմ ունենում դատելու ձեզ։ Ավելին, ես ձեզ մղում եմ ինքներդ ձեզ դատելուն։
  • Բոլոր դեպքերում շարունակել, միայն շարունակել, ահա թե ինչն է գերմարդկային։
  • Որոշ տարիքից հետո ամեն մարդ պատասխանատու է իր դեմքի համար։

Ժան Պոլ Սարտրը այսպես է նկարագրել վիպակը.՝

«Միգուցե ամենագեղեցիկ և ամենաքիչ հասկացված գործը» Կամյուի գրքերից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. « À l'origine, La Chute, court roman devait prendre place dans un recueil de nouvelles », Véronique Anglard, Albert Camus, "La chute", Editions Bréal, 1997, p. 8
  2. In the novel, Clamence mentions "sailors' bars in the Zeedijk". In the 1950s a bar called Mexico City was located much near the Zeedijk, at Warmoesstraat 91. Camus visited the area in October 1954, when a Dutch acquaintance took him on a tour of "hidden" locations in Amsterdam.[1] Արխիվացված 2022-01-26 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկումը» հոդվածին։