Անի։ Կանանց ելքը եկեղեցուց
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վարդգես Սուրենյանց |
տարի | 1905 |
բարձրություն | 133 սանտիմետր |
լայնություն | 107 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Անի.Կանանց ելքը եկեղեցուց», Վարդգես Սուրենյանցի կտավ։ Հիմք կա ենթադրելու, որ այս նկարը մտահղացված է եղել ավելի վաղ որպես շարունակություն 1890-ական թվականների գործերի, բայց գաղափարը հասունացել է 1905 թվականին[1]։ Կտավն այժմ ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ[2]։
Թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կանանց ելքը եկեղեցուց» նկարի սյուժեն վերցված է Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիի անցյալից, 12-րդ դարից։ Գաղափարը սելջուկների տիրապետության շրջանում պետական ինքնավարությունից զրկված հայ ժողովրդի տնտեսական ծանր կացության և խավարամոլության հետևանքով առաջացած կրոնական հավատալիքի գոյության փաստի հաստատումն է։ Նկարիչը թեպետ հեռավոր անցյալն է նկատի ունեցել, բայց նույնպիսի դրություն գոյություն ուներ և 20-րդ դարի սկզբներին՝ նկարչի ապրած տարիներին, սուլթանական Թուրքիայի և ռուսական ցարիզմի բռնակալության պայմաններում[1]։
Այս և Սուրենյանցի մի շարք այլ կտավներ աչքի են ընկնում երկրաչափական առավել բարձր ճշգրտությամբ։ Եկեղեցական ճարտարապետության դրվագների պատկերումների շնորհիվ նկարիչը շեշտել, ուժեղացրել է հոգևորի և մտավորի այն ներդաշնակությունը, որ կարող է ազգի գոյության լավագույն առհավատչյան լինել[3]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կանանց ելքը եկեղեցուց» նկարը թափանցված է խորհրդավոր լռությամբ, մարդիկ համակված են խորին տրտմությամբ։ Սուրենյանցը պատկերել է եկեղեցուց դուրս եկած կանանց, ովքեր սպիտակ ծածկոցների մեջ պարուրված, գլխիկոր, յուրաքանչյուրն իր մտքերի մեջ խորասուզված, տխուր տրամադրությամբ տուն են ուղևորվում։ Ընդամենը մի քանի րոպե առաջ նրանք եկեղեցում էին և աղոթում էին հույսով ներշնչված։ Սակայն նրանց ապրումները վկայում են, որ հուսատու եկեղեցին անզոր է եղել փարատելու նրանց հոգսը, սփոփելու նրանց վիշտը։ Ըստ իրենց արտաքին հատկանիշների, նկարի կանայք պատկանում են աշխատավոր ժողովրդի խավին։ Պատկերի հուզականությունը ուժեղացնելու համար նկարիչը եկեղեցու գավթում պատկերել է գետնին նստած, ցնցոտիների մեջ, կիսամերկ ողորմություն հայցող աղքատ կնոջ, ում կարեկցելով ողորմություն է տալիս ժամավորներից մեկը[1]։
Այս հորինվածքում Սուրենյանցը նախընտրել է հեռանկարային կոմպոզիցիոն կառուցման որոշակի տիպ, և հատկապես ճակատային կենտրոնային, որի դեպքում տարածության հիմնական մասերը զուգահեռ են նկարի հարթությանը, իսկ հատման կետն ընկնում է պատկերի ուղղահայաց առանցքին։ Նկարի տեկտոնիկան պատճառաբանված է նաև ճարտարապետությամբ, որն իր խստապահանջ չափվածությամբ և վեհասքանչությամբ ծառայում է ոչ միայն որպես խորք, այլ նաև հիմք ստեղծում պատկերի կառուցվածքային կազմակերպման համար[4]։
Առավել չափով նկատելի դարձնելու համար կանանց, ովքեր պատկերի թե՛ գաղափարի, թե՛ կոմպոզիցիայի գլխավոր առանցքն են, Սուրենյանցը սեղմել է եկեղեցու գմբեթի մասը, ընդլայնել է դեպի գավիթ տանող աստիճանները, որով ստեղծել է հանդիսավորություն։ Գեղանկարի մեծ զգացողություն է պահանջվել գավթի համեմատաբար սառը կոլորիտի հետ այնպես հմտորեն ներդաշնակելու կանանց կարմրավուն զգեստները և սպիտակ ծածկոցները, որոնք վետվետում են իրիկնային լույսերի ցոլքերի մեջ[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զոհրաբյան Շ., «Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները», Երևան, 2014
- Մարտիկյան Ե., «Հայկական կերպարվեստի պատմություն», Երևան, 1975
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Մարտիկյան Եղիշե (1975)։ Հայկական կերպարվեստի պատմություն։ Երևան: «Հայաստան»
- ↑ «Սուրենյանց Վարդգես Հակոբի»։ www.gallery.am։ Վերցված է 2022-07-16
- ↑ Ստամբոլցյան Աստղիկ (2010-01-29)։ «ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ -150»։ Քրիստոնյա Հայաստան (hy-AM)։ Վերցված է 2022-07-16
- ↑ Զոհրաբյան Շուշանիկ (2014)։ Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները։ Երևան
|