Անդրե Տեր-Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Տեր-Օհանյան
Ծնվել է1899
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Մահացել էնոյեմբերի 23, 1980(1980-11-23)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունբանասեր և խմբագիր

Անդրե Տեր-Օհանյան (Ամուրյան, 1899, Թավրիզ, Իրան - նոյեմբերի 23, 1980(1980-11-23), Թեհրան, Իրան), հայ բանասեր, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1899 թվականին Թավրիզում։ 1919 թվականին Թավրիզում աշխատել է «Այգ» և «Արշալոյս» թերթերի խմբագրություններում, 1923-1925 թվականներին հետևել է Պրահայի և Սորբոնի համալսարանների իրավաբանության և քաղտնտեսության դասընթացներին, ապա աշխատակցել ՀՅԴ «Դրօշակ», «Յառաջ» պարբերականերին։ 1937-1942 և 1974-1976 թվականներին եղել է «Ալիք», 1953-1969 թվականներին՝ «Ասպարէզ» օրաթերթերի խմբագիր, 1949-1953 թվականներին՝ «Արմենուհի» հանդեսի արտոնատեր։ 1974 թվականից միաժամանակ դասավանդել է Թեհրանի համալսարանի հայագիտության ամբիոնում։ Կալիֆոռնիայի «Հուվըր» ինստիտուտում ուսումնասիրել է ցարական «Օխրանա»-ի ծավալուն արխիվը և թարգմանել հայկական կազմակերպություններին առնչվող նյութերը («Ցարական «Օխրանա»-ի արխիվը», Ա գիրք, Թեհրան, 1978)։

Լույս են տեսել Անդրե Տեր-Օհանյանի «Սմբատ Բագրատունի» (1946) պոեմը, «Անցած օրերի շղթան» (1949) վեպը, «Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում» (1950), Տեր-Օհանյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով՝ «Գրական էջեր» (1971), «Յեղափոխական Եփրեմի ոդիսականը» (1972) աշխատությունները, «Հ. Յ. Դաշնակցութիւն, Եփրեմ. Պարսկական սահմանադրութիւն» (հ. 1, 2, 1976, 1979, բոլորը՝ Թեհրան) երկը։

Անդրե Տեր-Օհանյանը մահացել է 1980 թվականի նոյեմբերի 23-ին Թեհրանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։