Անգլոսաքսոնական մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլոսաքսոնական մոդել, տեղական ինքնակառավարման տեսակ է, որը զարգացել է Մեծ Բրիտանիայում։ 19-րդ դարից սկսած այստեղ հաստատվել է այն սկզբունքը, ըստ որի քաղաքային մարմինները կարող են կատարել միայն այն գործողությունները, որոնք իրենց ուղղակիորեն թույլատրվում են օրենքով, մնացած բոլորը համարվում են լիազորությունները գերազանցող և դատարանի կողմից կարող են ճանաչվել անօրինական։ Այս մոդելի բնութագրիչները ներառում են կարգավորման և հարկման ցածր մակարդակ, ընդ որում պետական հատվածը մատուցում է նվազագույն ծառայություններ։ Դա նաև նշանակում է մասնավոր սեփականության ուժեղ իրավունքներ, պայմանագրերի կիրարկում և բիզնես վարելու ընդհանուր հեշտություն, ինչպես նաև ազատ առևտրի ցածր խոչընդոտներ[1]։

Անգլոսաքսոնական մոդելը հիմնականում տարածվել է նույն իրավական համակարգ ունեցող երկրներում՝ Մեծ Բրիտանիա[2], ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա և այլն[3]։ Այս մոդելի հիմնական առանձնահատկություններն են.

  • ֆորմալ (անվանական, ձևական) ինքնավարություն և տեղական ինքնակառավարման ինքնուրույնություն, կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները որոշվում են «գործելու տրված լիազորությունների սահմաններում» սկզբունքով, ոչ մի պետական մարմին իրավունք չունի շտկել տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները կամ կառավարել դրանք, երբ նրանք զբաղվում են իրենց բացառիկ իրավասության խնդիրներով,
  • վերադաս տեղական ինքնակառավարման մարմիններից ենթակա տեղական ինքնակառավարման մարմինների անմիջական ենթակայության բացակայությունը,
  • տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունը հիմնականում անուղղակի է՝ նրանց գործունեության ֆինանսավորման, ճյուղային նախարարությունների կողմից իրականացվող ստուգումների, դատական վերահսկողության տեսքով, հարմարվողական օրենքների ընդունման միջոցով։ Պետությունը կարող է միայն ապահովել, որ տեղական կարգերն ու կանոնադրությունները, չխախտեն ազգային օրենքները։

Անգլո-սաքսոնական մոդելներում ամենակարևոր դերը ավանդաբար խաղում է դատական վերահսկողությունը։ Ինչպես կենտրոնական պետական մարմինների ներկայացուցիչները, այնպես էլ մունիցիպալ տարածքների բնակիչները հնարավորություն ունեն դատարանում բողոքարկել տեղական ինքնակառավարման ցանկացած ակտ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները և բնակիչները իրավունք ունեն բողոքարկել կենտրոնական մարմինների գործողությունները։ ՏԵղական կառավարման նման կազմակերպումը հանգեցնում է կառավարման զգալի ապակենտրոնացման, բնակչության մասնակցության ինքնակառավարմանը՝ ուղղակի ժողովրդավարության տարբեր ձևերի միջոցով (ՏԻՄ ընտրություններ, հանրաքվեներ, ժողովներ, հավաքներ և այլն)։ Տեղական գործերի կառավարման գործում հիմնական դերը պատկանում է ոչ այնքան տեղական ինքնակառավարման մարմնին ամբողջությանը, որքան այս մարմնի պատգամավորների կողմից ձևավորված մասնագիտացված հանձնաժողովներին և հանձնախմբերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dore, Ronald (2000). Stock Market Capitalism: Welfare Capitalism: Japan and Germany Versus the Anglo-Saxons. Oxford University Press.
  2. Sapir 2006, p.375
  3. Mitchell 2006, p.116. Mitchell groups all the preceding countries under a heading "Anglo-Saxon model or liberalist-individualistic model".

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]