Անահիտ Լևոնի Հարությունյան (մարտի 14, 1958(1958-03-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի «Հայբուսակ» համալսարանի նախկին ռեկտորը, Կրթության միջազգային ակադեմիայի (որի կազմի մեջ մտնում է նաև «Հայբուսակ» համալսարանը) նախագահ։
Անահիտ Հարությունյանը ծնվել է 1958 թ. մարտի 14-ին Երևանում՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հետագայում՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանի հիմնադիր Լևոն Հարությունյանի և ուսուցչուհի Սիլվա Ասլիկյանի ընտանիքում։ 1975թ. ավարտել է Երևանի թիվ 109 դպրոցը և ընդունվել Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 1980-1990թթ. աշխատել է Երևանի մանկավարժական ինստիտուտի (ներկայումս՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան) ռուս գրականության ամբիոնում՝ որպես դասախոս։ 1990 թվականին դարձել է «Հայբուսակ» համալսարանի համահիմնադիր և պրոռեկտոր, 1993 թվականից զբաղեցրել ռեկտորի պաշտոնը։ Նրա ղեկավարության տարիներին բուհը զգալի զարգացում է ապրել՝ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը, ստորագրվել են համագործակցության պայմանագրեր մի շարք արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ, կատարվել են ռազմավարական բարեփոխումներ։ 1994-1999 թվականներին եղել է Հայաստանի մասնավոր ուսումնական հաստատությունների «Ինտելեկտ» միության փոխնախագահը, 1999 թվականից այդ միության նախագահն է։ 2006 թվականից հանդիսանում է Կրթության Միջազգային Ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ[2]։