Ամիրտեյի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամիրտեյի ապստամբությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 5-րդ դարի վերջին Եգիպտոսում։ Եգիպտացիները` ապստամբելով պարսից արքայի դեմ կարողացան ժամանակավորապես վերականգնել Եգիպտոսի անկախությունը։ Մ.թ.ա. 5-րդ դարի ընթացքում եգիպտացիները մի քանի անգամ ապստամբել են պարսիկների դեմ։ Դրանցից ամենահաջողը նույն դարի վերջին տասնամյակում տեղի ունեցած ապստամբությունն էր Ամիրտեյ II (XXVIII դինաստիա) գլխավորությամբ։ Արդյունքում Եգիպտոսը 60 տարով վերադարձրեց իր անկախությունը, իսկ պարսիկներից պահանջվեց մի քանի ռազմական արշավանք` այդ երկիրը կրկին իրեն ենթարկելու համար։

Պարսկական իշխանության թուլացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքեմենյան կայսրությունն ի սկզբանե փխրուն ու բավականին կենտրոնախույս տարածաշրջան էր։ Մ.թ.ա. 5-րդ դարի կեսերից Պարսկաստանում սկսվեց կենտրոնական իշխանության թուլացման գործընթաց, որն առավել ակնհայտ դարձավ հարյուրամյակի վերջին` Դարեհ II կառավարման տարիներին։

Պարսկական ռեժիմից եգիպտացիների դժգոհությունը մեղմելու համար Դարեհ II սկսեց սիրաշահել ազդեցիկ քրմապետերին։ Վերականգնվեց տաճարների շինարարությունը, ինչպես նաև պարսից արքան ընդունեց եգիպտական գահակալական անունը[1]։

Կոնֆլիկտ հրեաների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կոնֆլիկտն առաջացավ Էլեֆանտինա կղզում տեղակայված հրեական ռազմական գաղութի շուրջ։ Այնտեղ տեղակայված բերդը Սիենայի (Ասուանի) հետ միասին փակում էր սահմանը և վերահսկում Վերին Եգիպտոսը։ Էլեֆանտինայում դեռևս Սաիսյան դինաստիայի ժամանակաշրջանից հաստատված էին հրեացի ռազմական գաղութարարները։ Շուտով նրանք դարձան պարսկական իշխանության հենասյունը տարածաշրջանում։ Ենթադրվում է, որ պարսկական իշխանության ժամանակ հրեական կայազորում հաշվվում էր 600-800 մարդ։ Այդ մարդիկ խոսում էին արամերեն և փաստաթղթերում իրենց անվանում էին արամեացիներ։ Նրանք տվյալ ժամանակաշրջանում չէին դիտարկվում որպես օրթոդոկսալ հրեաներ, քանի որ նրանք ունեին տաճար, որտեղ բացի Եհովայից պաշտվում էին նաև այլ սեմիթական աստվածություններ[1]։

Հրեացի գաղութարարների և տեղացիների հարաբերությունները երկար ժամանակ խաղաղ, նույնիսկ բարիդրացիական էին։ Ի տարբերություն Եգիպտոսում գտնվող հունական վարձկանների, որոնց տեղացիները ատում էին, հրեաների հետ եգիպտացիներին կապում էին որոշ ավանդույթներ (թլպատում, որոշ վայրերում` խոզի մսի օգտագործան արգելք)[1]։

Այնուամենայնիվ, կրոնական տարբերությունն իրեն զգացնել տվեց։ Էլեֆանտինայի տաճարում «պարսիկների օրոք ողջակիզման համար, ինչպես ընդունված էր, խոյեր էին բերվում»[2]։ Իսկ տեղացիների համար խոյերը սուրբ կենդանիներ էին և նրանց Խնում անունով աստվածը պատկերվում էր խոյի գլխով։ Հնէաբանները կղզում նույնիսկ խոյերի գերեզմանատուն են հայտնաբերել։ Բացառված չէ, որ կրոնական դժգոհությունը երկար ժամանակ կուտակվել ու պայթել է ապստամբության պատրաստման ժամանակ կամ հենց սկզբում[2]։

Մ.թ.ա. 410 թվականին, սպասելով մինչև Եգիպտոսի սատրապ Արշամն ուղևորվի արքունիք, Խնումի քրմերը կոչ արեցին ժովրդին` ավերել հրեական տաճարը։ Ամրոցի պարսիկ պարետ Վիդրանգին տեղացիները կաշառել էին և վերջինս ոչ միայն չխոչընդոտեց նրանց գործողություններին, այլ նաև, հրեաների խոսքով, եգիպտացիներին օգնության ուղարկեց որդուն` Սիենայի կայազորի պետ Նաֆայնին։ Արդյունքում տաճարը թալանվեց և մասնակի ավերվեց[1]։

Հրեանեը բողոք հղեցին Արշամին, նաև տաճարի վերականգման համար օգնության խնդրանքով դիմեցին Երուսաղեմի քրմապետին, Հրեաստանի ու Սամարիայի սատրապներին։ Երուսաղեմն անտեսեց նրանց խնդրանքը, սակայն սատրապներ Բագոյն ու Սանբալատը, ովքեր սամարիթցիների կրոնի հետևորդ էին` օգնեցին։ Վիդրանգն ու իր որդին հեռացվեցին պաշտոններից և պատժվեցին, տաճարի վերականգման թույլտվությունը տրվեց, սակայն պարսկական բյուրոկրատիայի դանդաղելու պատճառով գործը ձգձգվեց մի քանի տարի[3]։ Միաժամանակ պարսիկները վախեցան պատժել եգիպտացիներին, իսկ հրեաներին հրահանգվեց բացառել «արյունոտ զոհաբերություններն ու ողջակիզումները` թողնելով միայն հազի և ծխելու զոհաբերությունները»[2]։

Եգիպտոսի ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե Դելտայում կոնկրետ երբ է բռնկվել ապստամբությունը պարսիկների դեմ, անհայտ է։ Դարեհ II իշխանությունը Եգիպտոսում ընդունել են մոտավորապես մ.թ.ա. 406-405 թվականներին[4], ուստի երկրի ազատագրումը թվագրվում է մոտ մ.թ.ա. 405-404 թվականներին[3] : Ապստամբների ղեկավար և երկրի փարավոն դարձավ Սաիսի լիբիացի իշխան Ամիրտեյ II, ով, ենթադրվում է, մ.թ.ա. V դարի կեսերին Արևմտյան Դելտայում հակապարսկական ապստամբության ղեկավար Ամիրտեյի թոռն է։ Վերջինս չնայած կրած պարտությանը, կարողացել է պահպանել և որդուն` Պաուսիրիին փոխանցել ինքնիշխան իշխանություն[4][5]։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ մինչև մ.թ.ա. 404 թվականը Ամիրտեյին հաջողվեց իրեն ենթարկել միայն Ներքին Եգիպտոսը։ Էլեֆանտինայի կայազորը պահպանեց հավատարմությունը պարսից արքային նվազագույնը մինչև մ.թ.ա. 401 թվականը։ Նույն թվականի գարնանը սպարտացի զորահրամանատար Կլեարքոսը սատրապ Տիսաֆերնին առաջարկեց հունական վարձկաններ` Եգիպտոսը հետ նվաճելու համար։ Մ.թ.ա. 400 թվականին Ամիրտեյի ուժերը գրավեցին Էլեֆանտինան և Վերին Եգիպտոսը, իսկ հրեական գաղութարարները անցան նոր իշխանության կողմը[3]։

Պարսիկները Սիրիայում խոշոր բանակ հավաքեցին սատրապ Աբրոկոմի հրամանատարությամբ, սակայն նույն ժամանակամիջոցում Կյուրոս Կրտսերի սկսած ապստամբությունը ստիպեց նրանց հետաձգել արշավանքը Եգիպտոս[3]։

Էլեֆնտինայի գաղութը լիկվիդացվեց մոտ մ.թ.ա. 399-398 թվականներին։ Ըստ էության, եգիպտացիները` պատրաստվելով դիմակայել պարսկական անխուսափելի հարձակմանը, չցանկացան թիկունքում ունենալ կայազոր, որը երկար ժամանակ օտարերկրյա իշխանության հենասյունն է եղել։ Տաճարը վերջնականապես ավերվեց, ընդ որում, այդ աշխատանքն այնքան մանրակրկտորեն է արվել, որ հնէաբանները չեն կարողացել հայտնաբերել տաճարի մնացորդները, չնայած, դրա գտնման վայրը հայտնի է փաստաթղթերից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Перепёлкин, с. 450.
  2. 2,0 2,1 2,2 Перепёлкин, с. 451.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Дандамаев, с. 206.
  4. 4,0 4,1 4,2 Перепёлкин, с. 453.
  5. Дандамаев, с. 205.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дандамаев М. А. Политическая история Ахеменидской державы. — М.: Наука, 1985. — 319 с.
  • Перепёлкин Ю. Я. История Древнего Египта. — СПб.: Летний сад; Журнал «Нева», 2000. — 560 с. — ISBN 5-89740-011-3