Ականջմաքրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկեղեգե ականջմաքրիչ
Մետաղական միմիկակի

Ականջմաքրիչ (ճապ.՝ 耳掻き (միմիկակի ), ռուս.՝ копоушка), բարակ և երկար գործիք ծայրին թիականման փայտիկի տեսքով, որը նախատեսված է ականջը ներսից մաքրելու համար։ Կիրառվում է ոչ միայն ականջի ծծմբախցանի հանելու համար, այլ ընդհանրապես ականջները քորելու համար։ Այս հատուկ գործիքը ամենամեծ տարածումն է գտել Արևելյան Ասիայի երկրներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջմաքրիչով կանձիսի
Մետաղական հին ականջմաքրիչ

Ականջի խոռոչը, որը ինչ-որ մի պատճառով սկսում է քոր գալ, մարդիկ սովորաբար փորձում են քորել ամենաբարակ մատի՝ ճկույթի օգնությամբ, սակայն այդպես մատը կարող է շատ փոքր տարածություն մտնել ականջախեցու մեջ, բայց ոչ ականջի խորքը։ Այդ պատճառով քորելու համար կիրառում են հատուկ փայտիկանման գործիք՝ ականջմաքրիչ։

Սովորական, ավանդական ականջմաքրիչները, որոնք օրինակ կիրառվում են Ճապոնիայում, մեծ մասամբ պատրաստված են եղեգից։ Եվ չնայած գոյություն ունեն ավելի փոքր տարբերակներ, դրանց երկարությունը սովորաբար կազմում է 13-15 սանտիմետր։ Փայտի ամենամեծ տրամագիծը մոտավորապես հավասար է 4 միլիմետրի, և նեղանում է փայտիկի ծայրերին մոտ։ Մի ծայրը թեթևակի ծռված է, կամ կլորավում գդալի ձև է տված։ Գդալիկի թեքությունը 45° է, հաստությունը՝ 1 միլիմետր, լայնությունը՝ 4 միլիմետր։

Ականջմաքրիչի հակառակ ծայրին ամրացված է զարդ, որը Ճապոնիայում կոչվում է բրահմա և պատրաստված է կամ թռչունի փետուրից, կամ փոքրիկ տիկնիկի տեսք ունի։ Հիմնականում կիրառվում են ջրային թռչունների փետուրները, որոնք թելով միացվում են և ամրացվում փայտիկի վրա։ Բաց թողնված վիճակում բրահմայի տրամագիծը հասնում է մինչև 35 միլիմետրի։ Այդ մասով կարելի է նրբորեն մաքրել ականջը։ Դրա չափսերը սովորաբար թույլ չեն տալիս հասնել ականջի խորքը, բայց լինում են նաև բացառություններ։ Հնուց ի վեր մեծ և կլոր իրերը սովորաբար անվանում էին բրահմա, և անվանումը առավել հավանական է, որ ծագում է հատուկ ծոպերիզից (Bahroma), որն ամրացվում էր տիրակալի պարեգոտուն։

Ականջմաքրիչների ձևերը սովորաբար շատ չեն տարբերվում, դրա փոխարեն նյութերը, որոնցից դրանք պատրաստվում են, ավելի մեծ բազմազանություն ունեն՝ եղեգից բացի կիրառվում են փայտ, պլաստիկ, արծաթ, ոսկի, փղոսկր կամ կրիայի ոսկոր, կետի բեղ, տարբեր կենդանիների եղջյուրներ և այլն։ Ներկման համար սովորաբար կիրառում են լաք։ Պահպանման համար գործիքը կարելի է պահել հատուկ տուփի մեջ։ Գոյություն ունեն ականջմաքրիչներ, որոնց փետուրային ծայրը կարող է փոխարինվել գդալիկով։

Վերջին ժամանակներս առաջացել են ականջմաքրիչների նոր բազմազան տեսակներ։ Օրինակ, ամուր ծայրը կարող է կազմված լինել մի քանի փոքրիկ սկավառակներից, որոնք ամրացված են մեխի գլխիկի պես, կամ լինեն պարույրի, ոլորահանգույցի կամ այլ տեսքի։ Կան նաև տարատեսակներ, որոնք պատրաստված են թափանցիկ պլաստիկից, ավելի լավ տեսանելիության և լուսավորման համար, կամ նույնիսկ ներսից խողովակով՝ փոշեկուլի սկզբունքով աշխատելու համար։

Ականջմաքրիչի հնարավոր փոխարինիչներն են ատամմաքրիչի հաստ ծայրը, մեխի գլխիկը, լուցկին, հերակալը, գրիչը, մատիտը և այլն։ Բայց քանի որ այս իրերը հիմնականում նախատեսված չեն ականջների մաքրման համար, դրանց կիրառումը բավական վտանգավոր է և անարդյունավետ ականջային ծծմբի մաքրման ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջի մաքրման պրոցես՝ պատկերված հին ճապոնական նկարում

Ականջմաքրիչի մասին ամենաառաջին հիշատակումը, որը մնացել է ճապոնական պատմագրության մեջ, կապված է կանձիսի ճապոնական հերակալի հետ, որից, ինչպես կարծում են պատմաբանները, առաջացել է այդ գործիքը։ Կանձիսիի ծայրին թիակաձև փոսիկի առաջացումը կարելի է համարել ականջմաքրիչի պատմության սկիզբը[1]։

Եվրոպական երկրներում պահպանվել են ավելի քիչ տեղեկություններ ականջմաքրիչների մասին։ Մոտավորապես 18-րդ դարում եղել են դրանց արտադրության դեպքեր արծաթից՝ որպես անտիկվարիատի իրեր։ Սակայն, քանի որ դրանց մեծ մասը պատրաստված է եղել փայտից, առավել հին օրինակներ գործնականում չեն գտնվել։

Ճապոնիայում ականջների մասնագիտացված մաքրումը և քորումն իրականացվում էր վարսավիրանոցներում։ Էդոյի ժամանակաշրջանում դրա համար գոյություն են ունեցել նույնիսկ հատուկ հաստատություններ։ Սովորաբար ականջների մաքրումը մատուցվում էր որպես լրացուցիչ ծառայություն մազերի կտրման հետ միասին, կամ որպես առանձին ծառայություն հաճախորդի խնդրանքով։ Օրենքի ընդունումից հետո, որով սահմանվում էր որ ականջների մաքրումը ճանաչվում էր ոչ բժշկական գործողություն (2005 թվականին), սկսեցին առաջ գալ հատուկ սալոններ, որոնք մասնագիտացված են այդ ծառայության վրա[2]։ Որոշ գեղեցկության սրահներում սկսեցին մատուցել լրացուցիչ ծառայություններ, որոնց ժամանակ կարելի էր օրինակ ստանալ ականջների մաքրում՝ պառկած կնոջ ծնկներին[3]։

Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում նույնպես կարելի է գտնել հատուկ մասնագիտացված հաստատություններ ականջների մաքրման համար, սակայն այնտեղ մեծ մասամբ առկա են հիգիենայի հետ կապված խնդիրներ, քանի որ ծառայությունները հաճախ մատուցվում են պարզապես փողոցում կամ այգում՝ մի քանի անգամյա օգտագործման գործիքներով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականջի բժշկական մաքրում

Ականջմաքրիչը սովորաբար կիրառվում է, երբ քոր են գալիս ականջները, սակայն շատ մարդկանց համար դա առօրյա հիգիենիկ պրոցեդուրա է։ Բայց վերջին դեպքում պետք է ուշադիր լինել, որպեսզի թույլ չտալ արտաքին լսողական անցքի բորբոքում։ Բժշկության տեսանկյունից ականջային ծծումբը մաշկի պաշտպանման հատկություններ ունի՝ զսպելով միկրոբների աճը, այդ պատճառով կածիք կա, որ ականջային ծծմբի հաճախակի հեռացումը բացասական է ազդում մաշկի վրա։

Կիրառման ժամանակ ականջմաքրիչը նույն ձևի են բռնում, ինչ որ սովորական մատիտը։ Ականջի ծծումբը հանվում է ծայրի փոքրիկ թիակի միջոցով, այդ պահին պետք է զգուշանալ ծծումբը պատահաբար ավելի խորք հրելուց։ Ականջի մեջ ջուր լցվելու դեպքում ավելի լավ է օգտվել բամբակե փայտիկներից կամ թղթե անձեռոցիկից։ Բացի այդ ականջի ավելի լավ մաքրման համար որպես լրացուցիչ միջոց կարող են կիրառվել սպիրտային լուծույթներ կամ այլ հեղուկներ։

Օտոլարինգոլոգիայի մեջ նույնպես գոյություն ունի պրոցեդուրա ականջից ծծումբի ավելցուկների հեռացման համար։ Այն սովորաբար իրականացվում է, երբ հիվանդը չի կարող դա անել ինքնուրույն։ Այդ դեպքում կարող է կիրառվել էնդոսկոպ, հատուկ պինցետ, ականջի մաքրման հատուկ գործիք և այլն[4]։

Կիրառումը տարբեր տեսակի ականջային ծծումբների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում տարբերում են 2 տեսակի ականջային ծծումբ՝ չոր և խոնավ։ Ընդ որում այդ տեսակներից որևէ մեկի առկայությունը փոխանցվում է միայն ժառանգականությամբ։ Այդպիսով, տարբեր ականջային ծծմբով մարդկանց հարաբերակցությունը տարբեր երկրներում տարբերվում է։ Չոր ականջային ծծումբը առավելապես հանդիպում է իր ծագման շրջանում՝ Ասիայի արևելյան մասում։ Կարծիք կա, որ ականջմաքրիչով ականջների մաքրումը առավել հարմար է չոր ականջային ծծմբի համար, իսկ բամբակե փայտիկները՝ խոնավի համար[5]։.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Overfield, T. (1985)։ Biologic Variation in Health and Illness: Race, Age, and Sex Differences։ Menlo Park, CA, USA: Addison-Wesley Publishing։ ISBN 0-201-12810-1 
  2. Krieger, Daniel (հունվարի 15, 2011), «Tokyo trend: Ear-cleaning parlors», CNN Travel (Cable News Network), http://travel.cnn.com/tokyo/life/new-era-ear-cleaning-has-arrived-tokyo-878557 
  3. Fumiko Keehn, Laura, «The Art of Ear Picking», SWINDLE Magazine (10), արխիվացված օրիգինալից 2007-09-14-ին, https://web.archive.org/web/20070914024004/http://swindlemagazine.com/issue10/the-art-of-ear-picking/, վերցված է 2015-06-17 
  4. Leong AC, Aldren C (August 2005)։ «A non-randomized comparison of earwax removal with a 'do-it-yourself' ear vacuum kit and a Jobson-Horne probe»։ Clinical Otolaryngology 30 (4): 320–3։ PMID 16209672։ doi:10.1111/j.1365-2273.2005.01020.x 
  5. «Узнай о своих предках с помощью ухочистки»(չաշխատող հղում) (ճապոներեն) (չաշխատող հղում)