Jump to content

Ալիս Հալդեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Հալդեման
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1853(1853-06-05)
ԾննդավայրCedarville, Ստիվենսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմարտի 19, 1915(1915-03-19) (61 տարեկան)
ԳերեզմանCedarville Cemetery[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբանկիր
ԱմուսինHenry Winfield Haldeman?
Ծնողներհայր՝ John H. Addams?
ԵրեխաներԱննա Մարսեթ Հալդեման
 Sarah Alice Addams Haldeman Վիքիպահեստում

Սառա Ալիս Հալդեման (անգլ.՝ Sarah Alice Haldeman, հունիսի 5, 1853(1853-06-05), Cedarville, Ստիվենսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 19, 1915(1915-03-19)), ամերիկացի արվեստագետ, բանկիր և բարերար։ Նա սոցիալական ակտիվիստ Ջեյն Ադամսի քույրն էր և Մարսեթ Հալդեման-Ջուլիուսի մայրը[փա՞ստ]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Հալդեմանը Ջոն Հուի և Սառա (Վեբեր) Ադամսի դուստրն է։ Նրա հայրը հաջողակ ջրաղացպան և բանկիր է եղել Հյուսիսային Իլինոյսում և 1856-1872 թվականներին ծառայել է որպես նահանգային սենատոր։ Նա մեծ ազդեցություն է ունեցել Քաղաքացիական պատերազմի ժամանակ նահանգի ռազմավարության վրա և իր պապի՝ Իսահակ Ադամսի նման, որը մասնակցել է Անկախության պատերազմին, նա նույնպես զենք է տրամադրել և ջոկատ ուղարկել։ Հալդեմանի առաջին ամերիկաբնակ նախնին Ռիչարդ Ադամսն է եղել, որը 1684 թվականին Օքսֆորդշիրից գաղթել է գաղութներ և Վիլյամ Փեննից հող գնել։ Նրանից սկսվում է տոհմի գիծը Վիլյամ և Աննա (Լեյն) Ադամսների, Իսահակ և Բարբարա (Ռութ) Ադամսների, Սամուել և Քեթրին (Հյուի) Ադամսների, և Ջոն և Սառա (Վեբեր) Ադամսների միջոցով[փա՞ստ]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Հալդեմանն իր նախնական կրթությունը ստացել է Սեդարվիլում՝ Ջենի Ֆորբսի ղեկավարությամբ մի քանի առաջադեմ ընտանիքների հիմնած ակադեմիայում։ Ակադեմիան ավարտելուց հետո Հալդեմանն ընդունվել է Իլինոյսում գտնվող Ռոքֆորդի Սեմինարիա, որը այն ժամանակ կոչվել է Արևմուտքի Մաունթ Հոլյոկ (անգլ.՝ Mount Holyoke of the West), և ուսումն ավարտել է տասնինը տարեկանում[փա՞ստ]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում մեկ տարի մնալուց և մի քանի ամերիկյան ստուդիաներում արվեստ ուսումնասիրելուց հետո նա 1875 թվականին ամուսնացել է իր խորթ եղբոր՝ Հենրի Ուինֆիլդ Հալդեմանի հետ[2]։ Մի քանի տարի Հենրին բժշկությամբ է զբաղվել Այովայում, իսկ ավելի ուշ՝ մեկ տարի Ֆիլադելֆիայում բժշկական աշխատանքներում է ներգրավվել։ Այդ ընթացում Ալիսը դասընթաց է անցել այդ քաղաքի Կանանց բժշկական քոլեջում։ Նա այդպիսով պատրաստվել է իր ամուսնուն օգնելու համար՝ դառնալով նրա անեսթեզիստը։ Նա օգնել է իր ամուսնուն վիրահատությունների ժամանակ և ձեռք բերել մեծ փորձ ու գիտելիքներ։ 1884 թվականին, երբ Հենրիի առողջական վիճակը ստիպել է նրան դադարեցնել իր աշխատանքային գործունեությունը, նա և իր կինը հաստատվել են Կանզասի Ժիրարդում, որտեղ նա զբաղվել է բանկային գործունեությամբ։ Այստեղ ծնվել է իրենց դուստր Աննա Մարսեթ Հալդեմանը[փա՞ստ]։

ժիրարդ, Կանզաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Հալդեմանը մեծ ներդրում է ունեցել ժիրարդի և Կանզասի կրթական և բարեգործական շարժումներում։ Ինչպես իր քույր Ջեյն Ադամսը, նա նույնպես հետաքրքրված է եղել սոցիալական և քաղաքացիական բարելավմանն ուղղված ձեռնարկություններով, մասնավորապես երիտասարդական ծրագրերով։ Իր առաջին աշխատանքը համայնքի համար տղաների ակումբի ստեղծումն է եղել։ 1895 թվականին Հալդեմանին ընտրել են Ժիրարդի Կրթական խորհրդի նախագահ, և իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նա խորապես ուսումնասիրել է դպրոցահասակ երեխաների կարիքները[փա՞ստ]։

Տարիներ շարունակ Ժիրարդի բնակիչները անընդհատ օգտվել են Հալդեմանի հարուստ գրադարանից։ Բայց քանի որ այն բավարար չէր, նա միավորել է Ժիրարդի ակումբի կանանց և ստեղծել գրադարանային ասոցիացիա՝ 1899-1908 թվականներին ծառայելով որպես խորհրդի նախագահ։ Այդ ընթացքում Ժիրարդի հանրային գրադարանը, որը գտնվում էր Քարնեգի շենքում, դարձել է համայնքի մտավորական կյանքի կենտրոն[փա՞ստ]։

Հալդեմանը միացել է Ավետարանական եկեղեցուն և մասնակցել եկեղեցու բազմաթիվ նախաձեռնությունների։ 28 տարի եղել է խորհրդի գանձապահ։ Իր գործին նվիրված լինելը մշտապես հիացրել է միսիոներներին[փա՞ստ]։

Ակումբային կյանքը Հալդեմանի համար անձնական աճի, նոր գիտելիքներ և ընկերներ ձեռք բերելու հարթակ է եղել։ Նա վաղ է գիտակցել կանանց ակումբների արժեքը և փորձել է զարգացնել դրանք։ Հալդեմանն ավելի քան քսան տարի անդամակցել է Ժիրարդի Կանանց գրական ակումբին, Քաղաքային ֆեդերացիային և Կանանց ակումբների պետական ֆեդերացիային։ 1901 թվականին ստեղծել է Ժիրարդի Քսաներորդ դարի ակումբը (անգլ.՝ Twentieth Century Club of Girard) և նմանատիպ ակումբ էլ հարևան քաղաքում։ Նա 1900-1901 թվականներին եղել է Կանզասի Կանանց ակումբների ֆեդերացիայի նախագահ, 1904-1906 թվականներին՝ Կանանց ակումբների ընդհանուր ֆեդերացիայի քաղաքացիական կոմիտեի անդամ, ինչպես նաև Տոպեկայի Ա.Ռ. բաժնի և Պետական բարեգործական խորհրդի անդամ[փա՞ստ]։

Հալդեմանը սիրել է իր ունեցածը կիսել ընկերների հետ։ Իր պատրաստած նուրբ ժանյակները, զամբյուղներն ու նկարները հաճախ կարելի էր հանդիպել իր ընկերների և ծանոթների տանը[փա՞ստ]։

Բանկային գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին՝ իր ամուսնու մահից հետո, Ալիս Հալդեմանը սկսել է ակտիվորեն զբաղվել բանկային գործով։ Նույն թվականի մայիսին նրա նախաձեռնությամբ Ժիրարդի մասնավոր բանկը դարձել է պետական բանկ։ Նա բանկի նախագահ է ընտրվել, և դարձել Կանզասում այդ պաշտոնում ծառայած առաջին կին, և պաշտոնավարել է մինչև իր մահը։ 1914 թվականին Կանզասի Պետական բանկիրների ասոցիացիան նրան ընտրել է փոխնախագահ։ Նա տասը տարուց ավելի ղեկավարել է բանկը և շուրջ երեսուն կառավարել է Իլինոյսում գտնվող մեծ ֆերմա[փա՞ստ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Find A Grave — 1996.
  2. Yoder, Anne (2009 թ․ նոյեմբեր). «Portraits of Jane Addams' Family». Jane Addams, Mother of the World: An Exhibit of Photographs of Jane Addams, Her Family, & Hull House. Swartmore College Peace Collection. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Հալդեման» հոդվածին։