Ալեքսանդր Աղավելյան (ռազմական գործիչ)
Ալեքսանդր Աղավելյան | |
---|---|
մարտի 2, 1914-նոյեմբերի 23, 1958 | |
Ծննդավայր | Բաքու, |
Մահվան վայր | Երևան |
Զորատեսակ | 390 –րդ Հրաձգային դիվիզիա, 89-րդ Հրաձգային դիվիզիա |
Կոչում | ԽՍՀՄ Գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Ղրիմի ճակատամարտ, Կերչի պաշտպանություն |
Պարգևներ | «Կարմիր աստղ» շքանշան, «Սովետական բանակի և նավատորմի 30-ամյակի համար» կրծքանշան, «Մարտական ծառայության համար», |
Ալեքսանդր Իվանի Աղավելյանը, ծնվել է 1914 թվականի մարտի 2-ին՝ Բաքու քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Հայրը՝ Իվան Արտեմի Աղավելյանը, ով ծագումով Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի Տաթև գյուղից էր, երիտասարդ տարիքում նախ տեղափոխվել էր Շուշի, այնտեղ ամուսնացել, իսկ հետո կնոջ՝ Աննա Լազարի Խալաֆյանի հետ բնակություն հաստատել Բաքվում։ Անցյալ դարասկզբին Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածներից մի կերպ խուսափելով` 1920 թվականին Իվան Աղավելյանը ստիպված է լինում ընտանիքի հետ տեղափոխվել Թբիլիսի, որտեղ էլ Ալեքսանդրը դպրոց է ընդունվում և գերազանց գնահատականներով ավարտում։ Ուսումնառությունը Ալեքսանդր Աղավելյանը շարունակում է Թբիլիսիի Անդրկովկասյան հաղորդակցական ուղիների ինստիտուտում և 1933 թվականին ավարտում այդ բուհի աշխատանքային ֆակուլտետը։ Իսկ 1935 թվականին Թբիլիսիի էլեկտրոկապի ինստիտուտի մեկամյա դասընթացին մասնակցելուց հետո զորակոչվում է խորհրդային բանակ։ Բանակ զորակոչվելուց հետո զինվորական կյանքը նրա համար ճակատագիր է դառնում։ Խորհրդային բանակում 1937 թվականին ավարտելով Անդրկովկասյան հետևակային դպրոցը և ստանալով լեյտենանտի կոչում` 1937 թվականի նոյեմբերին նշանակվում է Լենինականում տեղակայված 59-րդ լեռնահրաձգային գնդի դասակի հրամանատար։ Իսկ 1938 թվականին օգոստոսից մինչև 1940 թվականի ավարտը զբաղեցնում է Ալավերդու զինկոմիսարիատի 1-ին բաժնի պետի պաշտոնը։ 1940 թվականի հունվարին նրան գործուղում են Մոսկվա` մասնակցելու շտաբային սպաների բարձրագույն ռազմական դպրոցի դասընթացներին։ Ութ ամիս այդ դպրոցում ուսանելուց հետո վերադառնում է Հայաստան և մինչև Հայրենական մեծ պատերազմի սկսվելը` շարունակում իր ծառայությունը Ախտայի շրջանի զինկոմիսարիատի 1-ին բաժնի պետի պաշտոնում։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելու հենց առաջին օրը ստանալով ավագ լեյտենանտի կոչում` նա մեկնում է Ղրիմի ռազմաճակատ և ստանձնում 185-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատարի պարտականությունները։ Խորհրդային բանակի շարքերում Հայրենական մեծ պատերազմի առաջին օրվանից մինչև նրա հաղթական ավարտը Ալեքսանդր Աղավելյանը մասնակցել է տարբեր մարտական գործողությունների` զբաղեցնելով բավականին պատասխանատու պաշտոններ։ Չորս ամիս վաշտի հրամանատարի գործառույթներն իրականացնելուց հետո 1941թվականի հոկտեմբերին նրան նշանակում են Ղրիմի ռազմաճակատում գործող 224-րդ հրաձգային դիվիզիայի 1-ին բաժնի պետի տեղակալ։ 1942 թվականի ապրիլի վերջին Ալեքսանդր Աղավելյանին շնորհվում է կապիտանի կոչում, իսկ երեք շաբաթ անց նշանակվում է Ղրիմի ռազմաճակատում գործող 390-րդ հրաձգային դիվիզիայի առաջին բաժնի պետի պաշտոնում։ Այդ պաշտոնը ստանձնելուց մեկուկես ամիս հետո, որի ընթացքում նա Կերչի պաշտպանության ժամանակ վիրավորվել և հասցրել էր ապաքինվել, նշանակվում է Անդրկովկասյան ռազմաճակատի 45-րդ բանակի օպերատիվ շտաբի պետի ավագ օգնական։ Այդ պաշտոնում մեկ տարուն մոտ ժամանակահատված աշխատելուց հետո՝ 1943 թվականի հունվարին, Ալեքսանդր Աղավելյանին շնորհվում է մայորի կոչում։ Պատերազմական տարիներին զինվորական գործին Ալեքսանդր Աղավելյանի մատուցած ծառայությունները զինվորական վերադաս մարմինների կողմից գնահատվել են` նրան արժանացնելով պետական պարգևների. 1944 թվականի փետրվարի 3-ին պարգևատրել են «Մարտական ծառայության համար», 1944 թվականի մասյիսի 1-ին.՝ «Կովկասի պաշտպանության համար», 1945 թվականի մայիսի 9-ին՝ «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» կրծքանշաններով։ Պատերազմի ավարտից հետո 1946 թվականի ապրիլին Ալեքսանդր Աղավելյանը նշանակվում է Անդրկովկասյան զինվորական շրջանի 89-րդ հրաձգային դիվիզիայի օպերատիվ շտաբի պետ։ 1947 թվականի մայիսին տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որտեղ իր ծառայությունը շարունակում է ԼՂԻՄ-ի զինկոմիսարիատի երկրորդ բաժնի պետի պաշտոնում։ 1947 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Աղավելյանին շնորհվում է փոխգնդապետի կոչում։ Լեռնային Ղարաբաղում զինկոմիսարիատի բաժնի պետի պաշտոնում աշխատում է մինչև 1949 թվականի տարեվերջ։ ԼՂԻՄ-ում աշխատելու ժամանակ` 1948 թվականի փետրվարին Ալեքսանդր Աղավելյանը պարգևատրվում է նաև «Սովետական բանակի և նավատորմի 30-ամյակի համար» կրծքանշանով։ Ստեփանակերտում գտնվելու տարիներին զուգահեռաբար սովորում է Կոմունիստական կուսակցության Մարքսիզմ- լենինիզմի բարձրագույն դպրոցում և 1949 թվականին ավարտում։ 1949 թվականի դեկտեմբերից մինչև 1956 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում ն րան են վստահում Անդրկովկասյան զինվորական օկրուգում տեղակայված 7-րդ գվարդիական բանակի 400-րդ հրաձգային գնդի նախ` շտաբի պետի, այնուհետև` գնդի հրամանատարի պաշտոնները։ Զինվորական ծառայության այդ ժամանակահատվածում` 1951 թվականին Ալեքսանդր Աղավելյանն արժանանում է ԽՍՀՄ բարձրագույն պարգևներից մեկին՝ «Կարմիր աստղ» շքանշանի, իսկ 1952 թվականի փետրվարին` գնդապետի կոչման։ Նա հեռակա ուսուցմամբ 1952 թվականին ավարտում է նաև Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո ազգային դիվիզիաների լուծարման և բանակի զորաքանակի կտրուկ կրճատման պատճառով, 1956 թվականին նա զորացրվում է և ՀԽՍՀ Աշտարակի շրջանում նշանակվում Արտաշավանի անասնաբուծական սովխոզի տնօրեն։ Սովխոզի տնօրեն նշանակվելուց հետո, մասնագիտության կտրուկ փոփոխության պատճառով, իր համար բոլորովին նոր այդ բնագավառի նրբություններին խորապես տեղեկացված լինելու միտումով, 1957 թվականին բավականաչափ առաջացած տարիքում ընդունվում է Երևանի անասնաբուծականանասնաբուժական ինստիտուտի հեռակա բաժինը, սակայն երկրորդ կուրս փոխադրվելուց որոշ ժամանակ անց` 1958 թվականին Ալեքսանդր Աղավելյանը հանկարծամահ է լինում` կնքելով բավականին կարճ, սակայն բովանդակային առումով անչափ հագեցած իր կյանքի մահկանացուն։ Ալեքսանդր Իվանի Աղավելյանը վախճանվել է 1958 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում Ուներ չորս երեխա` Իգորը, Էդուարդը, Սերգեյը և Ելենան[1]։