Ազգակից տոնայնություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգակից տոնայնություններ, տարբեր տոնայնությունների ֆունկցիոնալ ազգակցություն, որը որոշվում է նրանց ընդհանուր ակորդների առկայությամբ և տոնիկաների փոխհարաբերությամբ։

Կարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են տոնայնությունների ազգակցության չորս կարգ՝ առաջին, երկրորդրդ, երրորդ և չորրորդ։

Այն տոնայնությունները, որոնց տոնիկական եռահնչյունները տվյալ տոնայնության կազմում են, համարվում են առաջին կարգի ազգակից։ Յուրաքանչյուր մաժոր և մինոր տոնայնություն ունի առաջին կարգի 6 ազգակից տոնայնություն։ Մաժորին առաջին կարգի ազգակից տոնայնություններն են սուբդոմինանտային և դոմինանտային մաժորները՝ իրենց զուգահեռ մինորներով, հարմոնիկ սուբդոմինանտային մինորը և զուգահեռ մինորը։

Երկրորդ կարգի ազգակից տոնայնությունները տարբերվում են նրանով, որ ունեն 2 ընդհանուր եռահնչյուններ և բանալու 2 նշան։ Յուրաքանչյուր տոնայնություն ունի 2-րդ կարգի ազգակից 4 տոնայնություն, որոնք տվյալ մաժորի կրկնակի դոմինանտային և կրկնակի սուբդոմինանտային մաժորներն են՝ իրենց զուգահեռ մինորներով։ Մաժոր տոնայնությանը 2-րդ կարգի ազգակից են տոնիկայից մեծ սեկունդա վեր և վար մաժորները՝ իրենց զուգահեռ մինորներով, մինորի տոնայնությունը՝ տոնիկայից վեր և վար մինորները՝ իրենց զուգահեռ մաժորներով։

Երրորդ կարգի ազգակից տոնայնությունների խումբը միավորում է 8 տոնայնություն, հարմոնիկ ձայնակարգում ունեն միայն մեկ ընդհանուր եռահնչյուն և տարբերվում են բանալու 3–5 նշանով։ Մաժորի համար դրանք հետևյալներն են՝ տոնիկայից փոքր սեկունդա վեր մաժորը՝ իր զուգահեռ մինորով, փոքր տերցիա վեր մաժորը՝ իր զուգահեռ մինորով, նաև մեծ տերցիա վեր, փոքր սեկունդա վար, փոքր տերցիա վար և մեծ տերցիա վար մաժորները, մինորի համար՝ փոքր սեկունդա վար մինորը՝ իր զուգահեռ մաժորով, փոքր տերցիա վար մինորը՝ իր զուգահեռ մաժորով, մեծ տերցիա վար մինորը, փոքր սեկունդա վեր, փոքր տերցիա վեր և մեծ տերցիա վեր մինորները (օր.՝ a-moll-ին 3-րդ կարգի ազգակից են՝ gis-moll-H-dur, fis-moll-A-dur, f-moll, b-moll, c-moll, cis-moll):

Չորրորդ (հեռավոր) կարգի ազգակից տոնայնությունների խումբը միավորում է տոնիկաների բարդ ֆունկցիոնալ կապերի դեպքում թե՛ բնական, թե՛ հարմոնիկ ձայնակարգում ընդհանուր եռահնչյուն չունեցող 5 տոնայնություն (չհաշված էնհարմոնիկ փոխարինումները)։ Մաժորին 4-րդ կարգի ազգակից են՝ տոնիկայից եռատոն հեռավորության մաժորը՝ իր զուգահեռ մինորով, տոնիկական, սուբդոմինանտային և դոմինանտային տոնայնությունների համատերցիային մինորները, մինորին՝ եռատոն հեռավորության մինորը՝ իր զուգահեռ մաժորով, տոնիկական, սուբդոմինանտային և դոմինանտային տոնայնությունների համատերցիային մաժորները (օր.՝ a-moll-ին 4-րդ կարգի ազգակից են՝ dis-moll-Fis-dur, As-dur, Des-dur, Es-dur):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։